Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պարտքերի առաջ չես գնա

Հոկտեմբեր 19,1995 11:56

Երեկ, մամուլի ասուլիսում, ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը լրագրողներին ծանոթագրեց Հայաստանի կառավարական պատվիրակության Վաշինգթոն կատարած այցելության արդյունքներին։ Մեր պատվիրակությունը մասնակցում էր Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան ժողովին։ Պրն Բարխուդարյանի խոսքերով, Միջազգային զարգացման ասոցիացիան (որը եւ տրամադրում է արտոնյալ երկարաժամկետ վարկեր) թեեւ որոշել էր կրճատել իր միջոցները, այդ հանգամանքը էապես չի ազդի Հայաստանի վրա։ Միջազգային դոնորները որոշակի խնդիրներ ունեն վարկեր տրամադրելու գործում, սակայն Հայաստանի դեպքում դրանք աննշան են կրճատվելու։ Սպասվում են նաեւ վարկեր Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի գծով։ Ճիշտ է, այդ կազմակերպությունը գործում է զուտ բանկային օրենքներով, վարկերի մարման ժամկետներն այստեղ ավելի կարճ են, իսկ տոկոսները՝ բարձր։

Նախարարը հայտնեց, որ միջազգային տնտեսական հանրությունից սպասվող

վարկերը ուղղորդված են մի քանի ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, դրանք կնպաստեն Հայաստանի ֆինանսական համակարգի

զարգացմանը՝ ինչպես բանկային կառուցվածքների, այնպես էլ ոչ բանկային ֆինանսական հաստատությունների։ Մինչեւ այս տարվա վերջը Եվրոբանկի հետ համատեղ իրականացվելու է փոքր բիզնեսին նպաստող ներդրումների ընկերության ստեղծման ծրագիրը։ Սպասվում են նաեւ վարկեր սոցիալական ներդրումների հիմնադրամ ստեղծելու նպատակով։ Այդ գումարները դեռեւս ճշտվում են, սակայն պարզ է, որ դրանք օգտագործվելու են կրթության, բժշկության, մունիցիպալ համակարգի եւ այլ բնագավառների զարգացման մեջ։

Այս օրերին Երեւանում է գտնվում Միջազգային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը։ Իսկ ամսվա վերջին Հայաստան է այցելելու եւս մի նմանատիպ պատվիրակություն, որից հետո կարելի է սպասել ավելի բարձր մակարդակի  վարկեր, որոնք կնպաստեն հիմնականում կառուցվածքային փոփոխություններին։ Դրանք հնարավորություն կտան հանրապետությանը անցնելու բարեփոխումների հաջորդ փուլին՝ մակրոտնտեսական կառուցվածքային փոփոխություններին։

Ընդհանուր առմամբ Հայաստանը միջազգային հանրությունից ստանալու է մոտ 400 մլն դոլարի վարկ, որից 270 մլն արդեն ստացել է։ Ճիշտ է, պատասխանելով լրագրողների հարցերին պրն Բարխուդարյանը նշեց, որ չէր ցանկանա կենտրոնանալ որոշակի թվերի վրա, քանի որ գոյություն ունի վարկի մյուս կողմը՝ դա, ի վերջո, արտաքին պարտք է, որը պետք է վերադարձնել։ Իսկապես, վարկը միայն ներուժ է, որը դեռ անհրաժեշտ է իրագործել։ Պետք է ենթադրել, որ կառավարությունը, ընդունելով նպատակային վարկեր, հստակ ձեւով հաշվառել է, թե ինչ էֆեկտ կարող է արդյունքում ապահովել եւ այդ պարտքերը վերադարձնելու ինչ հնարավորություններ ունի։

Իհարկե, ավելի լավ է պարտատեր լինել, քան չքավոր։ Հակառակ դեպքում, մենք կզրկվենք բյուջեից եւ նույնիսկ Կենտրոնական բանկի տիտանական ջանքերի պայմաններում, չենք պահի դրամը։ Ազատական բարեփոխումների արագացման նույնիսկ ամենաջերմեռանդ ցանկությանը զուգահեռ, կառավարությունը պետք է հաշվետու լինի հասարակությանը, թե որքանով են նպատակահարմար եւ արդյունավետ իր (կամ գուցե վարկատուների՞) կողմից մշակած նպատակները, որո՞նք են այդ նպատակների իրագործման ժամկետները, ինչպե՞ս իրականացնել վերահսկողությունը եւ այլն։

Կառավարությունները գալիս եւ գնում են։ Իսկ պարտքերը մնում են։ Դա շատ լավ են զգացել, օրինակ, Լատինական Ամերիկայի երկրները, որոնք, կարծես, դարձել են մշտական պարտատերեր:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031