Ես, Հայաստանի հանրապետության շարքային քաղաքացիս, շուրջ երեք ամիս է՝ առավոտից մինչեւ ուշ երեկո փառք եմ տալիս հայրենի կառավարությանը, որ ամեն տեսակ անտոկոս վարկ, ատոմակայան, հէկ ու պշէկ մեջ գցելով, վերջապես հաջողացրեց առավոտից մինչեւ ուշ գիշեր լույս տալու գործը՝ չհաշված ցերեկվա մի քանի ժամը։ Բայց դե էդ հեչ, կարեւորն այն է, որ մեր տառապած ժողովուրդը կրկին վերստացավ իր լուսավորյալ կարգավիճակը եւ հիմա անկախության ճանապարհի մնացած մասը պետք է անցնի լուսավոր բնակարաններում:
Էդ տեսակ խոհերով էի տարված, հերթական անգամ կառավարությանը օրհնանք ու փառք էի տալիս, երբ հանկարծ սեւ իջավ փառաբանությանս… հովհարային անջատման տեսքով:
Մտածեցի, որ մեր խեղճ կառավարությունը, հաստատ, մեղք չունի, վատամարդը ես եմ ու էլի ինձ նման հազարավորները, որ հավաքված 2000-ական դրամների դիմաց մատակարարված էլեկտրաէներգիան սպառել ենք բավական չէ, մի բան էլ դենն ենք անցել: Վճռեցի, որ եւ չափն ենք անցել, եւ համը հանել: Հաջորդ օրը, չնայած հանգստյան օրվա հանգամանքին, ես՝ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիս, որ մինչեւ շուկայական հարաբերությունները պարտաճանաչորեն մուծումներ եմ կատարել բոլոր կոմունալ-կենցաղային ծառայությունների դիմաց 2000 դրամ գրպանս դնելով, ուղեւորվեցի դեպի մերձակա խնայդրամարկղը:
Եթե ասեմ ինձ այնտեղ դիմավորեցին արտակարգ սիրալիրությամբ, կնշանակի ոչինչ չեմ ասել։ Մի պահ նույնիսկ այնքան շփոթվեցի, որ ակամա սկսեցի մտածել, թե արդեն քաղաքակիրթ աշխարհի օրենքները ջունգլիների վրա էլ են տարածվում։ Խնայդրամարկղի աշխատակցուհին, երբ որ իմացավ ցանկանում եմ էլեկտրաէներգիայի վարձը մուծել, որոշեց արտահերթ սպասարկել։ Մինչդեռ ես այնտեղ էի գնացել իմանալու, թե փողը ում պետք է վճարեմ՝ իրե՞նց, թե շրջիկ հարկահավաքին, որը մեր օրերում լույսի մարդ կամ եվրոպականացված տարբերակով՝ էլեկտրիկ է կոչվում։
Կարդացեք նաև
Աշխատակցուհին էլ թե՝ պետությունը վճիռ է ընդունել, որ այլեւս պետք է վերջ դնել 2000-ականների նախապատմական ժամանակներին բնորոշ հարկահանությանը։ Մտածեցի, որ նրա ասածը ճշմարտություն է, ու հերթական անգամ փառք տալով կառավարությանը մեր զարգացմանը նպաստող վճիռ կայացնելու համար, էլեկտրաէներգիայի վարձը մուծեցի ու վերադարձա տուն։ Բազմոցին թիկնած վայելում էի պետությանս հանդեպ ունեցած պարտավորությունս բարեխղճորեն կատարած լինելու զգացողությունը, երբ հնչեց դռան զանգը: Էլեկտրիկն էր, որ էլեկտրաէներգիայի վճարման գրքույկներն էր ստուգում: Ես, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիս, դեռեւս վայելելով պարտականությունս պարտաճանաչորեն կատարած լինելու զգացողությունը, գրքույկը դրեցի սեղանին։ Էլեկտրիկը վերցրեց, նայեց, նայեց ու մթնեց.
– էս ի՞՝նչ եք արել, անաստվածներ,- ասաց,- որ բոլորը ձեր նման անեն, մեր տունը կքանդվի:
Ես հասկացա, որ բարեխղճությանս մեջ ինչ-որ սխալ կա ու մեղքս քաված լինելու նպատակով առաջարկեցի սուրճ խմել։ Նա էլ հրաժարվեց՝ ասելով, թե սուրճ առաջարկողը հացը չի կտրում…
Ոչինչ չհասկանալով լույսի մարդու հերթական ռեբուսից, հարցրեցի հետագա անելիքներս։ Սա խոժոռ հայացք ձգեց վրաս, վեր կացավ ու հեռացավ։
Երեկոյան ինձ այցելեց անմիջականորեն նույն հարկաբաժնում ապրող հարեւանս։ Ասաց, որ լույսի մարդը ինձնից բան չի հասկացել, էս 4-5 տարին, որ փողը պետությանն եմ տվել, պետությունը բացի Նոր տարվանից, երբեւիցե լույս տվե՞լ է: Ոչ։ Հիմա էլ փողը պետությանն եմ տալիս, խնայդրամարկղում էլ այն սիրալիր ընդունում են, որպեսզի էլեկտրիկներին հասանելիք տոկոսները իրենց մնան։ Այսպես որ գնա, բան դուրս չի գա, չէ որ «ձեռը ձեռ ա լվանում, շուռ ա գալիս երես ա լվանում»։ Ավելի լավ չէ՞ մենք լույսի մարդուն ամսական տանք 2000 դրամ, իսկ նա էլ մեզ օրական 18 ժամ էլեկտրաէներգիա տա։ Թե չէ պետությանը տված փողի դիմաց ոչ ոք ոչ մեկին լույս չի տալիս: Եվ եթե շատերը ինձ նման վարվեն, ապա մեր թաղամասը, ընդհանրապես, կհոսանքազրկվի: Էն ժամանակ նոր կիմանանք, թե ում տրված փողն է մութ տեղը լույս տալիս:
Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ