Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները լուսավորչական տեղապտույտում

Հոկտեմբեր 20,1995 12:16

ԱՄՆ Լրատվական ծառայությունը՝ ՍՏI հայաստանյան 6 քաղաքական կազմակերպություններին հերթական անգամ հրավիրել էր՝ ուսումնասիրելու ամերիկյան քաղաքական համակարգը՝ ներառյալ կուսակցական պայքարը եւ համապատասխան կառույցներն՝ համապետականից մինչեւ նահանգային մակարդակ։ Այս ծրագիրը ընդհանուր է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այսինքն՝ լուսավորչական քայլարշավ առաջադիմության բավիղ ոտք դրած հետխորհրդային մարդկանց համար։ Մենք հանդիպեցինք պատվիրակության անդամ Սուրեն Զոլյանի հետ (ԳիԱրՔՄի), որի դիտարկումները ներկայացնում ենք ստորեւ։

Հանդիպումների շրջանակը սահմանափակվում էր 3 նահանգներով՝ Մասաչուսեթս, Այովա, Վիրջինիա եւ Վաշինգթոն, .տեղի, թերեւս նաեւ ժամանակի ընտրությունը պատահական չէր։ ԱՄՆ նախագահական ընտրարշավն արդեն իր անդրանիկ քայլերն է կատարում, մեր նախագահական ընտրությունները եւս մերձենում են։ Ամերիկյան քաղաքական համակարգը պրն Զոլյանը բնորոշեց տարողունակ մի բառով՝ «բարդ», սակայն այդ բարդությունը արտացոլումն է մի շատ պարզ գաղափարի՝ իշխանությունները գալիս են ներքեւից. ամեն մի քաղաք, ավան իրավասու է հաստատելու իր օրենքները, ամերիկյան օրենսդրական բազմազանությունը արդյունք է նահանգից նահանգ տարբերվող պատմական փորձի։

Անգամ տեղական իշխանությունների ղեկավարի ընտրությունը միանշանակ չէ. նահանգապետին կամ ընտրում է ողջ բնակչությունը, կամ նահանգային խորհուրդը. փոքր խորհրդարանային կամ նախագահական հանրապետությունների կարգավիճակներով։

Փորձի փոխանակումը, բնականաբար, մեր պատվիրակության համար նշանակում էր երկկուսակցական ճոճանակի՝ դեմոկրատներ եւ հանրապետականներ, խաղին ծանոթանալ, միակ բացառությունը հանդիպումն էր սոցիալիստական կուսակցության ղեկավարի հետ (ի դեպ. բնութագրական կարելի է համարել ամերիկյան կողմից ձախ կուսակցությունների ներկայացուցիչների՝ ՀԿԿ, ՍԴԿ, չհրավիրելը): Դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ առկա գաղափարական ոչ մեծ տարաձայնություններին գումարվում է կուսակցական կառույցների մերձակցությունը։

Կուսակցական աշխատանքը ծավալվում է տեղերում, նահանգային գրասենյակները զբաղվում են ֆինանսական հարցերով։ Ֆինանսավորման բոլոր միջոցները գոյանում են նվիրատվություններից, նվիրատվությունների համակարգում սահմանափակումները հստակ են, որոշ քաղաքական դեմքեր անգամ իրենք են խստացնում պայմանները՝ հրաժարվելով կորպորացիաների, բարձր վարկ չունեցող բիզնեսով զբաղվողների նյութական աջակցումից, որովհետեւ անձնական կախվածությունը եւ բարոյական վնասը տվյալ դեպքում առավել վտանգավոր է: Հետաքրքիր է, որ անհատական կանխիկ նվիրատվությունների գումարը սահմանափակվում է 100 դոլարով: 20 հազար մարդ 100-ական դոլար մուծած, դժվար թե համախմբվի համապարփակ պահանջատիրությամբ, իսկ մեկ անհատը կարող է գայթակղվել «ով վճարում է նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով։ Ֆինանսական լծակները, լինելով առանցքային, միակ վճռորոշը չեն. այսպես՝ «Իրանկոնտրաս» աղմկահարույց պատմության հերոս Օլիվեր Նորթը, 20 մլն դոլար ծախսելով, պարտվեց դեմոկրատ հակառակորդից, որի նախընտրական քարոզարշավը ընդամենը 5 միլիոնի շրջագծում էր։

Բնորոշելով  հանրապետական– դեմոկրատական մրցապայքարը, պրն Զոլյանը փաստեց ստորին մակարդակներում հանրապետականների բացահայտ հաղթանակը՝ անգամ ավանդական «դեմոկրատական» նահանգներում՝ Վիրջինիա, Այովա, բայց դեմոկրատների միակամ համախմբումը Բ. Քլինթոնի շուրջ խոստումնալից է, այնինչ հանրապետականների ճամբարում 10 թեկնածուներ կան, թեեւ համակրանքի նժարը թեքվում է դեպի Բոբ Դոուլը։ Այստեղ կարծես ակնարկ-խորհուրդ կա մեր ընդդիմությանը, որը ընտրությունների ընթացքում անկարող եղավ միասնական թեկնածուներ առաջադրելու: Նախընտրական քարոզարշավի յուրօրինակ ամերիկյան դրսեւորում է Այովա նահանգը, որտեղ բոլոր թեկնածուները պետք է անձամբ շփվեն ընտրողների հետ. անգամ բազմազբաղ Քլինթոնը, լինելով իսկական քաղաքական գործիչ, ժամանակ է գտնում հաղորդակցվելու ընտրողների հետ։ Տվյալ ասպարեզում նրա առավելություններն ակնառու են, շատերը կկամենան արդեն ընտրյալ նախագահին ողջունել ձեռքով եւ անմահանալ լուսանկարով։

Ընտրությունների ընթացքի վրա ազդելու հիմնական լծակը, սակայն, ԱՄՆ-ում տեղեկատվությունն է, որի հանդեպ ե՛ւ հարգանք կա, ե՛ւ երկյուղ։ Ամեն քայլափոխի որոշակի ընտրախավը կարող է իրեն հետաքրքրող բոլոր լուրերը քաղել տարաբնույթ տեղեկատուներից, գրասենյակներից։ Լոբբիստներից մեկի խոստովանությամբ՝ «Մեր գլխավոր զենքը եւ ուժը ժամանակակից աշխարհում տեղեկատվությունն է»։

Բացի զուտ ծանոթագրական այցերից՝ Վաշինգթոնում հայ հրավիրյալ քաղաքագետներին սպասում էր ամբիոն՝ արտահայտելու համար սեփական տեսակետները Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպումները, միակ գրանցված լոբբիստական ուժի՝ Հայկական ազգային կոմիտեի հետ (իմա՝ Հայ Դատի հանձնախումբ), Բոսթոնի հայկական համայնքի, Ամերիկայի հայկական համագումարի, «Ամերիկայի ձայնի» եւ ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի հետ։ Այստեղ է, որ ստորգետնյա խութերը Երեւան եկան՝ բաժանելով իշխանության ներկայացուցիչներին՝ ՀՀՇ, «Շամիրամ», ընդդիմությունից։ «Ամերիկայի ձայնի» այն հաղորդումները, որոնց ընթացքում հնչել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի ոչ պաշտոնական գնահատականները, Հայաստանում չեն հեռարձակվել: Եվ վերջին կնճիռը՝ Կոնգրեսի կողմից Հայաստանի համար նախատեսվող 85 մլն դոլարի օգնությունը, որը հիմնականում հումանիտար բնույթի է։ Ընդդիմությունը դեմ է արտահայտվել նման «օգնության», որը վերասերում է կառավարությանը՝ պետությունը դարձնելով դյուրավ կառավարելի։ Սակայն, պրն Զոլյանի համոզմամբ, իրենց բողոքները այս հարցում դժվար թե հանգեցնեն Հայաստանին ընդհանրապես աջակցումից զրկելուն:

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031