Շաբաթ օր էր, եւ հենց այդ պատճառով էլ որոշեցի այցելել «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի շրջակայքում «ծվարած» հանրահայտ տոնավաճառը։ Գնացի, բայց, այ քեզ բան… ժողովուրդը սովորականից ավելի շատ էր, իսկ աջ ու ձախ թափթփված փալաս-փուլուսները ինչ-որ գոյություն չունեին։ Պարզվեց, որ մարդիկ գնում էին «Ոսկե աշուն -95» բացօթյա շոու համերգին։ Որոշեցի մտնել… բայց ինչպե՞ս, եթե տոմս չունեի (իսկ մուտքի մոտ կանգնած կիսագրագետ ոստիկանը, նայելով իմ ժուռնալիստի վկայականին, որի վրա պարզ գրված է, որ լրագրողն իրավունք ունի մասնակցել ցանկացած տիպի միջոցառման, ոչինչ չհասկացավ, գոռաց ու…): Սակայն ես նկատեցի, որ «ջահելության» մի ստվար զանգված մագլցում է պատն ի վեր կամ էլ խցկվում ցանկապատի արանքով։ Մեղքս ի՞նչ թաքցնեմ, թքելով պայմանականությունների վրա, ես էլ հետեւեցի նրանց օրինակին։ Այնպես որ, համարյա լեփ-լեցուն մարզադաշտի 1/3-ը հաստատ առանց տոմսի էր հայտնվել այնտեղ…
Վերջապես հնչեց համերգի սկիզբն ազդարարող երաժշտությունը եւ շոուի վարողները ձյունաթույր խոսքերով մոտեցան բեմահարթակին։ Սակայն նրանց առաքելությունը հենց դրանով էլ ավարտվեց, քանի որ միկրոֆոնի անսարքության, թե ցածր խոսելու պատճառով հանդիսատեսի կեսից ավելին նրանց ձայնը այդպես էլ չլսեց:
Առաջինը բեմ բարձրացավ Արթուր Գրիգորյանի «Երգի պետական թատրոնը», եւ Հայաստանի օրհներգը կատարվեց ամերիկյան փոփի այնպիսի մշակմամբ, որ քչերը գլխի ընկան, որ հնչողը «Մեր հայրենիքն» է եւ ոտքի կանգնեցին։ Ապա իրար հետեւից հանդես եկան Վլադիմիր Աբաջյանն ու Ջիվան Գասպարյանը, Արամ Օհանյանը, «Արայի» դանս-շոու եւ «Սփիդ ը ռոու» պարային համույթները, Ֆորշը եւ ուրիշներ, որոնց ելույթի ժամանակ հանդիսատեսները միայն արեւածաղիկ էին ուտում կամ փուչիկներ բաց թողնում երկինք։ Սակայն
դրությունն արմատապես փոխվեց, երբ հայտարարվեց Արմինե Գրիգորյանի
անունը, եւ «Երեւանի սիրուն տղայի» ժամանակ ողջ մարզադաշտը մոռացավ արեւածաղիկն էլ, փուչիկներն էլ ու ջահելները սկսեցին պարել, պարել այնպիսի եռանդով, որ ես վախեցա, թե տրիբունաները փուլ կգան։ Իսկ պարերն ու ուրախ տրամադրությունը այդպես էլ շարունակվեցին մինչեւ համերգի ավարտը, քանի որ այնուհետեւ բեմ բարձրացան Աշոտ Ղազարյանն ու Ար֊մեն Խոստիկյանը, Էլվինա Մակարյանը՝ իր «Յարո ջանով» եւ իհարկե Արամ Ասատրյանն՝ իր «Սեւ-սեւ աչերով», «Այս գիշեր, այս գիշերով» ու «Օվսաննայով»։
Մի խոսքով՝ «Ոսկե աշունը» իսկական քեֆ դարձավ, եւ բացի այդ՝ մի լավ նախադրյալ Ալլա Պուգաչովայի համերգի համար…
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ