Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ի գործ. Սկզբում պատմում են, հետո՝ հրաժարվում

Հոկտեմբեր 18,1995 16:05

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվեց ամբաստանյալ Արմենակ Զաքարյանի՝ նախնական քննությանը տված ցուցմունքների հրապարակումը։ Հարցաքննությունների ժամանակ խոսք էր գնում այն մասին, թե ինչպես է նախապատրաստվել եւ իրականացվել «Քերոբ» օպերացիան։ Արձանագրություններից հետեւում էր, որ Զաքարյանը չէր կարծում, թե Աշոտ Ներսիսյանին կսպանեն, իսկ Մնջոյանից ստացած զենքը («Մակարով» ատրճանակը), վերցրել էր պարզապես վստահության համար։ Թե ինչից են սկսվել կրակոցները Ներսիսյանի բնակարանում, Զաքարյանը չի հիշում, սակայն լսելով դրանց ձայնը, իրեն չի կորցրել եւ միացել է ընկերներին։ Զաքարյանը կրակում էր Աշոտի ուղղությամբ, բայց չգիտեր կրակոցներն արդյո՞ք դիպուկ էին, իսկ Աշոտի կնոջ սպանության մասին իմացել էր միայն մեքենայում, երբ վերադառնում էր Արմենակ Մնջոյանի բազան։

Արձանագրությունները վերաբերում էին նաեւ «Թոփ-1» օպերացիայի նախապատրաստությանը (Գագիկ Սահակյանի սպանությանը), որի իրագործմանը Զաքարյանը չէր մասնակցում, քանի որ առաջացրել էր ընկերների դժգոհությունը՝ ոգելից խմիչքների հանդեպ իր հակվածությամբ։ Հետաքրքիր է, որ իր բոլոր խոստովանությունները Զաքարյանը կատարել էր առաջին հարցաքննությունների ժամանակ։ Սկսած մարտի 8-ից նրա վարքը էապես փոխվել է, հետագա հարցաքննությունների ընթացքում նա հրաժարվում էր նախկին ցուցմունքներից, չէր պատասխանում հարցերին, իրեն մեղավոր չէր ճանաչում եւ հայտարարում էր, որ ցուցմունք կտա միայն դատարանում։

Սակայն իր այդ մտադրությունը Զաքարյանն այդպես էլ չիրականացրեց։ Երեկ նա հրաժարվեց արձանագրությունների քննարկումից, ասելով, որ կխոսի միայն այն ժամանակ, երբ պահը կգա։ Դատավոր Մանուկյանը հույս հայտնեց, որ այդ պահը կգա դեռեւս այս հարյուրամյակում, եւ անցավ ամբաստանյալ Արմենակ Գրիգորյանի հարցաքննությանը։ Այս դեպքում էլ իրավիճակը կրկնվեց. Գրիգորյանը ցուցմունք տալուց հրաժարվեց, եւ կոլեգիան որոշում ընդունեց հարցաքննությունների արձանագրությունները հրապարակելու մասին։

Երեկ հաջողվեց կարդալ միայն առաջին, դեկտեմբերի 29-ի արձանագրությունը, որում Գրիգորյանը խոստովանում էր «Քերոբ» եւ «Թոփ-1» օպերացիաներին իր մասնակցությունը։ Նա մասնավորապես պատմել էր, որ Աշոտ Ներսիսյանի վրա առաջինը կրակել է Արմենակ Մնջոյանը, իսկ Ներսիսյանի կնոջ վրա՝ ինքը եւ Զաքարյանը։ Այդ մանրամասնությունը

գրավեց պաշտպանող կողմի ուշադրությունը հետեւյալ պատճառով. Զաքարյանի եւ Գրիգորյանի ցուցմունքների միջեւ կա հակասություն, մինչդեռ նրանք ունեն ընդհանուր դատապաշտպան։ Ինչպես հայտնի է, օրենքով արգելված է, որ միեւնույն փաստաբանը պաշտպանի երկու մեղադրյալների իրավունքները, որոնց շահերը հատվում են։ Դրա հիման վրա պաշտպանությունը     պահանջեց հարցաքննությունը համարել

անօրինական։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031