Ո՛չ, ո՛չ անմեկնելի չէ այն քարեղեն խորհուրդը, որ այլեւս Վարդան Բախշյան է կոչվում։ Ե՛վ թիկունքն է Արարատին տվել, ե՛վ կրծքով Մասիսն է պաշտպանում։ Հայացքը հորիզոններ է զավթել, սպասումն է ծովացել աչքերում։ Ե՛վ խստադեմ է, ե՛ւ խրոխտ, ինչպես իմացյալ մահվամբ նահատակվածին է վայել։ Այսպես է նրան տեսել վարպետը, այսպես է նրան կերտել վարպետը, քարի մեջ մարդկային ոգի է դրել, դեմքի մեջ՝ քարեղեն կամք ու տոկունություն…
Սա արարում է առ հավերժը, որ դեռեւս երկար պատմության բավիղներն է տրորելու, սա կյանք է պատմությանը ուղղված, որ հենց իրենով էլ թանձրացնելու է կյանքի ու պատմության միջեւ գոյություն ունեցող հավերժական առեղծվածը եւ վերջապես, սա, ամեն ինչից առաջ եւ ամեն ինչից հետո Վարդան Բախշյանն է, մեր ժամանակակիցը, շատերիս ընկերն ու մտերիմը, որ նոր-նոր 30-ը բոլորած պետք է լիներ…
Կա այսօր նորից Վարդանը, ու նորից իր նյութեղեն տեսքով ներկա՝ հարազատ դպրոցի բակում, որն այլեւս Վարդան Բախշյան նվիրական անունով է կոչվում։ Դպրոց, քաղաք Արմավիր՝ նախկին ՝ Հոկտեմբերյանի թիվ 2-ը։ Աշուն, օրը շաբաթ, պատմության օրը՝ 21 հոկտեմբեր։ Ավարտված հիմնարկեք։ Մոր դողդոջուն ձեռքեր եւ արձանն է բացվում։ Քարեղեն անուն տանք վերադարձին, թե մեկ այլ անվանում հորինենք, այլեւս ոչինչ չենք փոխի։ Գուցե թե միակ կարեւորը արժանավորության քննությանը դիմանալն էր։ Այս դեպքում է միայն, որ մայրական համբույրը սառը քարին դառնում է խոնարհում առ հերոսը, այս դեպքում է միայն, որ հպարտության զգացումի առջեւ կուչ է գալիս սուգը։ Ո՛չ՝ սա մահարձան չէ, սա նույնիսկ հուշարձան չէ, այս մեկը մարդարձան է, որ քարե շուրթերով երգում է՝ քաջեր միշտ էլ կան…. որ նամակներ է գրում առ սերունդները գալիք. «Մահվան սպառնալիքը, որը հաղթահարել էի, չէր վհատեցնում… Ա՛խ իմ ֆիդայությունը՝ խոնավ գիշերներ, պահակություն, հոգնատանջ վերելքներ գյուղերի շուրջ, հսկում, որ ելուզակը չպղծի մեր հողը… Սառը երկաթե ընկերս, որ միշտ մոտս է… Այստեղից, այս բարձունքից Հայաստանի լույսերն են երեւում»։
Այո՛, սա մարդարձան է, որով ազատամարտիկ Վարդան Բախշյանի չապրած օրերն են ավարտվում ու սկիզբ է առնում հավերժի խորքերը գնալու տարեգրությունը։ Առաջադրանք, որի ուղեկիցները, առաջին հերթին, իր անունը կրող դպրոցի սաներն են լինելու եւ ո՜վ գիտե, գուցե նրանց մեջ է այն խորհուրդը վերծանելու կոչված բանաստեղծն ու պատմաբանը, թե ինչու էր Վարդանը գրությունների տակ Մասիսներով մակագրում…
Կարդացեք նաև
Կանցնեն տարիներ, Արցախյան հերոսամարտի մասին դեռեւս շատ բան կասվի, Վարդանի, Մոնթեի, Պետոյի … մասին գրքեր ու շարադրություններ կգրվեն, կլինեն բաներ, որ կմոռացվեն, իսկ այս մեկը, «Վարդան Բախշյան» բազալտակուո շարադրանքը կմնա։ Այստեղ ոչ մի բան չի մոռացվի։ Այս մեկի հեղինակը վարպետ է՝ անունը Լեւոն Թոքմաջյան, որ անցյալ տարի այս օրերին Արցախում Մոնթե Մելքոնյան մարդարձանն էր կերտում։ Վարպետը, իհարկե, կախարդ չէ, արձանները լեզու չեն առնելու, բայց վարպետը նրանով է վարպետ, որ արձանների խոսքը դեպի դարերը տանի, որ միջնորդ դառնա հերոսների ու սերունդների երկխոսությանը։ Իսկ Վարդան զինվորն ու Մոնթե հրամանատարը սերունդներին պատգամներ ունեն տալու։ Ուրեմն նրանք գնալու են դարերը…
Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ