Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է իրականությունը

Հոկտեմբեր 17,1995 12:27

Նախագահ Տեր-Պետրոսյանի 4 տարին

Չորս տարի առաջ ընտրվեց անկախ Հայաստանի առաջին նախագահը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը չունի փառաբանելու, ոչ էլ նույնիսկ քարոզչական ապահովում կազմակերպելու կարիքը։ Նրա թիվ մեկ քաղաքական գործիչ լինելը այս չորս տարվա ընթացքում ապացուցվել է ամեն օր եւ ամեն ժամ։ Եթե ոմանք կարծում են, որ շարքային քաղաքացին դա չի հասկանում, ապա չարաչար սխալվում են։ Եթե մարդկանց մի խումբ էլ պնդում է, թե ժողովուրդը ատելությամբ է լցված իր նախագահի հանդեպ, նրանք պարզապես ստում են՝ քարոզչական նպատակներ հետապնդելով։ Ի տարբերություն քարոզիչների, սովորական մարդիկ շատ լավ գիտեն (եթե նույնիսկ չեն ձեւակերպում) մեր երկրի իրական վիճակը եւ նրա ղեկավարի դերը։

Հայաստանը դեմոկրատական երկիր չէ։ Ինչպես եւ նախկին միության բոլոր երկրները, մեր պետությունը ավտորիտար է։ Այլ ռեժիմ անցումային փուլում հնարավոր չէ ստեղծել։ Նրանք, ովքեր պահանջում են անհապաղ անցնել արեւմտյան տիպի ժողովրդավարությանը, թող որպես սկզբնական փուլ վերանայեն սեփական վարքը, օրինակ, որոշեն, թե որքանով է համապատասխանում իրենց կողմից հայտարարվող իդեալներին երկրի ղեկավարի խրտվիլակի հրկիզումը եւ կրակի շուրջը աֆրիկյան մարդակեր ցեղերի պարերի կազմակերպումը։

Այո, մենք ավտորիտար երկիր ենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք այդ ավտորիտարիզմը «լուսավորչական», հնարավորին չափով լիբերալ բնույթ է կրում։ Օրինակ, գործում են որոշ ընդդիմադիր կուսակցություններ, լույս են տեսնում որոշ ոչ պաշտոնական թերթեր։ Առանց Տեր-Պետրոսյանի, այդ նույն

ավտորիտարիզմը կլինի մութ, վայրենի, անհանդուրժողական։ Հիմքեր կան ենթադրելու, որ այդ դեպքում բոլորս պարտադրված կլինենք համախմբվելու «ազգային գաղափարախոսության» (կամ որեւէ այլ, «միակ ճիշտ» գաղափարախոսության) շուրջը։ Քանի որ նման բաների շուրջ համախմբվելու մենք 70 տարվա փորձ ունենք, գիտենք նաեւ, թե ինչի է դա սովորաբար հանգեցնում։ Դարերի ընթացքում Հայաստանի ղեկավարների

առաջ կանգնած էր արտաքին ուժերի միջեւ հավասարակշռություն գտնելու խնդիրը։ Այն իրականացնելու համար .անհրաժեշտ է բացառիկ հոգեկան

հանգստություն եւ սառնասրտություն։ Դրանով իսկ, Լեւոն Տեր-Պետրոսյանը շահեկանորեն տարբերվում է «Ղարաբաղ» կոմիտեի մնացած առաջատար անդամներից, որոնց իմպուլսիվ-դեպրեսիվ բնավորությունը անհարիր է մեր վիճակում գտնվող երկրի ղեկավարի համար։

Մեր նախագահը իսկապես հավասարակշռված մարդ է։ Եվ այդ արժանիքը փոխհատուցում է նրա հետեւյալ բացասական կողմը. նա բծախնդիր չէ քաղաքական շրջապատ ընտրելու հարցում, հավանաբար, համարելով դա երկրորդական խնդիր։ Այդ պատճառով է, որ չորս տարի շարունակ նրա կողքին եռում են պալատական կրքերը, որոնք երբեմն դուրս են գալիս լայն հասարակական ասպարեզ՝ դրան նպաստում է ներկա եւ նախկին որոշ ՀՀՇ-ականների գավառական-պարանոիդալ հոգեխառնվածքը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճախ հանդես է գալիս որպես հավասարակշռող ուժ, որպես մեր երկրի կայունության միակ երաշխավոր։

Իր իսկ խոսքերով ասած, սա է իրականությունը։ Լավ է, որ մինչեւ 20-րդ դարի վերջը մենք այլ նախագահ չենք ունենալու։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031