Ռամկավար– ազատական կուսակցության թնջուկը, որը սկզբնական շրջանում ծայր առավ վարչության մակարդակով, բնականաբար, որոշակի ցնցումներ առաջացրեց ինչպես զուտ կուսակցական, այնպես էլ մերձկուսակցական կառույցներում։ Մասնավորապես, «Թեքեյան» մշակութային ընկերությունը, որն 1990 թվականիս գործում էր ՀՌԱԿ-ի հովանու տակ, այժմ ապրում է նույն կրքերով, որոնք առիթ դարձան հայրենի ռամկավար–ազատականների պառակտման։
Այստեղ, սակայն, գործընթացը գնում է, պայմանականորեն ասած, հակառակ ուղղությամբ։ Սեպտեմբերի 13-ին «Թեքեյան» ընկերության խորհուրդը, ձայների մեծամասնությամբ, որոշում ընդունեց իր մի քանի անդամի վտարման մասին։ Նրանց թվում էին հենց այն գործիչները, ովքեր քաղաքական մակարդակում ՀՌԱԿ ատենապետ Միրզախանյանի
համակիրներն էին։ Վտարվածների ցուցակում հայտնվեց նաեւ Ֆրունզե Դովլաթյանը, որը մինչեւ վերջին ժամանակներս կատարում էր «Թեքեյան» ընկերության վարչության նախագահի պարտականությունները։ Սեպտեմբերի 6-ին ընտրվեց նոր նախագահ, որը աթոռ է գրավում ընկերության պաշտոնական գրասենյակում եւ տիրապետում է ընկերության որոշ
իրավաբանական ատրիբուտներին, մասնավորապես, կնիքին։
Ինչ վերաբերում է Ֆրունզե Դովլաթյանին, ապա նա, արդեն մեկ անգամ իրականացված սցենարի համաձայն, հրաժարվեց ընդունել նորընտիր նախագահի իրավասությունները եւ շարունակում է պնդել, որ նախագահը հենց ինքն է: Վերջերս նա հրավիրեց ընկերության արտահերթ համագումար,
որի պատգամավորներն էին հայտնի եւ հարգված մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Սերգեյ Իսրայելյանը, Աստղիկ Գեւորգյանը, Դավիթ Մուրադյանը, Էդուարդ Միրզոյանը եւ ուրիշներ։ Այդ համագումարում ընտրված նոր վարչության կազմի մեջ մտան, մասնավորապես տիկնայք Կապուտիկյանն ու Գեւորգյանը:
Վռամ Գրիգորյանի ղեկավարած «Թեքեյան» ընկերության վարչությունը, բնականաբար, չի պատրաստվում զիջել իր իրավունքները, կարծր հարձակումներ գործելով Միրզախանյանի, Դովլաթյանի եւ մնացածների վրա։ Այդ վարչությունը պատրաստվում է ձեռնարկել հակամիջոցներ մեծ փառատոնի տեսքով, որը, ենթադրաբար, կսկսվի նոյեմբերի 1-ին եւ կանցկացվի Հայաստանում եւ Ղարաբաղում։
Ինչպես եւ բուն ՀՌԱԿ-ի դեպքում, «Թեքեյան» ընկերության Սփյուռքի ներկայացուցիչները դեռեւս որդեգրել են հայաստանյան կազմակերպությունների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականություն։ Թեեւ, ըստ ամենայնի, ավելի շատ են համակրում տվյալ դեպքում Վռամ Գրիգորյանի տարբերակին։ Այսպես թե այնպես, ռամկավար-ազատական կառույցների կրկնօրինակումը համատարած բնույթ է ձեռք բերում։ Այն փաստը, որ այդ գործընթացին, բացի զուտ կուսակցական ֆունկցիոներներից, մասնակցում են նաեւ մշակույթի գործիչները, վկայում է, որ կոնֆլիկտը երկարաձգվելու է տարիներով։ Կամ գուցե տասնամյակներով։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ