Լրահոս
Օրվա լրահոսը

Զուտ գաղափարական դրդապատճառներով

Հոկտեմբեր 25,1995 12:56

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվեց Արմեն Գրիգորյանի նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը։ Գրիգորյանի առաջին հարցաքննության տեսագրության բուռն քննարկումից եւ այդ տեսագրության սղագրության ճշգրտման վրա ծախսված մի ամբողջ օրից հետո, փաստաբանների խանդավառությունը զգալիորեն նվազեց, եւ նիստն անցնում էր չափազանց հանգիստ մթնոլորտում։ Միակ սուր պահը՝ գործի նյութերում փաստաթղթերի բացակայությունն էր, որոնք կապված էին Գրիգորյանի ձերբակալման եւ ԱԱՊՎ մեկուսարան տեղափոխելու հանգամանքների հետ։ Ամբաստանյալին երկար համոզելուց հետո հաջողվեց պարզել, որ նա ձերբակալվել էր ռուսաստանյան անվտանգության մարմինների կողմից՝ Գորկու մարզի Կստովո ֊քաղաքում, որից հետո տեղափոխվել էր Երեւան։ Կոլեգիան որոշեց պահանջել բացակայող փաստաթղթերը եւ կցել դրանք գործին։ Դրանով իսկ հարցը սպառվեց:

Հրապարակված արձանագրությունները դժգոհություն չառաջացրեցին պաշտպանության կողմից։ Այդ արձանագրություններից պարզ էր դառնում, որ Արմեն Գրիգորյանը 93-ի դեկտեմբերից «Դրո» կազմակերպության անդամ էր եւ մասնակցել էր Ներսիսյան ամուսինների ու Գագիկ Սահակյանի սպանությանը։ Հարցաքննությունների ժամանակ Գրիգորյանը պնդում էր, որ հանցագործություններն իրագործում էր բացառապես գաղափարական դրդապատճառներով՝ չէր կարող չկատարել իր ղեկավար Արմենակ Մնջոյանի հրահանգները։ Իր նվիրվածության համար նա ոչ մի պարգեւատրում չէր ստացել, եթե չհաշվենք 8 հազար դրամ ամսական աշխատավարձը, «Յամահա» մոտոցիկլը եւ ընկերներից մեկի խանութում ցածր գներով առեւտուր անելու հնարավորությունը։

Խոստովանումների կուռ շղթայից դուրս է մնում միայն վերջին, ապրիլի 17-ի հարցաքննության արձանագրությունը, որտեղ Գրիգորյանը հրաժարվում է իր բոլոր նախկին ցուցմունքներից եւ չի ընդունում իր մեղքը:Սակայն պարզել, թե ինչով է պայմանավորված այդ կտրուկ փոփոխությունը, ինչպես նաեւ ստանալ այլ խրթին հարցերի պատասխանը, դատարանը երեկ չկարողացավ։ Արմեն Գրիգորյանը հրաժարվեց իր ցուցմունքների նախկին արձանագրությունների քննարկումից։

Այսօր ցուցմունք տալու հերթը Արա Հարմանդարյանինն է։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031