Լրահոս
Օրվա լրահոսը

Մադե ին ուսա

Հոկտեմբեր 18,1995 15:00

Այսօր, ինչպես հայտնի է, կարելի է առնել ամեն ինչ։ Միայն թե ցանկություն լինի եւ դրան հավելյալ՝ մի փոքր էլ գումար։ Մեր մայրաքաղաքը հետզհետե դառնում է մի մեծ առեւտրասրահ։ Հետեւաբար, սպառողական շուկան բավականին հագեցված է, եւ այդ հանգամանքը պայմանավորված է նաեւ բնակչության ցածր գնողունակությամբ։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենաընչազուրկ մեր համաքաղաքացին ստիպված է ամեն օր խորասուզվել շուկայի տարերքի մեջ, քանի որ հանրահայտ ճշմարտություն է՝ բոլորն էլ ուզում են ուտել։ Եվ հնարավորության դեպքում՝ կուշտ եւ որակով։ Այդ տարրական ցանկությունը տարածվում է ոչ միայն սննդամթերքի, այլեւ ցանկացած ապրանքի վրա։

Ցավն այն է, սակայն, որ մեր հայրենի շուկան որակ չի ապահովում նույնիսկ ամենահարուստ մարդկանց համար, որոնք ե՛ւ ցանկություն, ե՛ւ հնարավորություն ունեն սնվել էկոլոգիապես մաքուր մթերքով, ծխել իսկական ամերիկյան ծխախոտ եւ խմել ոչ կեղծ «Աբսոլյուտ»։ Ցավոք, այս հարցում դեռեւս գործում են սոցիալական դարվինիզմի դոգմաները՝ հաղթում է ուժեղագույնը։ Իսկ ուժեղագույնը, այս դեպքում, վաճառողն է եւ ոչ թե գնորդը, որը սկզբունքորեն միշտ իրավացի է։

Առեւտրի այդ սուրբ սկզբունքին մեզանում կարող են հետեւել միայն փոքրաթիվ ձեռնարկություններ՝ օրինակ, «Հոլշթեն» եւ «Հայնեքեն» գարեջրի սրահները, «Ադիդաս» եւ «Բենետոն» խանութները, «Փոքրիկ շուկան քաղաքի կենտրոնում» կամ «Պարադիզը»։ Նրանց համար արդեն նշանակություն ունի ֆիրմայի վարկը, եւ այդ պատճառով աշխատակիցները սիրալիր են եւ պատրաստակամ, ձգտում են կատարել գնորդի քմահաճույքները: Առեւտրական կետերի ճնշող մեծամասնությունը, լինի դա տոնավաճառ, թե կոմիսիոն խանութ, շարունակում են աշխատել սովետական առեւտրի լավագույն ավանդույթներով՝ ձգտելով խաբել գնորդին եւ ընդսմին հայտարարելով. չես ուզում, մի վերցրու:

Եվ այստեղ դժվար է որեւէ բան ձեռնարկել։ Եթե դու գնել ես «նմանակված» ապրանք, որը շարքից դուրս է գալիս երկրորդ իսկ օրը, ապա այն ոչ ոք եւ ոչ մի դեպքում չի պարտավորվում հետ վերցնել։ Թունավորման մասին էլ չենք խոսում, գնա եւ գտիր մեղավորին, եթե ուզում ես դատի տալ։ Մինչդեռ զարգացած երկրներում, որտեղ, ի դեպ, առևտուրը նույնպես մասնավոր է, սպառողի շահերը պաշտպանում են հատուկ կոմիտեներ կամ ընկերություններ: Հայաստանում նույնպես ստեղծված է նման ընկերություն, դեռեւս, հավանաբար, ձեւի համար, քանի որ այդ ընկերությունից մենք ինֆորմացիա չենք ստանում, թե ինչպես տարբերել կեղծ «Քեյմըլը» կամ «Աբսոլյուտը» իսկականից: Այդ ընկերության միջոցով մենք այսօր չենք ծանոթանում մեր շուկայում հայտնվող ապրանքների փորձագիտության արդյունքներին, ինչպես դա արվում է Ռուսաստանում։ Սակայն ռուսաստանյան փորձագիտության, ասենք, «Իզվեստիա– էքսպերտիզա»-ի տվյալները մեզ համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ մեր շուկան ո՛չ եվրոպական է, ոչ էլ մեծ մասամբ ռուսական՝ աշխարհագրությունը միանգամայն այլ է:

Պարզ է, որ խղճին կոչելը կամ էլ միամիտ բարոյախոսությունը ոչ մի օգուտ չեն տա։ Նախորդ վարչակարգի «հաշվառումն ու վերահսկումը» նույնպես ապացուցեցին իրենց անարդյունավետությունը նույնիսկ այն՝ համահարթեցված հասարակարգում: Իսկ այսօր մենք գիտենք, թե քաղաքապետարանն ու շրջխորհուրդները, գումարած սանէպիդկայանները, ինչպես են փորձում կարգավորել փողոցային առեւտուրը։

Մի խոսքով, առայժմ մնում է հուսալ, որ մեր շուկայում կհայտնվեն բավարար քանակությամբ իրենց հարգող ֆիրմաներ, որոնք կմրցեն իրար հետ եւ կնեղեն «դախլմեններին»։ Վատ չէր լինի նաեւ, որ ԱԺ-ն սպառողի իրավունքները պաշտպանող օրենք ընդուներ։ Այդ դեպքում օտար լեզուներին տիրապետող մեր առեւտրականների բացատրությունը, թե «տես, ֊քուր ջան, գրած ա՝ մադե ին ուսա», կհամապատասխաներ իրականությանը։ Համենայնդեպս, մենք իրավունք կունենանք դա պահանջել։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031