Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերասան» ամեն օր «աշխատանքի» են գալիս կյանք մսխողները

Հոկտեմբեր 18,1995 18:32

«Դերասան» խանութի հարեւանությամբ սրճարանում մի գավաթ սուրճն առայժմ պահպանում է «աստվածային» արժեքը՝ 50 դրամ։ Եվ այդտեղ միշտ մարդաշատ է։ Սակայն մշտական հաճախորդներին գրավողը թարմացնող ըմպելիքը չէ, այլ թանկարժեք «եղբայրակիցների» գինովցած զույգերը։ «Ի բարօրություն», նրանք սրճարանում ներկայանում են ըստ ամենայնի։ Իսկ նրանց երկրպագուները՝ առավել եւս։ 30-40 մարդ այստեղի այցելուների ողնաշարն է կազմում։ «Ակտիվն» ունի իր ինտելեկտուալները՝ ովքեր ցուցադրում են ողջամիտ տրամաբանության մնացորդները, նախկին մարզիկներ, ովքեր բռնցքամարտի ձեռնոցները կամ ֆուտբոլային բուտսերը փոխել են «լիտրբոլի» հետ, եւ նույնիսկ կիսաշխարհիկ թեթեւաբարո կանայք։ Հիշյալ կատեգորիաների բոլոր անձինք պարտաճանաչորեն գալիս են «Դերասանի» «անկյունայինը» (չշփոթեք դիմացի մայթին գտնվող, ներկայումս ամայի սրճարանի հետ) ինչպես աշխատանքի՝ առավոտյան ժամը 9-ին եւ իրենց «ծառայողական պարտականությունները» կատարում են մինչեւ այդ հիմնարկի փակվելը։ Աղմկոտ, աշխույժ մթնոլորտում, ինչպես կոմունալ բնակարանի խոհանոցում, օր-օրի հնչում են «ոսկե կենացներ», հազվադեպ ընդմիջվելով ինքնակա պոռթկուն վիճաբանությամբ։ Այդ դեպքում անմիջապես իր իրավունքների պաշտպանությանն է անցնում «տեղական 02-ը», բուֆետպանուհիներ Կարինեն կամ Լենան։ Նրանց գոռգոռոց-նախազգուշացումից հետո «շշից դուրս թռած ջիները» լռում են կամ դուրս գալիս փողոցում պարզելու «ճշմարտության պահը»։ Սակայն հակամարտող կողմերը, որպես կանոն, մինչեւ «ճշմարտության խորքերը» չեն փորփրում, եւ միջադեպն ավարտվում է կարծիքների առողջ պլյուրալիզմին նվիրված հերթական կենացով։ Թեեւ հասարակությունն այստեղ բազմաշերտ է, բայց միեւնույն ժամանակ միավորված է «in vino veritas» («ճշմարտությունը գինու մեջ է») հիմնարար սկզբունքի շուրջ։ Սույն կանխադրույթը նրանց համար հիմար վեճերից ավելի կարեւոր է։

Երեկոյան 6-ին, երբ «աշխատանքն» ավարտվում է, նրանք ցրվում են իրենց տները (իհարկե, ով ունի): Հաջորդ առավոտյան «գավաթային հասարակությունը» նորից հավաքվում է։ Եվ այսպես ամեն օր, բացի կիրակի օրերից։ Անտեղյակներին հետաքրքրում է այն հարցը, թե այս, մեծամասամբ չաշխատող մարդիկ, ինչպես են հաջողեցնում վճարել թեկուզ ոչ մեծ, բայց ամեն օր մի քանի հարյուր դրամ պահանջող հաճույքի համար։ Ահա մի փոքրիկ խնդիր առաջին հերթին՝ բնակչության զբաղվածության հարցերով զբաղվող մարմիններին։ Եթե նրանց ուժն ու գիտելիքներն ուղղվեն հասարակությանն անհրաժեշտ հունով, ապա դա կարող է թեկուզ փոքր, բայց օգուտ տալ եւ հասարակությանը, եւ անհատ քաղաքացիներին, ովքեր այսօր աննպատակ վատնում են իրենց կյանքը։

Ահա, հանուն դրա ես էլ բաժակ կբարձրացնեի նույնիսկ «Դերասանում»։

Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031