Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտիկ ու անծանոթ Պարսկաստանը

Հոկտեմբեր 21,1995 13:47

Երեւանում հաջողությամբ շարունակվում են Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի օրերը։ Հարյուրավոր երեւանցիներ են այցելում կամերային երաժշտության տուն, որտեղ գործում է ցուցահանդես-վաճառքը եւ որտեղ պարբերաբար կայանում են Իրանից  ժամանած երաժիշտների համերգները։

Շատերն այս օրերին հնարավորություն ստացան հաղորդակցվելու աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մշակույթին։ Տասնամյակների ընթացքում ստեղծված արհեստական օտարացման պատնեշը թույլ չէր տալիս հաղորդակից լինելու, մոտիկից շփվելու միմյանց։ Այնինչ մենք ազգային ինքնատիպությամբ հանդերձ, շատ ընդհանրություններ ունենք։ Արվեստը, մշակույթը, օտարացումը հաղթահարելու, միմյանց հասկանալու, բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում անփոխարինելի ոլորտ է։

Այսօր Հայաստանում առկա կարծիքը Իրանի հանդեպ ձեւավորվում է առավելապես առեւտրական տեսանկյունից։ Պարսկաստանը հայերի համար մինչ այժմ միայն տնտեսական գործընկեր էր, այն նույնացվում էր դեպի սահման շարժվող մետաղով բարձված բեռնատարների հետ։

Շնորհիվ այս միջոցառման կազմակերպիչների, մեզ համար բացվեց ծանոթության մի նոր էջ։

Պարսիկ երաժիշտներին հայ հանդիսատեսը դիմավորում է ծափերով, մեծ ոգեւորությամբ, որովհետեւ նրան հետաքրքիր ու հարազատ են արեւելյան մեղեդիները։ Տարբեր պատճառներով, տարիների ընթացքում հայկական մշակույթը եվրոպականացվել է՝ հաճախ արհեստականորեն։ Հայ կատարողներից շատերը ձգտում էին նմանակման, եւ եվրոպականացման միակ չափանիշը շատ դեպքերում համարվում էր ազգայինից հեռանալը։ Պարսկական մշակույթը գրեթե զերծ է մնացել օտար հոսանքների ազդեցությունից եւ որքան էլ զարմանալի թվա, չի կորցրել իր ժամանակակից հնչեղությունը։

Ցուցահանդեսում փակցված լուսանկարները փոխում են նաեւ մեր կարծիքը Իրանում տիրող սոցիալական-ընկերային կացության մասին։ Մեզանում սխալ պատկերացումներ են ձեւավորվել հասարակության մեջ կնոջ դերի մասին։ Չժխտելով կրոնական գործոնի դերը, նրա սահմանափակումները, պարզվում է սակայն, որ կանայք ունեն իրենց կայուն ու արժանապատիվ տեղը, աշխատում են արդյունաբերության ու տնտեսության ամենաարդիական ճյուղերում։

Մեծ աշխուժություն է տիրում Իրանից բերված արվեստի նմուշների վաճառքի բաժնում։ Չնայած իրենց բարձր գներին, որոնք շատերի համար մատչելի չեն, այնուհանդերձ, դրանք գտնում են իրենց գնորդին։

Քիչ կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ մուտքի համար վճարել պետք չէ, մեր օրերում սա կարեւոր գործոն է։ Այնպես որ, երեւանցիները այսօր հնարավորություն ունեն ճանաչելու ու հայտնաբերելու մեզ համար դեռեւս անծանոթ Պարսկաստանը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031