Լրահոս
Օրվա լրահոսը

Միաքաղաքացիությունը լավ է

Հոկտեմբեր 19,1995 15:36

Ոչմիքաղաքացիությունը՝ ավելի լավ

Լույս ունենալու պատճառով վերջին երեքից հինգ ամիսներին պարբերաբար դիտելով «Ժամանակաչափ» ծրագիրը՝ հանգեցի այն տխուր եզրակացությանը, որ հաղորդավարը կորցրել է իրականության զգացողությունը եւ առաջվա պես կարծելով, թե միայն հանրապետության ղեկավարությունն է դիտում իր հաղորդումները (ի դեպ, միմիայն լույս ունենալու պատճառով), շարունակում է թողարկումները պատրաստել հատկապես նրանց համար։ Օրինակ, մի դրվագ պատմեմ «Ժամանակաչափի» վերջին թողարկումից, որն եթեր հեռարձակվեց կիրակի օրը ժամը 20.53-ի մատույցներում։

Բանից պարզվում է, որ «Ժամանակաչափի» հաղորդավարը որոշակի վերապահումով է անհանգստանում սփյուռքահայերի համար։ Նրա առանձնակի մտահոգության առարկան դարձավ հատկապես այն սփյուռքահայերի վիճակը, ովքեր երկքաղաքացիություն կունենային, ընդ որում քաղաքացիություններից մեկը Հայաստանում, իսկ մյուսը՝ այնպիսի մի երկրում, որը «Ժամանակաչափի» հաղորդավարը կնշեր Հայաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Այդ դեպքում, պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ երկքաղաքացիության կարգավիճակ ունեցող հայերի դրությունը… «Ժամանակաչափի» հաղորդավարի խոսքերից դատելով՝ վատ, ուստի իմաստուն վճիռ կայացրեց Ազգային ժողովը, որն ի վերուստ եկած հրամանով մերժեց երկքաղաքացիության սկզբունքը համապատասխան օրենքում։

Ի՛նչ լավ էր, որ այդպես եղավ։ Հակառակ դեպքում, կեսից երկուսուկես միլիոն հաշվվող հայությունը կհայտնվեր ծանր վիճակում, որովհետեւ հա՛մ երկքաղաքացիություն կունենար, հա՛մ էլ, ով գիտե, գուցե միանգամից պատերազմ սկսվեր։

Մի դարդից գոնե ազատվել են. երկքաղաքացիություն ունենալ չեն կարող, բայց որ հանկարծ նրանց ապրած երկրները պատերազմ սկսեն Հայաստանի հետ, ի՞նչ պետք է անի «Ժամանակաչափի» հաղորդավարը։ Կասի՞, բերեք երկքաղաքացիության՝ օրենքը ընդունենք, որ այդ երկրներում ապրող հայերը պաշտպանություն գտնեն Հայաստանում։ Չէ, այդ մեկը չի ասի։ Դա կհակասի միաքաղաքացիության սկզբունքին։ Կասի՝ հայե՛ր օտար երկրների, փախեք այլ օտար երկրներ, հրաժարվեք այդ երկրներում ձեր ունեցած քաղաքացիություններից, որդեգրե՛ք ոչմիքաղաքացիության սկզբունքը, կամ էլ խորհուրդ կտա պասիվ քաղաքացիության դիրք բռնելով՝ հետեւել Նազար Պետրոսյանի օրինակին, որը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզիչներին խնդրում էր Երեւանի «Արարատի» հետ խաղերում իրեն մարզադաշտ դուրս չբերել։ Բոլոր դեպքերում մի ելք պետք է գտնել, եւ եթե հետեւենք միաքաղաքացիության «Ժամանակաչափի» մեկնաբանությունների տրամաբանությանը, ամեն մի օրինավոր քաղաքացի, որ երկրում էլ ապրելիս լինի, պետք է կատարի պետության նկատմամբ ունեցած պարտականությունները։ Ստացվում է, որ հայը պետք է պատերազմի Հայաստանի դեմ։ Ինչ լավ է, որ չի ընդունվել երկքաղաքացիության օրենքը։

Տեսնում եք՝ ինչքան հետաքրքիր զբաղմունք է լուծել «Ժամանակաչափի» առաջադրած ռեբուսները, որովհետեւ բոլոր ճանապարհներն էլ տանում են փակուղի։ Մինչդեռ, գուցե գոյություն ունի անփակուղի ճանապարհ, որն իր հաջորդ հաղորդման ժամանակ կբացահայտի «Ժամանակաչափի» հաղորդավարը։ Ուրեմն, ի՞նչ պետք է անեն այն երկրների հայ քաղաքացիները, որոնց հետ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ։ Այս հարցում որքա՞ն է կարեւորվում երկքաղաքացիության օրենքը…

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Չկիսելով հեղինակի արտահայտած որոշ տեսակետները եւ, մասնավորապես, հեռուստատեսային մեկնաբան Ալեքսանդր Իսկանդարյանին տրված գնահատականները, ՚հրապարակում ենք հոդվածը՝ հաշվի առնելով բարձրացրած խնդիրների կարեւորությունը։

«ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031