Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարսը» գալիս է

Հոկտեմբեր 24,1995 12:41

Կիսաբարձր հասարակության լրատվության «ամենանշանակալի երեւույթը» անցած շաբաթ եղավ երեւանցիների բնակարաններում… կիսալուսավորվածության- կիսախավարի իրավիճակի պահպանումը, քանի որ էլեկտրաէներգիա բնակիչներին մատակարարվում է հիմնականում գիշերը։ Այսպիսով, հայերը ստիպված են ընդօրինակել հավատացյալ մուսուլմանների փորձը։ Այսինքն՝ ցերեկը հանգստանա, իսկ աշխուժանալ եւ սնունդ պատրաստել՝ գիշերը։ Եվ եթե վերջիններս «գիշերային գրաֆիկի» են անցնում տարեկան միայն մեկ ամիս՝ «Ռամազանի» ժամանակ, ապա Հայաստանի քաղաքացիները՝ 11 ամիս: Դատելով անցած տարիների փորձից, առատ լույս քաղաքացիներին սպասվում է ամանորյա տոնակատարություններից ոչ շուտ, բայց այս դեպքում եւս ստացվում է հակառակը՝ տոնական գիշերը ողջ քաղաքակիրթ աշխարհը մարում է լույսը եւ վառում է մոմերը, իսկ Հայաստանում վերջապես մարում են արդեն զզվեցրած մոմերը եւ վառում են ջահերը:

Ստորեւ շարադրվող միտքը առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց Հայաստանի էներգաապահովման հարցերի լուծման վրա, հավանաբար, ազգում են (եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ձեւով) Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները։ Տեղի քաղաքագետների եւ լրագրողների կատարած վերջին հարցումներից պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախընտրական ամենահեղինակավոր միավորումը կոմունիստական կուսակցությունն է։ Կոմունիստներն արդեն հաղթել են Վոլգոգրադի եւ Նովոսիբիրսկի քաղաքային դումաների ընտրություններում: Այս առիթով կոմկուսի լիդեր Գենադի Զյուգանովը վերջերս հայտարարել է իր այն համոզվածության մասին, որ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ ժողովի պատգամավորական մանդատների մեծ մասը կստանա իր կուսակցությունը:

Հարց է ծագում, իսկ սա կոնկրետ ի՞նչ կապ ունի խավարի մեջ թաղված Հայաստանի հետ։ Բանն այն է, որ կոմունիստները պայքարում են ԽՍՀՄ վերածնման համար եւ լիովին հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նրանք իրականացնեն նոր «ԳՈԷԼՌՈՅԻ» նախագիծը (եթե, իհարկե, գան իշխանության): Շարունակելով երազել այդ ձեւով, կարելի է մտովի պատկերացնել, թե ինչպես են էլեկտրահոսանքները ողողում հայկական լեռնաշխարհը, եւ այստեղ դառնում է լուսավո՛ր, լուսավո՛ր, այնպես, ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին հանելուկային ձեւով անհետացած «Սաթե սենյակում», որի հետքը Գերմանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, վերջապես գտել են այդ երկրի կոմպետենտ օրգանները։ Ո՞վ կստանա դրամական խոշոր պարգեւատրումը, որը խոստացվել է դեռեւս շատ տարիներ առաջ «Սաթե սենյակը» գտնելու համար, ներքին գործերի      նախարարությունը պետք է հայտարարի ընթացիկ շաբաթում։ Իսկ ահա «Սաթե սենյակի» օրինական տերը՝ ռուսական կողմը այդ սենսացիոն հայտարարությանը վերաբերվեց բավականին թերահավատորեն։ Մոսկվացի մասնագետների կարծիքով, «Սաթե սենյակի» պարունակությունը, կես դարից ավելի գտնվելով ոչ անհրաժեշտ ռեժիմի պայմաններում, հավանաբար, արդեն պիտանի չէ:

Երկու կարծիք լինել չի կարող՝ կարգուկանոն հաստատել է պետք, բայց ամե՛ն ինչում եւ բոլորի համար։ Հատկապես, երբ երեւանցիները օրերս պիտի ընդունեն երկու թանկ հյուրերի՝ երգիչ-հայրենակից Ֆիլիպ Կիրկորովին եւ «հայոց հարս» Ալլա Պուգաչովային։ Նրանցից հետո Հայաստանի մայրաքաղաք կայցելի Իրինա Ալլեգրովան (ծննդյամբ՝ Սարգսյան): Այս օրերին Երեւան կգան նաեւ ֆրանսիացի հյուրեր։ Փարիզից եկած վիրաբույժները հայ կոլեգաների հետ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում կկատարեն լեղապարկի հիվանդություններով տառապող հիվանդների վիրահատություններ՝ առանց կտրելու մեթոդով: Նոր խոսքը բժշկության մեջ, մասնագետների կարծիքով, պետք է որ արդյունավետ ծառայի Հայաստանի քաղաքացիների առողջությանը, որը նրանք չունեն, հատկապես, վերջին տարիներին, այնպես, ինչպես լույսը, որից սկսվեց մեր այս հրապարակումը։֊

Փոխադարձ փոխարինելիության զարմանալի եւ գովելի օրինակ ցուցաբերեցին «Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին եւ ներկա աշխատակիցները: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Գերմանիա գործուղում մեկնած խմբագրի պաշտոնակատար Մեսրոպ Հարությունյանին նրա բացակայության ժամանակ փոխարինելու է թերթի նախկին խմբագիր, իսկ այժմ Տեղեկատվության փոխնախարար Այդին Մորիկյանը։

Կիսաբարձրացավ Լեոնիդ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031