Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարություններ օգնության ճանապարհին

Հոկտեմբեր 20,1995 18:21

Եվրոպական ու ամերիկյան փրկարարական ծառայությունների մակարդակին հասնելու համար, Հայաստանի համապատասխան ծառայություններին երկար ժամանակ կպահանջվի։ Այս հարցում մասնագիտական որակներից բացի, անհրաժեշտ են տնտեսական պայմաններ, առանց որի, բոլոր մտահղացումները կկրեն տեսական բնույթ եւ չեն իրագործվի կյանքում։ Ինչ վիճակում են այսօր շտապօգնության կայանները։ Նրանց գործունեությունը ուղղակիորեն կապված է մարդկանց կյանքի հետ, իսկ նրանց հանդեպ բնակչության դժգոհությունը մեծ է։ Բողոքների մի մասը կրում է խրոնիկական բնույթ, այսինքն` դրանք կային նաեւ «լավ» ժամանակներում, իսկ մյուս մասը բնութագրական է ազատականացված տնտեսությանը։

1-2 տարի առաջ աշխատանքների համար ամենալուրջ խոչընդոտը վառելիքի բացակայությունն էր։ Շտապօգնության մեքենաները բենզին չլինելու պատճառով, հաճախ չէին մեկնում կանչի վայր, իսկ որոշ դեպքերում էլ վարորդները հիվանդի հարազատներից վառելիքի վարձն էին պահանջում։ Ստեղծվում էր նյարդային, անառողջ վիճակ, որը չէր գոհացնում կողմերից ոչ մեկին։ Հիմա կարելի է պնդել, որ վառելիքի հարցը լուծված է, բոլոր կայաններին պետությունը ապահովում է համապատասխան քանակի բենզինով, որը բավարար է անարգել դեպքի վայր մեկնելու համար։ Ու ցանկացած խոսակցություն կամ պահանջ, ում կողմից էլ այն լինի, ժամանակավրեպ է։

Հիվանդին ժամանակին որակյալ բուժօգնություն ցույց տալու համար, վառելիքն, իհարկե, կարեւոր, բայց բավարար գործոն չէ։ Այսօր նկատվում է դեղորայքի խիստ սակավություն։ Անկախ այն բանից, թե վերադաս պատասխանատու մարմինները ի՞նչ խոստումներ են տալիս կամ ինչ գույներով են ներկայացնում իրավիճակը, դեղորայքի քչությունը իրական խնդիր է։ Դա վկայում են նաեւ սովորական բուժաշխատողները, որոնք հաճախ ստիպված իրենք են գնում որոշ դեղեր՝ դրանով փորձելով շտկել դրությունը։ Բժիշկներն այս մասին չգիտես ինչու աշխատում են չխոսել, ավելի ճիշտ՝ բարձրաձայն չխոսել։

Նրանցից բոլորը չեն, որ օգնություն ցույց տալուց հետո հաղթահարում են իրենց հոգեբանական պատնեշները ու հիվանդի հարազատներից գումար պահանջում։ Շտապօգնության աշխատանքներում օգտագործվող դեղորայքի ցանկը տարբերվում է մյուս բուժհիմնարկներում կիրառվողներից։ Սուր ցավային նոպա ունեցողին կամ սրտային սուր անբավարարությամբ տառապողին օգնելիս, չես մտածում, թե որտեղ եւ ինչ պայմաններով ես հայթայթել դեղորայքը, եթե այն կա, ուրեմն պետք է տաս, իսկ դեղ շատ հաճախ չի լինում։ Բժշկի գործն առանց դեղորայքի էֆեկտիվ չէ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերջին շրջանում կտրուկ նվազել են կանչերը։ Մարդիկ հնարավորության սահմաններում խուսափում են դիմելու շտապ բուժօգնությանը։ Պատճառները տարբեր են. շատ դեպքերում հեռախոսները չեն աշխատում, մի այլ դեպքում բժիշկներին համապատասխան «շնորհակալություն» հայտնելու հնարավորություն չի լինում եւ այլն։ Ի տարբերություն ամերիկյան 911 ծառայության, որտեղ անհրաժեշտ օգնությունը ցույց է տրվում հաշված րոպեներում, մեզ մոտ շտապօգնության մեքենաները դեպքի վայր են հասնում ուշացումով, եւ մարդիկ շատ հաճախ իրենց մեքենաներով են հիվանդին տեղափոխում հիվանդանոց:

Մասնագետների վկայությամբ, այսօր Հայաստանում կարելի է գտնել ցանկացած դեղորայք, սակայն իրենց բարձր գների պատճառով դրանք քչերին են մատչելի։ Անկախ բոլոր դժվարություններից, շտապ օգնության բրիգադները պետք է ապահովվեն անհրաժեշտ որակի ու քանակի դեղերով։ Դրանից են կախված հարյուրավոր մարդկային կյանքեր։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031