Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ի 100 օրը

Հոկտեմբեր 13,1995 10:25

Այսօր լրանում է Ազգային ժողովի 100-րդ օրը։ Իր առաջին հոբելյանը նորաստեղծ օրենսդիր մարմինը դիմավորում է բավականաչափ պատկառելի տեսքով՝ համալրված են պատգամավորական բոլոր թափուր տեղերը եւ գործնականում ստեղծված են նրա կառուցվածքները։ Իրականություն են դառնում միակուսակցական եւ հակասություններից զուրկ խորհրդարանի մասին կանխատեսումները։ Սրընթաց տեմպը, որով ԱԺ-ն ընդունել է բոլոր օրենքները, թույլ է տալիս ենթադրել, որ ԱԺ-ն իր «բերքատվությամբ» կգերազանցի աշխարհի բոլոր խորհրդարանների ռեկորդները։ Ջախջախիչ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» միավորումը օլիմպիական հանգստություն է պահպանում եւ տեղի չի տալիս միակարծությանը եւ իշխող կուսակցության բռնատիրությունը ակնարկող կշտամբանքներին։ Դատելով այն հանգամանքից, որ հանձնաժողովներում նույնպես պահպանված է ամենամեծ խմբավորման գերիշխանությունը, կարելի է ենթադրել, որ իշխանավորները հակված չեն ավելորդ պլյուրալիզմի պատրանք ստեղծելուն։

Այնուամենայնիվ, բազմակարծության հարցում դեռեւս ամեն ինչ չէ, որ կորած է։ Չորեքշաբթի օրը ստեղծվեց «Բարեփոխություն» պատգամավորական խմբակցությունը, որի մեջ մտնում են անկախ պատգամավորները։ Դա հույս է ներշնչում, որ խորհրդարանում, այնուամենայնիվ, կձեւավորվեն տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր, եւ «Հանրապետության» կողմից խրախուսվող միատարրությունը որոշ չափով կխախտվի։ Իր հերթին, «Բարեփոխությունը» միատարր կազմավորում չէ, այստեղ կան տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Բոլորը, սակայն, լոյալ են ներկա վարչակազմի հանդեպ եւ, պետք է ենթադրել, այստեղ գերակշռող դեր են խաղալու գործարանների տնօրենների եւ տեղական իշխանությունների ղեկավարների շահերը։

Կարծում եմ, սակայն, որ պատգամավորների քաղաքական կողմնորոշումները հիմնականում ձեւավորելու են գալիք նախագահական ընտրությունները։ Եվ՝ այստեղ, հավանաբար, մեզ անակնկալներ չեն սպասում։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031