Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բուռ հայ չե՞նք

Հոկտեմբեր 19,1995 14:21

ԱԺ-ի առաջին նիստի երկու խաղաղ աշխատանքային օրերից հետո բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեր հարցին, թե արդյո՞ք խորհրդարանում միակ ընդդիմությունը 4-րդ իշխանությունը չի լինելու, վճռականորեն պատասխանեց. «Եթե չթողնեք հանգիստ ղեկավարել՝ իշխելու ենք ձեզ»: Ընդդիմադիր մամուլին «իշխելու» հաջող փորձից բավականին ժամանակ է անցել, ուրեմն պաշտոնյայի խոսքն, ըստ երեւույթին, դեռ «չիշխված» կամ իշխանամետ մամուլին է վերաբերում։

Հայաստանի լրատվական մթնոլորտում վերջին երկու-երեք ամիսներին երկու միտում է նկատվում: Մի կողմից իշխանավորները, կարծես, սկսել են «բանի տեղ» դնել 4-րդ իշխանությանը. սեփականաշնորհման հարցերով իշխանավորները իսկույն արձագանքեցին «Առավոտում» տպագրված ու նրանց դուր չեկած Գ.Մարտիրոսյանի (կին– Ա. Բ.) հրապարակմանը։ Պաշտպանության նախարարությունը «Պարզաբանում» ուղարկեց «Հայքում» տպագրված ու նրան (նախարարությանը) դուր չեկած հրապարակման վերաբերյալ (որի հեղինակը՝ Լ.Դ, նույնպես կին է– Ա.Բ.), «Հայք կիրակնօրյայում» տեղ գտած «Զինվորական մեկուսարան» հոդվածի հեղինակի «բացահայտմամբ» սկսեց բուռն զբաղվել իրեն հանիրավի վիրավորված կարծող համապատասխան «կողմը»։ Բարձրաստիճան մի պաշտոնյա «պարզաբանում» պահանջեց «Առավոտի» խմբագրից առ այն, թե վերջինս ինչ նկատի ունի «ավտորիտարիզմ» հասկացության տակ եւ այլն։

Այն, որ Հայաստանի դեռ «չիշխվող» ընդդիմադիր մամուլը հարձակվում է իշխանամետ մամուլի վրա, որից, իր հերթին, արժանի հակահարված է ստանում՝ տրամաբանական է եւ պարզ։ Իրար չեն սիրում, որովհետեւ ընդդիմությունը դեմ է մեր երկրի կայունացմանն ու փորձում է խոչընդոտել հայոց նորանկախ պետության առաջընթացի գործընթացը։ Անհասկանալին այլ բան է՝ իրարանցում է սկսվել նաեւ յուրայինների ճամբարում, որտեղ այսօր, թեեւ կարծես գործում է «բոլորը բոլորի դեմ» սկզբունքը, բայց դա արվում է հանուն միասնականության, արդարության եւ այլն։ «Հայ

զինվորը» մեղադրում է «Հայքին», որն, իբր, մեր նախարարության (այն է՝ բանակի) վրա ձեռք է բարձրացրել։ Փորձում են «իրար հասկանալ» «Հայք կիրակնօրյան» եւ «02»-ը, նույն «Հայքն» ու «Առավոտը»։ Դավիթ Շահնազարյանին դոշը դեմ տված պաշտպանում է Մկրտիչ Փիլթոյանը՝ «Կարինյան» ստորագրությամբ «Հայքում» տպագրված հոդվածում։ Տեսնես ումի՞ց է պաշտպանում, ո՞ւմ պատվերն է կատարում։

Հետաքրքիր է նաեւ, որ իշխանություններն ու 4-րդ իշխանությունը միաժամանակ փնտրում են «պատվիրատուների»։ Առաջինները՝ իշխանության բարձունքներում միմյանց դիրքերը պարզելու եւ «ով ինչ մեջք ունի» իմանալու համար։ Լրագրողների խնդիրն ավելի պարզ է՝ «պատվիրատուները» թող բացահայտվեն եւ վճարեն՝ կատարած պատվերի դիմաց։ Թե չէ, ի՞նչ է ստացվում՝ լրագրողն իր գործն է անում, իսկ մեջտեղը փող չկա։ Պատվիրատու, պոդլի տրուս, դուրս արի։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանի լրատվական ասպարեզում տիրող անհանդուրժողական, անկանխատեսելի հետեւանքներով հղի մթնոլորտը ոչ այլ ինչ է, քան մեր մի բուռ Հայրենիքի դեմ ուղղված «ագրեսիա»՝ սանձազերծված միջազգային իմպերիալիզմի, սիոնիստ-հրեաների, նեոբոլշեւիկների, թուրք-ազերիների, ինչու չէ՝ Միջազգային արժութային հիմնադրամի եւ ՀՅԴ-ի եւ մեր մյուս բազմաթիվ թշնամիների կողմից։

Եվ դրա նպատակը մեկն է՝ հայերիս մեջ պառակտում մտցնել։ Կանգ առնենք, եղբայրներ, եկեք չվտանգենք մեր երկրի անվտանգությունը։ Մի բուռ ենք մնացել, եկեք իրար հասկանանք, բոլոր չորս իշխանություններով միանանք ու մի բռունցք դարձած ո՛չ ասենք արտաքին, եւ առավել եւս՝ ներքին թշնամիներին։

Ինչ վերաբերում է «իշխանամետ» մամուլում «իշխանադեմ» հրապարակումներին, որտեղ փորձ է արվում ապացուցել, թե իբր մեր իշխանավորների աչքի վերեւում ունք կա, ապա մեր պետության ղեկի տերերը թող հանգիստ լինեն՝ ըմբռնում ունեցող հայ ժողովուրդը գիտի, որ մեր ղեկավարներից եւ ոչ մեկի աչքի վերեւում նման բան (ունք– Ա.Բ.) չկա եւ չի էլ կարող լինել։ Մեր հնամենի, բազմաչարչար, նորանկախ ժողովուրդը քաջ տեղյակ է, որ նրա իշխանավորները սիրում են մեր պետությունն ու ամեն հնարավորը անում, որ այս ծանր, շուկայական հարաբերություններով լեցուն շրջանը թեթեւ լինի բոլորիս համար։ Ու եթե լրագրողները երբեմն նկատում են նրանց աչքի վերեւի հոնքը, ապա դա չի նշանակում, որ 4-րդ իշխանությունը չի գնահատում երեք մյուս իշխանությունների հերոսական ջանքերը։

Մեր ասածն ընդամենը մեկ բան է՝ հայ լրագրողները, եթե անգամ այս մի բուռ հայրենիքը իշխանավորներից շատ չեն սիրում, ապա գոնե նրանց չափ՝ հաստատ։

Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հոդվածը գրված է Միջազգային արժութային հիմնադրամի պատվերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031