Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային ուղեծրում

Հոկտեմբեր 17,1995 14:45

Ուրանն սկսեց տրոհվել։

Բնագիտությանը պատկանող այս ձեւակերպումն այլեւս մեր առօրյայի բաղադրիչն է։ Գիտության բարձունքներից այն վայրէջք կատարեց մեր կենսակերպի հարթակին, ջնջելով նաեւ քաղաքականության անբարո հետքերը։ Ֆիզիկայի օրենքն այսուհետեւ մեզ համար նշանակելու է միս ու արյան միացություն՝ ակնթարթի բոլոր մտածումներով, բոլոր քայլերով։ Ուրանի միջուկի տրոհումը ցնծագին տոնախմբությամբ չվավերացվեց, չնայած մեր 5-ամյա հակասական սպասումների կիզակետն էր։ Ամաչում ենք ինքներս մեզնից։ Կամ էլ՝ իրադարձություններին սկսել ենք վերաբերվել առանց զգացմունքների ավելորդության։ Վերջիվերջո, ի՞նչ է եղել, պետք էր՝ ուրանին հրամայեցինք չտրոհվել, հիմա էլ պետք է՝ հրամայում ենք տրոհվել։ Բարդությունն այդ անկասելի ընթացքը անվտանգ հունով ուղղորդելն է։ Մարդկային բանականության արդյունքը լինելով, ուրանային ռեակցիան միաժամանակ անկառավարելի է։ Գրեթե այնչափ, որչափ ընդերկրյա տարերքը, որ 8-րդ տարին է՝ մեր տարածքի պարագիծը չի լքում, անվերջ իր մասին է հիշեցնում։ Կարծես եղածն արդեն մոռացել ենք, կամ հնարավոր է մոռանալ։

Սակայն երկուսն էլ՝ ե՛ւ ուրանային ռեակցիան, ե՛ւ երկրաշարժը մեր երեւակայության վատթարագույն դրսեւորումներն  են։ Դրանց ուրվականներին գերվելը կհավասարվեր կենդանական ու անտրամաբան ինքնակեղեքմանը։ Եթե ամեն վայրկյան սրտատրոփ հայացքներ ձգենք Մեծամորի ուղղությամբ, հետեւենք ծխի ամեն մի քուլային, նվաղենք քամու բերած շշուկներից, կվերածվենք մազոխիստների ամբոխի, որ բավականություն է վայելում սոսկ սեփական հոգու ու մարմնի ձաղկումն զգալիս։ Ինքնադատապարտման այդ չար բացիլը ոչ մի կերպ անցյալում չի թաղվում, այնինչ պետք է վաղուց լքած լիներ մեզ՝ վախի իր տիրույթը զգուշությանը զիջելով։ Զգուշությունը հիշատակենք ու չմոռանանք, որ երրորդ հազարամյակի շեմին այն չի կարող ինքնակա երեւույթ մնալ։ Ցանկացած ատոմակայանի գործունեությամբ այժմ հետաքրքրվում են բոլոր նրանք, ովքեր ճակատագրի կամոք հարեւանում են այդ կայանին։ Այդյո՞ք Չեռնոբիլի համակործան աղետի փաստը թույլ կտա, որ Հայաստանում նրա կրկնությունը հնարավոր դառնա։ Մարդկությունն այլեւս հին դյուրահավատը չէ։ Նա հիմա համակ աչք ու ականջ է՝ մեր երկրին, նրա բոլոր դարուփոսերին ուղղված։

Ուրեմն չարժե՞ մտածել, թե Հայկական ատոմակայանի այսօրն ու վաղը ապահովության թանձրացական երաշխիքներ ունեն։ Եթե խորհրդային անկատարության, կեղծիքի, ամենաթողության պայմաններում ՀԱԷԿ-ը կարող էր առանց կործանիչ հետեւանքների գործել, հոսանք արտադրել, ինչո՞ւ չի կարող հիմա՛ դա անել, երբ հիմնովին բարեկարգվել է, ամրացվել, հարմարեցվել միջազգային չափուկշիռներին եւ հենց իրենց՝ միջազգային կազմակերպությունների ակնդետ ուշադրության կենտրոնում է։ Գուցե թե ինքնասփոփանքն էլ առանձնապես շնորհակալ գործ չէ, բայց հաստատապես խուճապից գերադասելի է։ Այս կետում անպայման կարեւորենք հետեւյալը. ՀԱէԿ-ի «անվտանգության բարձր մակարդակը» երաշխավորում են ոչ թե բացառապես տեղական (թարգմանում են՝ անվստահելի) մասնագետները կամ ժողովրդավար (թարգմանում են՝ մեծախոս) իշխանավորները, այլ Վերագործարկման պետական ընդունող հանձնաժողովը՝ մասնակցությամբ ՌԴ պատասխանատուների։ Նրանց, ովքեր, իրոք, պատասխանատվության ահռելի բաժին են ուսել։ Հայտնի է, որ գործարկման ժամկետները բազմիցս հետաձգվել են, մինչեւ թերությունների վերջնական բացառումը։ Միայն այդ պահին է, որ հանձնաժողովականները փաստաթղթին են հանձնել իրենց ստորագրությունները։ Բոլորն անխտիր։ Մեր խորհրդարանում դա կկոչվեր միաձայն քվեարկություն։ Փաստաթուղթն ուրանին արտոնեց տրոհվել, բայց էլեկտրական հոսանքի փոխակերպվելը դեռ վաղ է։ Ըստ երեւույթին ոչ բոլոր խնդիրներն են լիակատար լուծում ստացել։ Դա, հարկավ, չի նշանակում, թե լույսի ու ջերմության ավելացումն այս ձմռանը իրողություն չի լինի։ Նույնիսկ կարելի է մտքով «հեռու սլանալ»՝ մեկ էլ տեսար՝ հոսանքի վարձաչափը նվազեց, չէ՞ որ «մեր տեղական ուրանը» հեռվից եկող թանկարժեք գազ չէ։

Եվ հետո՝ աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ ցատկ կատարեց՝ Հայաստանը հիմա ամենաիսկական համաշխարհային հանրապետություն է։ Համենայնդեպս, աշխարհի գոնե մի կեսի ճակատագիրը մեր հայրենիքից է կախված։ Թող լինի կիսահամաշխարհային հանրապետություն։ Ինչո՞վ է վատ։ Էժանացումից էլ կարող ենք խոսել, դեռ… մյուս կեսից էլ։ Ահա թե ինչ պատահեց, երբ ուրանն սկսեց տրոհվել։

Արդի մատենագիրները, որ հողմացրիվ են անում հայոց ապիկար արքաների մեծամիտ առասպելները, կարող են ամրագրել մեր պատմության այս նոր միջուկային փուլը։ Աստված թող արեւշատություն տա մեր մատենագիրներին՝ հաջորդ պատմափուլն էլ ամրագրելու համար։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031