Հոկտեմբերի 12-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում տեղի ունեցավ ուսանողների արդեն հերթական հանդիպումը Հայաստանի հայտնի լրագրողների հետ։
Այս անգամ հանդիպման հերոսն էր «Լրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը, որը լսարան մտնելու առաջին իսկ պահերից հայտնվեց հարցերի խաչաձեւ կրակի տակ։ Եվ, որքան էլ որ զարմանալի չի թվում, երիտասարդ լրագրողներին ինչպես եւ նախորդ անգամ (հանդիպման հյուրն էր «Առավոտի» գլխավոր խմբագիրը), ժուռնալիստիկայի մասնագիտական խնդիրների փոխարեն, ավելի շատ հետաքրքրում էին զուտ քաղաքական բնույթի հարցերը, մասնավորապես ՀՅԴ-ի եւ «Դրո» կառույցի մասին հրապարակումները մամուլում, օրաթերթի քաղաքական ուղղվածությունը, խոչընդոտներն ազատ մամուլի գոյության համար եւ այլն։ Երկու դեպքերում էլ հանդիպման հյուրերը քաղաքական հարցերում խուսանավող պատասխաններ տվեցին, բայց այն փաստը, որ Հայաստանում դեռեւս գոյություն չունի ազատ մամուլ, փաստորեն, ընդունվեց երկու հյուրերի կողմից էլ։
Անշուշտ, հնչեցին նաեւ այլ բնույթի հարցեր եւս, եւ դրանց պատասխանելու ժամանակ պարզվեց, որ պրն Ղահրիյանը գերադասում է կարդալ «Առավոտ» թերթը, իսկ պրն Աբրահամյանը՝ «Ազգն» ու «Լրագիրը»։ Իսկ թե ինչով է պայմանավորված հայացքների այդպիսի նմանությունը, դժվար է կռահել… գուցե՞ այն պատճառով, որ երկու հանրահայտ ժուռնալիստներն էլ մասնագիտությամբ լրագրող չեն…
Ինչեւէ, երկու հանդիպումներն էլ անցան ջերմ, նույնիսկ առանձին պահերին շիկացած, բայցեւայնպես, այնպիսի ժուռնալիստական մթնոլորտում, որ եթե չլիներ կողմնակի միջամտություն, հարցերի տարափը այդպես էլ չէր ավարտվի։
Կարդացեք նաև
Ի դեպ, ֆակուլտետի ղեկավարությունից հայտնի դարձավ, որ հաջորդ հյուրը, հավանաբար, կլինի «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Արամ ՄԿՐՏՉՅԱՆ