Լրահոս
Օրվա լրահոսը

Մոխիրը կրակի շիջումից է շատանում

Հոկտեմբեր 14,1995 19:50

Դժվար է միանշանակ ասել, թե ինչ դիտավորությամբ, այնուամենայնիվ, հայկական հեռուստատեսության առաջնակարգ նախկին պաշտոնյաներից մեկը՝ լրագրող Վահրամ Մարտիրոսյանն ակնհայտորեն չարացած է։

«Քաղաքական փասիանսը»՝ առաջին ապացույց։ Ժամանակակից հայ գրականության հիմքերին ուղղված «ուժեղ զարկը» («Առավոտ», օգոստոսի 11-12)՝ երկրորդ։

Երրորդն ու առավել ցցունը «Մի ժողովրդի պատմություն» հրապարակումն է («Առավոտ, հոկտեմբերի 6-7), ուր նա անզիջում կրքոտությամբ «վերանայում» ու ճգնում է այդ քայլին ամենքին մղել, այն արժեքներն ու արժանիքները, որոնցով հայությունը գոյատեւել է համաշխարհային պատմության փոշոտ կեռմաններում, ժողովրդային աստիճանից հասել ազգային հավաքականության, եւ ինչու չէ՝ մերձեցել ցեղակրոնության հանգրվանին։ Եվ դա՝ պարզունակ եղանակով, մեր իսկ ազատության կրակի ու մոխրի հարաբերակցությունը խախտելու միջոցով իր «ցանկալի կառույցին» հիմնական    շինանյութ դարձնելով երկրորդ բաղադրիչը՝ մոխիրը։ Հայտնի բան է՝ եթե նպատակն ազնիվ չէ, այն արդարացնող միջոցներն առավել անազնիվ են։

Վահրամ Մարտիրոսյանը հեգնում է ամեն ինչ՝ նոյյան եւ հայկյան առասպելներից ընդհուպ մինչեւ ներկա Հայաստանի Հանրապետության կազմավորման իրողությունը: Արարատ լեռան նկատմամբ «այն ժամանակ դեռեւս» չեղած Հայաստանի հավակնությունը։ Հայ ժողովրդի ինքնահաստատման խորհրդանիշ Հայկ նահապետի հաղթանակը Բելի նկատմամբ։ Հավերժական քաղաք Հռոմի ու «աշխարհին հայտնի ոչ մի պատմական իրադարձություն» չտեսած Երեւանի միջեւ ժամանակային զուգահեռի անցկացումը։ Մեզանում քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակելու իրողությունը: Ավարայրի ճակատամարտը, ուր թեեւ հայերը «բարոյապես հաղթել են պարսիկներին, պարսիկներն իրենք այդ բանը չեն զգացել եւ իրենց պատմության դասագրքերում հաճախ չեն էլ հիշատակում սույն իրադարձությունը»։ Դարեր ի վեր Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջեւ կռվախնձոր լինելու, ապա եւ թուրքերի ու ռուսների լծի տակ գտնվելու, «դարի առաջին մեծ ցեղասպանությանը» ենթարկվելու մեր ազգային ողբերգությունը։ «Ուժեղի ու թույլի» հարաբերությունների հարցում միանգամայն ընդունելի դիրքորոշման տեր Վահրամ լրագրողը, այնուամենայնիվ, չի հանդուրժում նաեւ Տիգրան Մեծի փառքը, քանզի նա թեեւ «մեծ տարածքներ է գրավել, բայց կյանքի վերջում դրանց զգալի մասը կորցրել է եւ Խորենացին նրան կոչում է Տիգրան Միջին»։

Ընդամենը բանաստեղծական մի լղարիկ գրքույկի հեղինակը իր «երկրորդ զարկից» հետո հասկացավ, թե հայ գրականությունը դեռեւս կենդանի է. փորձել է «մին էլ զարկել»՝ այս անգամ Նարեկացուն, ում կապը Վերածննդի հետ «միայն վերջերս է պարզվել»։ Եվ քանի որ «արվեստը, օրենքի նման, հետադարձ ուժ չունի, հանցանք է Նարեկացուն համարել Վերածննդի իսկական հիմնադիր»։ Լրագրողը տեր է կանգնում միայն մեր ժողովրդի անվանն ուղեկցող երկու մակդիրի՝ տառապած, բազմաչարչար, որոնցից, այնուամենայնիվ, չի բխում, թե նաեւ «արդար ենք»: «Համընդհանուր չափանիշներով արդար ենք՝ դա բավական չէ, պետք է նաեւ խելք ունենալ»։ Հարազատ ժողովրդի մյուս արժանիքը՝ աշխատասիրությունը եւս նա

օգտագործում է ընդգծված            վերապահումով՝ «հայաստանցի հայերի աշխատասիրությունը որոշ չափով հետ զարգացավ սովետական իշխանության օրոք»: Եվ բացարձակ լռություն մեր օրերի, մեր ժամանակների համընդհանուր գործազրկության մասին։ Իր հայրենի քաղաքում հինգ-վեց եկեղեցի տեսած ու մտած գյումրեցին մոռացության է մատնում հայ ճարտարապետության միջազգային ճանաչման իրողությունը, քանզի մեր «ամեն մի պահպանված եկեղեցուն» եվրոպական հին քաղաքներում «իր միջնադարյան տեսքով կանգուն ու բնակելի մի թաղամաս է ընկնում, ամեն մի խաչքարին՝ դղյակ, ամրոց կամ պալատ»։ Ժողովրդի «տաղանդավորության» պարագան, ըստ նրա, հիմնավոր չէ, քանզի թեեւ «Ամենատարբեր ասպարեզներում՝ սպորտից մինչեւ նկարչություն ու երաժշտություն, աստղագիտությունից մինչեւ ռազմական արվեստ հայազգի գիտնականները հասել են համաշխարհային հռչակի», բայց ամբողջական ոլորտներում հայկական «մակնիշը» ձեռք չի բերել այնպիսի հաջողություններ, որ

հայտնվի երեւելիների… շարքում։ Եվ տեսեք, թե նրա խոսքն ուր է գնում «քաջ որսկանի գյուլլի պես». «Մեր համար համբավի աղբյուր կարող է լինել առեւտուրը, որով հայտնի ենք եղել պատմության            ընթացքում» (ընդգծումն իմն է. Ժ. Մ.):

Բայց այստեղ էլ բացասական դեր են խաղացել երիցս անիծյալ սովետական կարգերը՝ «սպեկուլյացիայի անվան տակ» արգելելով «ազատ»

առեւտուրը: Այս հանգամանքը նկատի առնելով հազիվ թե «միջազգային շուկայում» որեւէ մեկը մեզ տաղանդավոր ժողովրդի վկայագիր «տա»։

Մեր պատմության, մեր ժողովրդի կենսագործունեության այսուայնկողմին տեղալով նորանոր «զարկեր»՝ նա նաեւ կշտամբում է, թե տառապում ենք աշխարհին ներկայանալու «մարմաջով»։ Մեր ժողովրդի անցած ճանապարհին հուրհրացած բոլոր կրակների վրա փռելով հաստ մոխրաշերտ՝ նա ի վերջո հասնում է իր բաղձալի ասելիքին, հայ ժողովրդի պատմությունը «տիպիկ պատմական ասպարեզը լքող ժողովրդի պատմությունն է, որին, վերջին շնչում, հաջողվել է փրկվել անէության վիհը գլորվելուց ու ոտքի կանգնել։ Այդ պատմության տեր Հայրենիքը նրա զավակները պետք է սիրեն այնպես, ինչպիսին որ նա կա»։ Այսինքն՝ այն զավակները, որոնց մեղադրում է «որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց» կենսաձեւի, հայրենիքը լքելու, խեղճության, ազգային արժեքներով հպարտանալու՝ «պոռոտախոսության» համար:

Ինչեւէ։ Սպասվում է, որ մեր ցեղի ուժահավաքի այս դժվարին ժամանակներում իր չարությունն ամբողջովին պարպելուց հետո, մի գեղեցիկ օր «Մի ժողովրդի պատմություն» զրպարտագրի հեղինակը կըմբռնի, որ ժամանակներն են եղել բարբարոս, համամիտ կլինի Անգլիայի նախկին վարչապետ Ու. Չերչիլի «Հայ ցեղի դարավոր դժբախտությունները գլխավորապես իր երկրի ֆիզիկական կառույցի հետեւանքն են» մտքին, նրան պարտադրված պայմաններին դիմակայելու իրողության մեջ կտեսնի նաեւ հերոսականության ու կամքի արտահայտություն։ Եվ, իհարկե, ի վերջո կհասկանա, որ այսօրվա մեր Անկախ Հանրապետությունը, «տարածաշրջանի ամենաուժեղ» իր բանակով, սոսկ այն ոչ մեծաթիվ հայրենասերների ձգտումների պտուղը չէ, դեպի որոնց իշխանական բարձունքներին է ձգտում մերձենալ ինքը եւս, այլ նաեւ ու հատկապես դարերի ընթացքում ամբողջ ազգի հասունացած ինքնաճանաչման, կամքի ու վճռականության արտահայտությունը։

Այո, սնապարծությունը լի է կործանիչ տարրերով: Սակայն առավել վտանգավոր ու կործանարար է անհիմն ժխտողականությունը։

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031