Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն ալան-թալանի

Հոկտեմբեր 21,1995 14:55

Որ աշխարհում եղել ու կմնա մի Ռոքուէլ Քենտ, դա փաստ է։ Որ եղել է, դա փաստ է, որ կմնա, դա դեռ փաստ չէ։ Բայց փաստ է, որ նա եղել է Հայաստանում ու մեր աչքերով նայած՝ չտեսի նման հիացել է մեր աշխարհով։ Նրա խոսքը տարածված է Հայաստանում, իհարկե, հայերեն։ Մեծ նկարիչն ասել է «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»։ Ես չգիտեմ՝ նա հայերեն է ասել, թե անգլերեն կամ մեկ ուրիշ լեզվով, բայց մեզանում, որքան էլ զարմանալի է, տարածված է հայերեն տարբերակը։ Իհարկե, մեծ նկարիչը դրանով չի բավարարվել, նաեւ ասել է, որ եթե իրեն հարցնեն, թե ո՞րն է աշխարհի ամենահրաշքներով լի երկիրը, ապա ինքը ցույց կտա Հայաստանը։ Իհարկե, այսքան բան ասողը էլի շատ բաներ ասած կլինի մեր երկրի մասին, մտքում էլ ասած կլինի, անշուշտ, բայց ամենակարեւորն էն է, որ ասել է՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Թող մեր արվեստաբանները, բանասերները փորձեն գտնել մեծ նկարչի ձեռագիր կամ ձայնային վկայությունը, հասցնեն նաեւ Ամերիկա, ասեն, որ տեսեք, լսեք, ձեր նկարիչն է մեր մասին ասել՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ… Հավատում եմ, որ այն ժամանակ Ամերիկան մեզ ավելի լավ կճանաչի եւ, անշուշտ, կավելացնի հումանիտար կաթնափոշիլոբիական հայաստանյան օգնության պայոկը կամ պորցին։ Իսկ մինչ այդ ասենք, որ բաց երկնքի տակ գտնվող թանգարան-Հայաստանը կամ Հայաստան-թանգարանը դարձել է բաց երկնքի տակ գտնվող թալանվող Հայաստան, որն, իհարկե, չի , կարող զարմացնել ոչ մեկին ու այդ ոչ մեկը, թեկուզ լինի մեզ համար աշխարհահռչակ Ռոքուէլ Քենտ, չի գրի, չի ասի, թե Հայաստանը թալան է բաց երկնքի տակ։ Մնում է սնվենք ու բավարարվենք մեզ անչափ դուր եկած խոսքով, թեկուզ այդ խոսքի հեղինակն ուրիշը չլինի, այլ մենք հնարած լինենք ու վերագրած ուրիշի։ Կարեւորը ասած ու տեղ գտած խոսքն է՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։

Բա ո՛նց… Ուր թալանում են մերոնք եւ այլերը (վերջին խոսքը Թումանյանի բերանով ասել է Թումանյանի «Հառաչանքի» ծերունին):

Վասն ճանաչման եւ մետաղի

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի օրեր են անցկացվում Երեւանում (ասենք՝ Հայաստանի Հանրապետությունում): Անշուշտ, դա ոչ միայն լավ է, այլ շատ ու շատ լավ է։ Դարերով հարեւաններ ենք ու մեր անկախության, ազատության շնորհիվ է, որ երկու երկիր իրար դեմ ոչ միայն դուռ ու պատուհան են բացում, այլ նաեւ սիրտ ու հոգի։ Այդպես է կամ՝ բռնած գործը, բացված ճանապարհը, կամուրջը տանում են դրան։ Դա ողջունելի է։ Կարգին հարեւան չունեցող մարդն ինչ է, որ երկիրն ինչ լինի։ Այո, ղայիմ բռնելու եւ բաց չթողնելու առողջ քաղաքականություն է հարկավոր… Բայց, ինչ էլ լինի, մարդ միշտ մտածում է իր օգուտի, ասել է՝ շահի, նաեւ փոխադարձ շահի մասին։ Իրանցիները համ շահ ունեին, համ էլ շահ է։ Հիմա շահ է, որ մշակույթի օրեր են մեր աշխարհում, իրոք մշակույթ ունեցող երկրի մշակույթի օրեր իրոք մշակույթ ունեցող երկրում։ Մեր մշակույթի գործիչներին վաղուց արդեն մոռացած մեր ղեկավարներն ասես այս օրերին բան ու գործ չունեն, մտահոգված են մի հարցով, որ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի օրերի առթիվ Հայաստանում գտնվող հյուրերը ծանոթանան մեր արժեքներին։ Անկեղծ ասած, ես երբեք չեմ կասկածել, որ ղեկավարները նույնպես անկեղծ են։ Բայց այս անգամ կասկածեցի, բոլոր ղեկավարները միամտորեն հավատարմագրվել են մի գաղափարի. անենք-չանենք, մեր արժեքները ներկայացնենք, ծանոթացնենք մեր հարեւանին։ Իհարկե, եթե լավ հյուր ես ընդունել, եթե վստահում ես նրան, սրտիդ նման քո քունջուպուճախին էլ ծանոթացրու։ Բայց անընդհատ մի կրկնեք՝ արժե՛ք, արժե՜ք, ազգայի՛ն արժեք, մե՛նք, մեր արժեքները… Մի ասեք, աննման, թանկագին, սիրելի, շատ սիրելի ղեկավար այրեր։ Մեր հարեւան պարսիկները, որ հին անունով Փարս ու Փերշիա են ճանաչվել, իրենց 1.648.195 կիլոմետր տարածությամբ, իրենց գետերով, իրենց լեռներով, իրենց ամեն մի մարդով շատ շուտ են ճանաչել մեր արժեքները ու զօր ու գիշեր կրած տանում են։ Տանում են այն ամենը, ինչը լրիվ մետաղ է։ Տանում են սեփականաշնորհված տրակտորներ, գյուղգործիքներ, տանում են երկաթգծեր, խողովակներ։ Բանը հասել է Սեւանի էն խողովակներին, որ պիտի… է՛… Այնպես վրա տված են տանում, որ թվում է, թե Իրանը մեր պահեստն է, տանում են, տանում ենք այնտեղ պահեստավորելու։ Վօրբաց շաշի նման տալիս ենք մեր մետաղը՝ շատ բան մտահան անելով։ Ասում են՝ ժամանակին, լուսահոգի Թաթարյանի ժամանակ Իտալիայից գազատար խողովակներ ենք բերել Հայաստան։ Տվել ենք, ավելի ճիշտ՝ որոշ ու որոշակի մարդիկ ծախել են Իրանին, իբր տոննան 30 դոլարով, հիմա, էլի են ասում, մեզ մի քիչ անհրաժեշտ է, դիմում ենք Իրանին, որ գոնե 250 դոլարով տան, չեն տալիս, ասում են՝ հո մենք շաշ չենք, ա՛ռ հա ձեզ…

Նույն արճճից են ձուլվում, իմացիր, գնդակն ու տառը… Երբ խառն է դարը… Էսպես, կամ համարյա էսպես է ասել բանաստեղծը։ Իսկ մենք չենք ուզում տեսնել մեր վաղվա օրը։

… Մի կնիկ տեսա, ի՛նչ կնիկ, հուրի-մալաք ու փերի, ոչ ուտես, ոչ խմես, նրա ինչի՞ն նայես։ Ականջներով, քիթ-մռութով, մատներով, թելերով, փորքաշով զարդարված էր… մետաղով։ Էն էլ ի՞նչ մետաղ։ Ասի. «Տիկին, չես վախենում Պարսկաստան տանեն»։ Նայեց, ասաց. «Քո գլուխն էլ հողեմ, էստեղ, պարսիկի գլուխն էլ հողեմ էլի էստեղ»։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031