Հայաստանը վերջերս դարձել է կասկածահարույց արվեստների ուխտավայր. մերձավոր եւ հեռակա արտասահմաններից գալիս են ու գալիս տարաբնույթ պարային-սպորտային համույթներ, առանձին երգիչ-երգչուհիներ՝ խոստանալով «սիրո անհատնելի հմայք» եւ թողնելով լոկ «դառը կսկիծ»։
Դառը կսկիծ, որովհետեւ աշխարհում մեծ ճանաչում եւ բարի համբավ ունեցող արվեստագետները, կարծես, շրջանցում են մեզ. մեկուսանում ենք գեղեցիկի մայրուղուց, իսկ մարտնչող անճաշակությունը կպչուն հյուրի պես ներթափանցում է մեր կյանք՝ անգամ ոչ թե երդիկից, այլ լայն բացված դռներից՝ արթնացնելով մարդկային ստորին ու մութ բնազդները, որոնցից, թվում էր, ազատվել էինք վաղնջական ժամանակներում։ Վերջին ամենաակնառու անճաշակության դրսեւորումներից մեկը՝ «Ըմբշամարտ ցեխի մեջ»՝ կանացի կատարմամբ։
Վիթխարի տառերով ցուցապաստառները, գովազդային հոլովակները, ձայնասփյուռը մեր հասարակայնությանը հրավիրում են Մարզահամերգային համալիր՝ ըմբոշխնելու էկզոտիկ վայելքներ, ցեխի մեջ գալարվող կանացի մարմինների հաղթական ուժ։ Բացի տեսալսողական վայելքներից՝ ձեզ սպասում է նաեւ ուղղակի մասնակցության «խայծը»։ Ցանկացե՛ք եւ հանդգնեք։. Երեք ցեխաստղի հաղթելու դեպքում՝ կարժանանք 400000-դրամանոց մրցանակի, իսկ բացառիկ դեպքերում՝ նաեւ հյուրախաղերի հրավերքի։ Այնպես որ, էկզոտիկ վայելքներին կգնաք պատրաստված, հարգելի համաքաղաքացիներ, համապատասխան զգեստավորմամբ, հագուստներն այսօր բավական թանկ են. վերնազգեստները չարժե աղտոտել, իսկ հոգինե՞րը…
Կամ, գուցե, նման մրցույթների կազմակերպիչները ակնարկում են մեր ներքաղաքական պայքա՞րը։
Կարդացեք նաև
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ