Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի մաֆիան անմահ է

Հոկտեմբեր 25,1995 11:48

Թվում էր, որ հացի գների արձակման եւ չարաբաստիկ կտրոնների վերացմանը զուգահեռ, հացամթերքների դեֆիցիտն ամբողջությամբ կվերանա թեկուզ այն պատճառով, որ հաց թխելը եկամտաբեր գործ պետք է դառնա ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հացթուխների համար։ Բացի այդ, նման քայլը պետք է որ կրճատեր, այսպես կոչված, հացի մաֆիայի ազդեցության ոլորտը, քանի որ վերջինս գումարներ էր «շփում» ալյուրի բարձր եւ հացի ցածր (լրավճարների հետեւանքով) գների միջեւ: Մի խոսքով, նույնիսկ հաց վերավաճառողները մետրոյի կանգառների մոտ հավաքված տատիկները, որոնք իրենց փոքր բիզնեսն էին անում, կարող էին մնալ առանց հացի կտորի՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով։

Ժամանակը ցույց տվեց, որ դա տեղի չունեցավ։ Ավելին, գործնականում երեւանցիների մեծ մասը գերադասում է հացն առնել հենց նշված տատիկներից, քանի որ խանութներում պետական հաց, որպես օրենք, չես ճարի, իսկ եթե նույնիսկ հանդիպես, պետք է բավականին երկար հերթ կանգնես՝ կարոտախտով հիշելով ոչ վաղ անցյալը։ Ինչ վերաբերում է մասնավոր հացին, ապա այն թեեւ որակյալ է, այնուամենայնիվ, ավելի թանկ է նույնիսկ տատիկների կողմից վերավաճառվող պետականից։ Ընդ որում, բոլորը միաձայն նշում են, որ խանութներ առաքվող հացի առյուծի բաժինը նույն պահին, գնորդների աչքի առաջ, տեղափոխվում է վերավաճառողների պայուսակները։

Այստեղից կարելի է ենթադրել, որ առեւտրական կետերում հացի դեֆիցիտը արհեստականորեն խթանվում է հենց այդ բնագավառում աշխատողների կողմից, քանի որ հենց նրանք են տալիս արտադրողին պահանջվող ապրանքի հայտերը։ Բնական է, որ հացի առատությունը խանութներում մեծապես կխանգարի հացի փողոցային առեւտրականներին եւ նրանց հովանավորներին։ Ավաղ, հացի մաֆիան «անկտրոն» վիճակում ծաղկում է ավելի շատ, քան առաջներում: Առաջին հերթին, դա վերաբերում է պետական արտադրողին եւ մատակարարողին, որն այս գործում անվիճելի մենաշնորհ ունի։ Չնայած լավատեսական կանխատեսումներին, մասնավոր հաց արտադրողներն այդպես էչ չկարողացան նրանց հետ լուրջ մրցակցության մեջ մտնել։

Արդարության համար ասենք, որ հաց, այնուամենայնիվ, կա եւ այդ հանգամանքը ստիպում է մեզ առանձնապես չբողոքել նոր համակարգից։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ այդ համակարգը դեռեւս չի աշխատում շուկայական կանոններով։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031