Լրահոս
Օրվա լրահոսը

…Միայն իրեղեն ապացույցներից հետո

Հոկտեմբեր 13,1995 11:31

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստը կարճատեւ էր։ Փաստաբան Ռշտունին, կոլեգիային ներկայացնելով անաշխատունակության թերթիկ, խնդրեց ընդմիջումից հետո հետաձգել նիստը մինչեւ երեքշաբթի։ Խոսք չկա, դատապաշտպանների աշխատանքը նյարդային է, եւ պատահական չէ, որ ամենապատասխանատու պահերին սրտային հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին։

Նման պահը հասունացել էր արդեն նախորդ նիստի ժամանակ, երբ ցուցմունք տալու հերթը հասավ ամբաստանյալ Արմենակ Զաքարյանին։ Նրան առաջարկված մեղադրանքներն են՝ ավազակախմբում ակտիվ մասնակցությունը, Աշոտ Ներսիսյանի սպանությանը մասնակցելը («Քերոբ») եւ Գագիկ Սահակյանի սպանության կազմակերպումը (Թոփ-1), ինչպես նաեւ թմրադեղերի առուվաճառք։

Զաքարյանը հիշեցրեց, որ ավելի վաղ հրաժարվել էր դատավարությանը մասնակցելուց, եւ հայտարարեց, որ ցուցմունքները տալու է միայն իրեղեն ապացույցները քննարկելուց հետո։ Սակայն, ընդունելով ամբաստանյալի կողմից թելադրվող ապացույցների հետազոտման կարգը, կոլեգիան կխախտեր իր սեփական որոշումն այդ հարցի վերաբերյալ, որն ընդունվել էր դեռեւս դատավարության սկզբում։ Այդ որոշման համաձայն, իրեղեն ապացույցների հետազոտումը կկատարվի միայն բոլոր ամբաստանյալների հարցաքննություններից հետո։ Հիշեցնեմ, որ կոլեգիայի կողմից հաստատված կարգը դատավարության ամենացավոտ հարցերից մեկն է։ Նախկինում մեղադրյալների եւ նրանց դատապաշտպանների կողմից բազմաթիվ փորձեր էին արվում վերանայել այդ որոշումը։ Սակայն, առ այսօր դատարանն անհողդողդ է։

Բացառություն չկազմեց նաեւ Զաքարյանի դեպքը։ Դատարանը որոշեց շարունակել նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը։ Ընթերցված արձանագրությունները վերաբերում էին Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանության կազմակերպման եւ իրականացման մանրամասներին, թմրադեղերի օպերացիաներին, ինչպես նաեւ Զաքարյանի «Դրո» կազմակերպության մեջ ընդունվելու հանգամանքներին։

Ինչպես եւ սպասվում էր, Զաքարյանը հրաժարվեց պատասխանել իր ցուցմունքներին վերաբերող հարցերին։ Նա հայտարարեց միայն, որ իրեղեն ապացույցների քննարկումից հետո մտադիր է հանդես գալ բացատրություններով, թե ինչպիսի հանգամանքներում է տրվել նախաքննության իր ցուցմունքները։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031