Երեկ «Դրո»-ի դատավարության ամբողջ նիստը նվիրված էր միայն մեկ հարցաքննության քննարկմանը։ Ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի դեկտեմբերի 29-ին կատարած հարցաքննության տեսագրությունը ծանր տպավորություն էր թողնում։ Այն ժամանակ, դեռեւս կասկածյալ Արմեն Գրիգորյանը մանրամասնորեն պատմեց, թե ինչպես են սպանվել Ներսիսյան ամուսինները եւ Գագիկ Սահակյանը։ Նա խոսում էր նաեւ այդ հանցագործություններում իր կատարած դերի, ինչպես նաեւ, ընդհանրապես, «Դրո» կառույցի մասին։ Մանրամասներն այնքան տպավորիչ էին, որ նիստին
ներկա Աշոտ Ներսիսյանի սպանված կնոջ՝ Նունեի մայրը, սրտի նոպա ունեցավ։
Դատավարության ժամանակ հրապարակված ոչ մի հարցաքննություն, դեռես չի արժանացել նման մեծ ուշադրության։ Պաշտպանությունը, որը վերջին շաբաթների ընթացքում բավականին պասիվ էր, երեկ նորից հարձակման անցավ։ Փաստաբանների բոցաշունչ, պերճախոս ճառերը հետեւում էին մեկը մյուսին։ Նրանք մերթ նշում էին, որ հարցաքննության արձանագրության տեքստը եւ տեսագրությունը միմյանց չեն համապատասխանում, պահանջելով տրամադրել վերջինիս բառացի վերծանությունը, մերթ ընդհանրապես կոչ էին անում օգտագործման համար ոչ պիտանի հայտարարել թե տեսագրությունը, եւ թե արձանագրությունը։ Պաշտպանության փաստարկների թվում էին Արմեն Գրիգորյանի բութ մատի եղունգի մոտի կապտուկը, փաստաբաններին անբնական թվացող հարցաքննվողի հայացքը, քննիչի հուշող հարցերը, քննչական բաժնի պետ Ժորա Վարդանյանի ներկայությունը։
Դատախազ Մ. Գրիգորյանը առարկելու վարանոտ փորձեր արեց, որոնք կանխվեցին կոշտ, երբեմն ոչ կոռեկտ բացականչություններով։ Իր բաժինը ստացավ նաեւ դատավոր Մանուկյանը, որը դիտողություն արեց փաստաբան Ավագյանին՝ դատախազի ելույթին միջամտելու համար։
Կարդացեք նաև
Նիստի վերջում որոշում ընդունվեց վերծանել տեսագրությունը եւ հաջորդ օրը շարունակել նրա քննարկումը։
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ