Քաղաքական լուրջ հանգուցալուծումները կայանում են պետական-պաշտոնական ատյաններում, սակայն ազգային բախումներն ունեն մի յուրօրինակ տրամաբանություն. նրանք, ծագելով որոշակի կետից, տարածվում են հակամարտող կողմերի հասարակական բոլոր շերտերում, ուստի կարգավորումն անհնար է առանց անհրաժեշտ հասարակական կարծիքի, համապատասխան դիրքորոշումների ձեւավորման, բարոյահոգեբանական արգելքների հաղթահարման։ Այս տեսանկյունից պատահական չէր Պրահայի Լրատվական հետազոտությունների բաց ինստիտուտի նախագահ Ջեկ Մարեսկայի՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կարդացված երկրորդ դասախոսության նյութի ընտրությունը՝ «Կովկաս. տարածաշրջանային տարաձայնություններ եւ համագործակցություն»։ Պրն Մարեսկան, որը նաեւ ԱՄՆ Խաղաղության եւ փոխըմբռնման հաստատման ինստիտուտի անդամն է, գործնական հարուստ փորձ ունի ազգային բախումների ուսումնասիրության եւ ԱՄՆ ռազմաքաղաքական առաքելության իրագործման՝ Կիպրոս, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Ալբանիա, նախկին ԽՍՀՄ տարածք։ Նախկին դեսպան եւ ներկա քաղաքագետ-տեսաբան Մարեսկան իր դասախոսությունը Երեւանի մտավորականության եւ երիտասարդության առջեւ կառուցել էր միջազգային իրավունքի բազմաչարչար երկու դրույթների փոխհաշտեցման տարբերակով՝ ազգերի ինքնորոշում եւ սահմանների անձեռնմխելիություն։ Կայսրությունները փլուզվում են, հետգաղութատիրական շրջանում կամայական վարչական բաժանումները պատճառ են դառնում արյունալի առճակատումների։
Միջազգային իրավունքի անկատարությունն այս մակարդակում առավել ակնհայտ է։ Չկան չափանիշներ. ի՞նչ ասել է «ազգ», «ազգային փոքրամասնություն»՝ արդյո՞ք, այս երկուսի տարբերակման հիմքում էթնիկական միավորի թվաքանակն է, աշխարհագրական տարածքը, պատմությունը տարընթերցումների ենթակա գործոն է։ Ըստ Մարեսկայի՝ ինքնորոշումը պարտադիր չէ, որ նշանակի սահմանների փոփոխում, այն կարող է այլ կերպավորում ստանալ։ Օրինակ՝ լայն ինքնակառավարում, որի անհրաժեշտ նախապայմանը հրադադարն է։ Միայն պատերազմի դեպքում է բաժանումը միարժեք՝ բռնություն։ Անշուշտ, պատմա-հոգեբանական գործոններով եւ հեղված արյամբ ծանրաբեռ ազգերին դժվար է անսալ բանականության ձայնին, սակայն ատենախոսը հակակշիռ օրինակներ բերեց՝ Հարավսլավիա եւ Չեխոսլովակիա։
Ընդհանրական կաղապարներ չկան, պրագմատիկ լուծումը պետք է բխի տեղային յուրահատկություններից։ Ցանկացած հակամարտություն ունի իր սկիզբը, աճը, բարձրակետը, որից հետո կորը նվազում է. առճակատում- պատերազմ- բանակցությունների պահանջ- զինադադար, վերջինիս պետք է հետեւի լուծումը, այսինքն՝ կայուն խաղաղությունը։ «Բոլոր բախումներն, ի վերջո ավարտվում են, բայց էականը 2 հարցերն են՝ ե՞րբ եւ ինչպե՞ս»,- փաստեց Մարեսկան։ Արցախյան հակամարտությանը նույն ճակատագիրն է սպասում, թեեւ նրա տեւականությունը արդեն գերձգձգված է։ Միջազգային հանրության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ ատենախոսը անբավարար համարեց։ Սակայն շեշտադրումներն աստիճանաբար խստացան. «Չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այստեղ շատ շահեր ունի։ Միջազգային հանրությունը լուծում չի գտնում։ Հակամարտության երկու մասնակիցները, ովքեր սկսել են պատերազմը, նրանք էլ պետք է ավարտեն»։ Այս զգացմունքային պնդումը փոքր-ինչ հակասական էր, որովհետեւ պրն Մարեսկան նախ՝ ուղղակի նշեց, որ ԱՄՆ-ի անմիջական միջամտությունը տվյալ առճակատմանը բարդանում է լոկ հեռավորությամբ եւ միջազգային պայմանագրերով. ո՛չ օդանավերով, ո՛չ Սեւ ծովով, իրենք չեն կարող մասնակցել «լուծմանը»։ Բոսնիայում սերբերի ռմբակոծությունը նա համարեց միակ հնարավոր ելք, թեպետ եւ այն շատերին հաճո չէ։ Իսկ հարցերին պատասխանելու ընթացքում հաստատեց ադրբեջանական նավթի կարեւորությունը Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար՝ ղազախական նավթի համեմատությամբ, վերջինս թույլ է տալիս հապաղելու։
Հանգուցալուծման միակ ռացիոնալ տարբերակը տվյալ դեպքում դե ֆակտո, բայց ոչ դե յուրե անկախ Լեռնային Ղարաբաղն է Ադրբեջանի կազմում, փաստացի անկախություն Ադրբեջանի իրավաբանական ենթակայության ներքո։ Արդյունքում երկու կողմերը կստանան իրենց ցանկացածը նվազագույն սահմաններում. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կվերահսկի սեփական ապագան, իսկ ազերիները կփրկեն իրենց ազգային արժանապատվությունը՝ սահմանները: Ընդսմին՝ ինքնակառավարվող Ղարաբաղը, Մարեսկայի կարծիքով, լայն հասկացություն է. «Նրանք կորոշեն ում բանակում ծառայել եւ ում մուծել հարկերը»։
Կարդացեք նաև
ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում այս տարբերակը մանրակրկիտ քննարկվել է։ Բնական է, որ նման լուծումը կողմերին լիովին չի բավարարում, բայց այն միակ ճիշտն է եւ ընդունելին։ Առայժմ դրա անկիրառելիությունը Մարեսկան հանգեցրեց չորս գործոնի. ա)կողմերի հոգեբանական անկարողությունը՝ համաձայնության գալու, բ) Լաչինի միջանցքի խնդիրը, գ)կարեւորագույն քաղաքների՝ Շուշի, Ստեփանակերտ, կարգավիճակը, դ)անվստահությունը, որը ծնվում է անվտանգության երաշխիքների բացակայությունից։ Հոգեբանական բարդույթների հաղթահարման եղանակը ռացիոնալիզմի հաստատումն է՝ ընդդեմ ֆանատիզմի. «Ամեն ինչ, ոչնչից չհրաժարվելու պայմանով» կարգախոսը փակուղի է։
Արցախյան հակամարտությունը կարծրանում է իր հնության մեջ, իրավիճակի սթափ վերլուծություն չի կատարվում, այսինքն՝ չի ծնվում նաեւ նախաձեռնություն, բացակայում է լուծում գտնելու իրական մոտիվացիան, դրանից բխող ճնշումը, ինչպես Հարավսլավիայում։ Մարեսկան փորձեց բացատրել Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի նախնական լավատեսությունն այս խնդրի արագ լուծման վերաբերմամբ, որտեղից էլ՝ անտարբերությունը կամ պասսիվ դիտորդի դերը, պատճառները բավականին ինքնատիպ էին. 1)խորհրդային մարդկանց հարմարվողականությունը, «սովոր էին դժվար կյանքի», թեեւ պետք է նշել, որ ԽՍՀՄ վերջին շրջանում մարդկանց կենսամակարդակը նման տխուր եզրակացության տեղիք չէր տալիս, 2)հայ–ադրբեջանական փոխադարձ անվստահության թերագնահատումը։ Ընդ որում, այդ անվստահությունը նաեւ հրահրվում էր դրսի ուժերի կողմից, «կրակի վրա յուղ լցնողների» շարքում ե՛ւ արտասահմանյան այն երկրներն են, որոնք ուղղակի շահ ունեն այս տարածքում՝ Ռուսաստան, Թուրքիա, ե՛ւ Սփյուռքը։
Իրավիճակի սթափ գիտակցումը պիտի մղի միջին մարդուն դեպի խաղաղություն։ Իհարկե, նման կարծրացած կնճիռը չի կարող լուծվել ինքնագործունեության ստորին աստիճաններում։ Հարցի պատասխանը կորոշվի միայն Քոչարյան-Ալիեւ մակարդակում, սակայն այս մեկնակետին հասնելու համար քաղաքական գործիչներին պետք է սատարել. «Քաղաքական գործիչները պետք է իմանան, որ մարդիկ ուզում են, այլապես ռիսկի չեն դիմի»։ Իր խոսքը Մարեսկան ավարտեց հասարակայնությանն ուղղված խորհրդով՝ անել հնարավորը, որպեսզի խաղաղության ընթացքը կայանա։ Նախկին դեսպանի խոսքերում հստակ զգուշացում կար. հրադադարը կայուն եւ մշտական չէ. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը ընդմիշտ կմնա իր տեղում, նա կշարժվի եւ կպարտադրի իրենը»:
Ատենախոսությանը հետեւեցին հարցեր, որոնց մեջ թե՛ զգուշավորություն կար, թե՛ մտահոգություն, այստեղից էլ՝ նրանց ոչ հարցային բնույթը. դրանք ավելի շուտ փոքր ելույթներ էին՝ հաճախ զգացմունքային եւ բնավ ոչ պրագմատիկ։ Սիմոն Շահազիզյանը վերջին կոչ-զգուշացմանը տվեց իր ձեւակերպումը՝ ժողովուրդը, «ստորին» մակարդակը, արդեն տվել է իր պատասխանը՝ անկախություն, եթե ղեկավարը դեմ գնաց, ուրեմն՝ դավաճան է, հակամարտությունը «կյանքի եւ մահվան» հատույթում է։ Մարեսկան նորից փորձեց հակադրվել այս ոչ պրագմատիկ ձեւակերպմանը. «Ես ոչ մի տարբերակ չեմ տեսնում, որ հայերը լքեն Ղարաբաղը. այն միշտ էլ հայերի հողն է եղել, եւ նրանք միշտ էլ պիտի ապրեն այնտեղ»։ Հայաստանի եւ հարեւան երկրների հետ հարաբերությունները պրն Մարեսկան արժեւորեց բավական յուրօրինակ. Հայաստանում իրանական եւ թուրքական ապրանքների առատությունը խանդավառող գործոն է։ Իսկ Ամերիկան այս եռահատույթում հաշտարար է. հարգել ե՛ւ թուրքերին, ե՛ւ հայերին, որովհետեւ շահերը երկբեւեռ են՝ հայկական Սփյուռք՝ իր տնտեսական ու քաղաքական ներուժով, եւ Ադրբեջանի բնական պաշարներ՝ նավթ, գազ։
Նավթամուղի հարցը պրն Մարեսկան հատուկ մասնավորեց՝ այն կոչելով «խաղաղության խողովակաշար», որի առկայությունը ողջ տարածաշրջանին բարգավաճում կբերի։ Տնտեսական շահերը հիմնաքարն են ոգեկոչվող պրագմատիզմի։ Հակամարտող երկրները, ընդգրկվելով մի ընդհանուր ձեռնարկության մեջ, գոյակցությունից կանցնեն փոխշահավետ համագործակցության մակարդակ՝ Բաքու-Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա. դարավոր անտագոնիզմի հաղթահարման միակ ելքը։ Սակայն ողջ խնդիրը դարձյալ հանգում է խաղաղության երաշխիքների։ Միանշանակը, անգամ կայացած որոշումների պարագայում այն է, որ մեկ խողովակաշարի կառուցումը առավել կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը։ Երկրներից որեւէ մեկը չի կարող տեր դառնալ կենսական աղբյուրի բացման կամ փակման մենաշնորհին։ Այսպիսով, Մարեսկան վերահաստատեց այլընտրանքների եւ տարանցիկ խողովակաշարերի արդյունավետությունը՝ որպես զսպիչ եւ կառուցողական գործոնների, տնտեսությունից դեպի քաղաքականություն։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ