Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին գործոնը Հայաստանում

Հոկտեմբեր 20,1995 11:10

Փոքր երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորումն ունի իր յուրահատկությունները։ Նման երկրներում շատ մեծ է բոլոր տերությունների ազդեցությունը։ Ուստի տնտեսական շահերի, քաղաքական ու գաղափարական հայացքների տարբերակումն որոշ չափով ընթանում է հզոր շահերի ազդեցության տակ։ Թույլ են ներքին գործոնները, որոնք կարող են ձեւավորել կայուն տնտեսական շահեր եւ համապատասխան քաղաքական եւ գաղափարական վեկտորներ։ Ծայրահեղ իրադրություններում, երբ վտանգվում է ազգի գոյությունը (իսկ փոքր ազգերը հաճախ են հայտնվում նման իրադրության մեջ), ազգի անվտանգությունը դառնում է միակ եւ ամենակայուն վեկտորը։ Իսկ խաղաղ պայմաններում արտաքին վեկտորների գերակայությունն ակնհայտ է, եւ ներքին բոլոր վեկտորները շրջելի են։

Սակայն կան բացառություններ, երբ անգամ փոքր երկրներում ձեւավորվում են կայուն շահեր՝ ներքին օբյեկտիվ գործոններով պայմանավորված։ Ադրբեջանում նման դեր է խաղում նավթը, որով պայմանավորված է Ադրբեջանի այսօրվա միանշանակ արեւմտամետ դիրքորոշումը։ Վրաստանը, որպես փոքր կայսրություն, ունի իր ներքին օբյեկտիվ գործոնը՝ կայսրության փլուզման վտանգը, որն էլ ձեւավորում է քաղաքական եւ գաղափարական

վեկտորները։ Նավթամուղի կառուցումը Վրաստանում կձեւավորի եւս մի ներքին կարեւոր գործոն։

Հայաստանում ներքին օբյեկտիվ տնտեսական գործոններ չկան։ Նման օբյեկտիվ գործոնի դերում հանդես են գալիս աշխարհագրական դիրքը, ժողովրդի մենթալությունը եւ մեծ Սփյուռքի առկայությունը։ Այս գործոններից «ամենաներքինը» մենթալությունն է։ Ղարաբաղյան հակամարտությունն ավելի շուտ ստորադաս է մենթալությանը եւ պայմանավորված է նրանով։ Մենթալությունն այսօր հզոր գործոն է կարգավորման տարբերակների ընտրության հարցում։ Մենթալությունը, որպես գործոն, չի կարող լիովին չեզոքացվել, այլ կարող է դառնալ մասնակիորեն շրջելի, մեկ այլ հզոր ներքին գործոնի (ասենք՝ տնտեսական) ձեւավորմամբ։ Նման այլընտրանքային գործոնի ձեւավորում մոտ ապագայում կարծես թե չի սպասվում։ Ուստի, Հայաստանում քաղաքական եւ գաղափարական վեկտորները տարբերակվելու են մենթալության, Սփյուռքի եւ հզոր տերությունների ազդեցությամբ։ Այս վեկտորների հավասարակշռությունը Հայաստանի կայունության երաշխիքն է, եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման նախադրյալը։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031