Ամբողջ օրը ցեխերի մեջ
Դուք գիտե՞ք, թե ինչ է մադրեսլինգը կամ, ավելի պարզ ասած, կանանց ըմբշամարտը ցեխերում: Ո՛չ, դուք չգիտեք, թե ինչ է դա: Եվ շատ լավ է, որ չգիտեք:
Նախաբան
Նստած ենք մարզահամերգային համալիրի հսկայական դահլիճում, ցեխի հսկայական ամբարի մոտ եւ սպասում ենք մրցամարտին։ Մի քանի տեղացի լրագրողներ եւ չգիտես որտեղից հայտնված «Նյու Յորք թայմսի» ֆոտոթղթակիցը։ Հարցնում ենք նրան, արդյո՞ք նման մի բան տեսել է իրենց մոտ՝ Ամերիկայում: Պարզվում է՝ ոչ նույնպես առաջին անգամ է ականատես լինելու՝ «նման բոլոր նորարարություններին մենք ծանոթանում ենք նախկին Խորհրդային Միությունում»։ Հավաքված հանդիսատեսները կրքոտ ողջունում են ասպարեզում հայտնվող ցանկացած կնոջ։ Ծափահարությունների տարափ… Բայց ոչ, դա մարտիկ չէր՝ «Սպիտակ շուշան» մականունով։ Նա ընդամենը 70-ամյա հավաքարար էր, որ հատակի փայտը ձեռքին անխռով անցնում է ամբարի մոտով: Մեր կողքին նստած կանայք վիճում են՝ արժե, արդյոք, դահլիճում թողնել երեխային։
– Ոչ,- պնդում է նրանցից մեկը,- կտեսնի ինչպես են մորը գլխով ցեխի մեջ թաթախում, լաց կլինի: Ավելի լավ է տար:
Ուշադիր նայում եմ կնոջ ծնկին նստած 3 տարեկան երեխային, պարզվում է՝ նեգր է: Մինչեւ մայրը պատրաստվում էր մարտին, երեխային թողել էր խնամքի տակ։ 3 տարեկան նեգրին տանում են։ Մարտը սկսվում է։
ՀԱՆԳՈՒՅՑ
Վարողը մեծ պաթոսով ներկայացնում է մարտիկներին. Յանան Սիբիրից, նույն ինքը «Վայրի կատուն», «Ուլրիկան» Ֆինլանդիայից, «Կլեոպատրան» Անգոլայից, «Նեղոսի թագուհին» Եգիպտոսից: Խաղահրապարակ են դուրս գալիս կարճահասակ, ամենեւին ոչ սպորտային կազմվածք ունեցող, հոգնած կանայք: Եվ սկսում է մրցամարտը, տիկնայք սկզբում ծուլորեն հրում են միմյանց, իսկ ընկնելուց հետո, նույնպես առանց խանդավառության, թավալ են տալիս կեղտի մեջ։ Ընդ որում, 1 րոպե անց արդեն անհնար է հասկանալ, թե ով է մարտիկներից նեգրուհի, իսկ ով՝ ֆիննուհի: Բոլորը ոտից գլուխ ցեխի մեջ են։ «Նյու Յորք թայմսի» գործընկերը առաջին իսկ մարտից հետո լքում է դահլիճը։
ԳԱԳԱԹՆԱԿԵՏ
Վարողը կանչում է հանդիսատեսներից նրանց, ովքեր ցանկանում են մրցել կանանց հետ։ Մեկ հայ տղամարդ՝ երկու մադրեսլինգի պրոֆեսիոնալ մարտիկների դեմ։ Դրույքաչափը՝ 400000 դրամ։ Պարզվում է, որ ցանկացողների թիվը կազմում է համարյա դահլիճի կեսը։ Կատարվում է վիճակահանություն։ Բախտը ժպտում է Գեւորգ Հովհաննիսյանին. 17-18 տարեկան մի լղարիկ տղայի: Բնականաբար, կանանց հետ ցեխերի մեջ թավալվելու ցանկություն ունեցողներից ոչ մեկի մոտ նման գումար չկա՝ գրավ դնելու համար: Մարտը հայտարարվում է ընկերական:
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
Մադրեսլինգի կանոններով, մարտը բաղկացած է 3 ռաունդից՝ յուրաքանչյուրը 4 րոպե։ Դժբախտ կանայք բարեխղճորեն էին աշխատում իրենց հացը, ցեխի մեջ թավալ տալով այնքան, մինչեւ որ մեկը մյուսի թիակները գետնին է կպցնում: Լղարիկ Գեւորգը 2 րոպեում հաղթեց պրոֆեսիոնալներին եւ բառի բուն իմաստով նրանց ցեխը կոխեց։ Ժողովուրդը կամաց-կամաց սկսեց լքել դահլիճը, չսպասելով եզրափակիչ մարտին, «այսօրվա չեմպիոնի» կոչման համար։ Նույնիսկ ամենաբութ հանդիսատեսին պարզ դարձավ, որ նրան խաբում են. այդ կանայք նույնքան առնչություն ունեն սպորտի հետ, որքան Առնոլդ Շվարցենեգերը՝ երկրաշարժերի կանխատեսման։
ՎԵՐՋԱԲԱՆ
Իհարկե, կարելի է բարոյախոսությամբ զբաղվել կամ կրկնել Նիկոլայ Օզերովի հայտնի արտահայտությունը, թե այդպիսի հոկեյ մեզ պետք չէ: Բայց իմաստ չկա: Շոուի կազմակերպիչները ակնհայտորեն թերագնահատել էին մեր ժողովրդի կուլտուրայի մակարդակը եւ մեծ վնասներ կրեցին։ Բազմահազարանոց հսկայական դահլիճ էին եկել ամենաշատը 200 հոգի: Նրանց կեսից ավելին 13-16 տարեկան դեռահասներ էին, ներկա էին նաեւ մի քանի տասնյակ գյուղական արտաքինով տղամարդիկ եւ զինվորական համազգեստով երիտասարդներ: Եվ դա լավ դաս էր «տեղական շոու-բիզնեսի գայլերին»։ Որքան էլ շատ է խոսվում կուլտուրայի մակարդակի անկման մասին, բարեբախտաբար, այդքան ցածր մենք դեռ չենք ընկել:
Վարդան ԱԼՈՅԱՆ
Հ.Գ.– Խմբագրությունը ստացել է «ցեխային ըմբշամարտի» լուսանկարները, սակայն, խնայելով ընթերցողի գեղագիտական ճաշակը, մենք դրանք չենք հրապարակում։