Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինը պերճանքի առարկա

Հոկտեմբեր 24,1995 10:32

Այդպես է կարծում Ազգային ժողովը

Հոկտեմբերի 23-ի նիստը բուռն քննարկումների եւ կարծիքների բախման առումով խորհրդարանական պայքարի օրինակ էր։ Կիզակետում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծն էր։ Առաջարկվող վերասրբագրումները խիստ լուրջ բնույթի էին։ Ակցիզային հարկի ենթակա ապրանքների շարքում՝ որպես պերճանքի հայտնի առարկաներ կամ ուտեստներ՝ ոգելից խմիչքներ, խավիար, ծխախոտ, մորթեղեն, բյուրեղապակի եւ ճենապակի…, հայտնվել էին մարդատար ավտոմեքենաները (ֆինանսների նախարարը ավտոմեքենան համարեց

գերբարեկեցիկ լինելու չափանիշ), հեղուկ գազը եւ բենզինը։ Լեւոն Բարխուդարյանը, ինչպես եւ հարակից զեկուցող Արմեն Եղիազարյանը առավելագույնս ջանացին ներկայացնել տվյալ նախագծի փրկչական առաքելությունը՝ տնտեսագիտական, քաղաքական եւ ընկերային կտրվածքներով։ Հայաստանի բյուջեն մեծ ճեղքվածքներ ունի, այն փակելու հնարավորությունը ակցիզային հարկերի դրույքաչափերի

փոփոխությունն է։ Դրանց ընդլայնումը թույլ կտա բավարարելու անապահով խավերի կարիքները։ 1996թ., ըստ կառավարության կանխատեսումների, մեր բյուջե մուտք կգործի մոտ 3000 մլն դրամ։ Բնականաբար, նշված ապրանքատեսակների հարկումը կհանգեցնի գների աճի, կառավարության համոզմամբ, սակայն, ակնկալվող աճը կկանխարգելվի մեր ազատական համակարգի շնորհիվ՝ «առաջարկ-պահանջարկ» հարաբերակցությամբ, գնորդների վճարունակությամբ։

Պրն Բարխուդարյանը հավաստեց՝ գների աճը չի գերանզանցի 20-25 տոկոսը, իսկ բենզինի եւ հեղուկ գազի դեպքում՝ 15-20 տոկոսը։ Այս ոչ այնքան խանդավառ թվերին զուգահեռ՝ կառավարությունը խոստանում է թոշակների, բյուջետային հիմնարկների աշխատավարձերի, նպաստների 60 տոկոսանոց բարձրացում։ Բերվեցին զգաստացնող թվեր. բենզին եւ գազ վաճառողները 100 տոկոսանոց գերշահույթներ են ստանում, բացակայում է վերահսկողությունը, ուստի եկամուտների վերաբաշխումն անխուսափելի է:

Պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների ելույթներում անմիջապես հստակ դարձավ հզոր ընդդիմությունը, որի հիմքում երեք գործոններ էին. ա) միջին խավի շահերի պաշտպանություն, հասարակությունը երկու բանակներից չի կազմված՝ հարուստներ-թշվառներ, միջին խավը հիմքն է պետության բարգավաճման, բ) ակցիզային հարկը չի կարելի բաժանել պետության ընդհանուր տնտեսական, հարկային քաղաքականությունից, գ) խաղի կանոնները փոխելիս անհրաժեշտ է ժամկետների հստակ որոշում։ Նորակազմ «Բարեփոխումներ» խմբին զուգահեռ՝ ակտիվություն ցուցաբերեցին ՀԿԿ եւ ԱԺՄ, «Շամիրամ» խմբակցությունները։ Սեյրան Ավագյանը փաստեց Հայաստանում ստվերային տնտեսության գոյությունը՝ «խոր փոր»՝ ֆինանսական նախարարի պնդումները բնորոշելով «միամիտ» բառով: Այս օրենքը հարվածելու է միջին խավի այն գործարարներին, որոնք դժվարին պայմաններում կարողանում են ինչ-որ բան ներկրել Հայաստան։ Հանցավոր հարաբերություններ են իշխում մեզանում, իսկ տնտեսագիտական հասկացություններն անգամ կառավարությունում հստակ ձեւակերպում չունեն։ Առանց պատճառները վեր հանելու՝ անհեթեթ է հետեւանքների մասին ճառելը. «Պարոնա՛յք, ջուրը

եկել ջրաղացն է տարել, դուք չախչախի մասին ենք ասում»։ Դավիթ Վարդանյանը մի անգամ եւս հավաստեց ԱԺՄ-ի դիտորդական կարգավիճակը՝ արձանագրել եւ ոչ մասնակցել։ Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերություններ չկան, կա խմբավորումների պայքար, վերջիններս արմունկներով, ոտքերով մարտնչում են՝ հանուն լծակների։ Վարչապետը, որը, հարկավ, անդամը չէ բենզինի եւ հեղուկ գազի ներմուծումը Հայաստան տնօրինող խմբավորման, ամբոխավարական պայքար է հայտարարել մաֆիային։ Ճենապակին եւ խավիարը ընդամենը իրական նպատակի քողարկման միջոց են։

Արտաշես Թումանյանը նմանապես նշեց, որ այս օրենքի հիմքում քաղաքական ուժերի հարաբերակցության խնդիրն է: Կայացած երկրներում 25, 50, 75 տոկոսով հարկային թռիչքները բացառվում են, բայց մենք չկայացած ենք, ուստի եւ ամեն ինչ թույլատրելի է։ Թեպետ խաղի կանոնները չի կարելի մի հարվածով փոխել։ Պատգամավորները շատ բանի մասին գիտեն, սակայն խոսել ոչ միշտ է հնարավոր, ապացուցման, վկաների կարիք կլինի։ Ստվերային տնտեսության թաքնված շահույթների վերաբաշխման անվան տակ միջին խավի գործարարների շահերն են ոտնահարվում: «Բարեփոխումներ» խումբը անմիջապես ձերբազատվեց անձնային մակարդակից՝ հավաստելով իր տնտեսական անհանգստությունը։ Նրանք գործնական առաջարկ կատարեցին՝ բենզինի 25 տոկոսանոց դրույքաչափը նվազեցնել, մինչեւ 10 տոկոս, մարդատար ավտոմեքենաներինը՝ 15, գազը՝ 0: «Շամիրամ» խմբակցության անունից Շողեր Մաթեւոսյանը ակցիզը կոչեց շքեղության հարկ։ Պետությունը ժողովրդին չի պահում, կամ վատ է պահում, հետեւաբար բնակչությունը հարկադրված է անձամբ հոգալու իր կարիքները, ինչո՞ւ լրացուցիչ հարվածել նրան, ավտոմեքենան ամենեւին պերճանքի առարկա չէ, ինչպես եւ բենզինն ու անվադողերը։ Միջազգային փորձի վկայակոչումը եւս անհարիր է, որովհետեւ մեր եւ նրանց կենսամակարդակները անհամատեղելի են: Առաջարկները գործնական էին. բենզինը՝ 5-10 տոկոս, գազը՝ 0, օրենքի կիրարկման ժամկետը հետաձգել:

Կտրիճ Սարդարյանը գաղափարական դիրքերից քննադատեց այս փոփոխությունները, պատկերավոր օրինակի հիմքում խաշն էր։ Կառավարության տրամաբանությամբ խաշի վրա եւս կարելի է ակցիզային հարկ դնել, բայց արդյունքը եւ երաշխիքները խիստ հեղհեղուկ են, բյուջեի ճեղքվածքը ակցիզային դրույքաչափերով չի փակվելու: ՀՀՇ խմբակցության առաջնորդը հայտնեց, որ նախնական համաձայնություն կար բենզինը շրջանցելու, այսինքն՝ դրա ներառումը օրենքում կամ թյուրիմացություն է, կամ միտում…

Լ. Բարխուդարյանը, որպես եզրափակում, առաջարկեց փոխզիջումային տարբերակ, ա) հեղուկ գազին վերաբերող տողը հանել, բ) մարդատար ավտոմեքենաների դրույքաչափը իջեցնել 15 տոկոս, գ) բենզինի ակցիզային հարկը տարածել բոլոր հիմնարկների, կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների վրա՝ անկախ ներմուծման վայրից, դ) որոշման կիրարկումը սկսել 1995 թվականի դեկտեմբերի 1-ից։ Քննարկումների թեժ պահին հայտնվեց վարչապետը, որն էլ ելույթ ունեցավ ՀՀՇ խմբակցության 10 րոպեանոց խորհրդակցությանը։ 16.30 անվանական քվեարկությամբ Ազգային ժողովը ընդունեց այս փոփոխությունները՝ 95 կողմ, 53 դեմ, 17 ձեռնպահ։ Թվերն ինքնին խոսուն են. խորհրդարանական առաջին որոշումը, որն այդքան մեծաքանակ դեմ ձայներ հավաքեց։ Տնտեսական ընդդիմությունն ուժ է հավաքում քաղաքական շեշտադրմամբ։ Արմեն Մարտիրոսյանի հետագա ռեյտինգային քվեարկության առաջարկը մերժվեց, փառք ու պատիվ անցնողներին։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031