Երեկ, ժամը 15.00-ին գիտության եւ կրթության (արդեն նախկին) փոխնախարար Աշոտ Բլեյանը խորհրդակցություն է հրավիրել եւ աշխատակազմի համար բոլորովին անսպասելիորեն հրաժարական է տվել։ Թեեւ պրն Բլեյանը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, կարելի է ենթադրել, որ նախորդ վարչակարգի լավագույն ավանդույթներով, նրան կազատեն աշխատանքից՝ «իր դիմումի համաձայն»:
Բնականաբար, որոշ տեսակետից շահեկան կլիներ հայտարարել, թե, ահա, վերջապես, աշխատանքից ազատվել է «ապազգային մանկուրտիզմի» կողմնակիցը, ու վաղվանից եւեթ մեր մատաղ սերունդը կդաստիարակվի «ազգային ոգով»: Սակայն, ավաղ, խնդիրը պրն Բլեյանի քաղաքական հայացքները չեն (որոնք իսկապես վիճելի են):
Պատճառներն ավելի սովորական են եւ, մեր կարծիքով, ավելի լուրջ։ Եթե մի քանի նախարարությունների՝ մեկի մեջ միավորելու ձգտումը պայմանավորված էր լոկ բյուրոկրատական ապարատը կրճատելու ազնիվ ձգտումով, նման գործերում շտապողականությունը միշտ էլ խանգարում է։
Նախքան այդ արմատական քայլին դիմելը, պետք էր գոնե մոտավոր պատկերացում ունենալ, թե ինչպես են մեկ նախարարության մեջ համատեղվելու լուսավորությունը, կրթությունը, գիտությունը, լեզվի տեսչությունը եւ մի շարք այլ գերատեսչություններ։ Որ նման պատկերացում չկար, վկայում է այն փաստը, որ երեք ամսվա ընթացքում չի որոշվել նորաստեղծ նախարարության կառուցվածքը։ Ըստ երեւույթին, այդ գործընթացում հաշվի չէին առնվում ոչ միայն պրն Բլեյանի, այլեւ մնացած փոխնախարարների (մեծ բնագավառների ղեկավարների) կարծիքները։ Այդ ամենի հետեւանքով, տվյալ ժամանակաշրջանում, փաստորեն, կազմալուծված էր նշված համակարգերի աշխատանքը։ Իսկ Աշոտ Բլեյանը, իր բազմաթիվ թերություններով հանդերձ, գործունյա մարդ է։ Այստեղից էլ՝ հրաժարականի հավանական պատճառը։