Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրողների պարտքը

Հոկտեմբեր 24,1995 17:31

Հայաստանի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության պատվիրակության 11 անդամները մեկնել էին Մարտակերտ՝ իմանալու, ինչու չէ, նաեւ որպես յուրահատուկ «հանձնաժողով» ստուգելու, թե ինչպես են վերաբնակեցվում, նոր կյանք առնում այն գյուղերը, որոնց պաշտպանության եւ ազատագրման համար կռվեցին ու զոհվեցին իրենց որդիներն ու ամուսինները։

«Կալեր» կոչվող թաղամասով մտնում ենք Մարտակերտ: Ճանապարհի երկու կողմերում ծառերը ծանրաբեռնված են՝ կարմիր նուռ, սեւ ու սպիտակ խաղող, դեղին արքայախնձոր։ Ես հիշում եմ, առաջ այգիները ցանկապատներ ու կողպած դարպասներ ունեին, հավքն էլ մուտք չուներ այնտեղ։ Հիմա ցանկապատ ու դարպաս ավերված են եւ պտուղները «գողացող» երեխաներ չկան: Նույն տեսարաններն են շրջկենտրոնի թիվ 1 դպրոցի շուրջը, ու նաեւ Մոխրաթաղ գյուղում:

– Մտեք, համտես արեք-տեղացու իրավունքով առաջարկում է Լաուրա Աբրահամյանը:

– Տերերից թույլտվություն վերցնենք:

– Տեր չկա:

Լաուրան հիշում է Րաֆֆուն. «Ծխում է Արտաշատը, ծխում է Դվինը, ծխում է Էջմիածինը… չկա միայն մարդը»։

Իհարկե, այստեղ Րաֆֆու նկարագրածի նման չէ, մարդիկ եկել են, կան, բայց քիչ են, դպրոցները գործում են, սակայն աշակերտների քանակը նախապատերազմականի կեսին էլ չի հասնում: Ուսուցիչների զգալի մասը դեռեւս փախստական է:

– Մենք հաշվի չենք առնում, թե ով ինչ հանգամանքներում է թողել հայրենիքը,- ասում է ժողկրթության, մշակույթի եւ սպորտի Մարտակերտի շրջանային բաժնի վարիչի տեղակալ Յուրի Եդիգարյանը,- չենք դատում մեղավորին ու արդարին, բոլորին հրավիրում ենք ազատագրված հայրենիք։ Մեզ հավատ է ներշնչում այն, որ անցած ուսումնական տարին շրջանի դպրոցներն սկսել են 2000 աշակերտով, իսկ ընթացիկ ուստարին՝ 3000-ով։ Այդ թիվը գնալով աճում է: Այժմ շրջանում գործում է 39 դպրոց, բայց դասագրքեր չկան, գրադարանները դատարկ են, թշնամու թալանն ու հրդեհը առաջին հերթին գրքային է եղել։

– Եթե դպրոցը չգործի, մարդիկ ոչ միայն չեն վերադառնա, այլեւ եկածներն էլ ետ կգնան,- ասում է Հայաստանի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության նախագահ Սարսել Վարդանյանը,- դրա համար էլ, թեեւ խրված ենք զոհվածների ընտանիքների բազում հոգսերի մեջ, բայց մեկուկես միլիոն դրամի գեղարվեստական գրքեր ու գրենական պիտույքներ ենք բերել ոչ միայն զոհվածների երեխաների, այլեւ բոլոր դպրոցականների համար։

– Դասագիրք չկա,- շարունակում է Յուրի Եդիգարյանը,- եղած նոր «դասագիրք» կոչվածները ոչ թե ուղղություն են տալիս ուսուցչին, այլ շփոթեցնում են։ Իսկական դասագիրք է պետք, թեկուզ հին։ Զոհվածների ընտանիքները բոլորիս ցավն են, նրանց պետք է նեցուկ կանգնենք ազգովին։ Բայց ես շատ հուզվեցի, երբ լսեցի, որ զոհվածների ընտանիքները օգնություն են բերել։ Գուցե՞ դրանով ուզում են օրինակ ծառայել մյուս ընտանիքներին։

Միության պատվիրակությունը այստեղ է եկել հույս ու հավատ ներշնչելու, զոհվածների աննկուն կամքը ապրողներին փոխանցելու համար։

– Իմ որդու հիշատակը ինձ պարտավորեցնում է, որ արթուն հսկեմ իր ազատագրված Արցախը,- ասում զոհվածի մայր տիկին Արմիկը։- Ես այլեւս կորցնելու ոչինչ չունեմ։ Հիմա հերթը դիվանագետներին է, եթե ինչպես հարկն է նրանք տեր չկանգնեն մեր որդիների ձեռք բերածին, ինքս զենք կվերցնեմ։

Պատվիրակության այցը այսպես է ամփոփում Միության նախագահ Մարսել Վարդանյանը.

– Մեր որդիները զոհվել են Արցախի համար, եւ որպեսզի ապարդյուն չանցնի նրանց թափած արյունը, պետք է հզորացնել ազատագրված Արցախը, դատարկված գյուղերը վերաբնակեցնել, պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի եւ երեխաների ուսման համար։

Մավր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Մարտակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031