Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժի անխուսափելիությունը եւ ապաքաղաքականացումը

Հոկտեմբեր 12,1995 18:10
vahan

Հարցազրույց ՔՊՀԱՀ խորհրդի համակարգող Արմեն Հովհաննիսյանի հետ

– Պրն Հովհաննիսյան, նորաստեղծ Քաղբանտարկյալների պաշտպանության Հայաստանի ազգային-հասարակական խորհուրդը ճշտե՞լ է արդեն իր կարգավիճակը պետական ատյաններում։

– Օրերս ես եւ մեր խորհրդի մյուս համանախագահը՝ Հովհ. Ասրյանը, որը բարձր որակավորման իրավաբան է, եղանք Արդարադատության նախարարությունում եւ փոխադարձ սիրալիրություններ փոխանակեցինք։ Մեզ խոստացան հնարավորին չափ արագ պատասխան տալ։ Եթե հիշում եք, մեր առաջին ասուլիսին ես շեշտեցի, որ թերահավատ եմ եւ հնարավոր է՝ չգրանցվենք։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ ընդհանրապես բոլոր, այդ թվում եւ շատ զարգացած երկրները չեն ընդունում, թե իրենք քաղբանտարկյալներ ունեն։ Այնպես որ, սպասենք, մենք կկարողանանք լիարժեք զբաղվել մեր պաշտպանյալների ասեմ, թե խնամարկյալների հարցերով, երբ գրանցվենք, ունենանք կնիք, տարածք, այսինքն՝ հեռախոս, մշտական հասցե, ուր կդիմեն եւ կգան։

– «Քաղբանտարկյալ» հասկացությունը ձեզ չի թվում տարասածությունների առարկա, որն անընդհատ ենթակա է շահարկումների:

– Ո՛չ, բայց ցանկության կամ պատրվակարարության դեպքում, իհարկե, միշտ էլ կարելի է պնդել, թե քաղբանտարկյալներ չկան, նման մարդիկ բոլորն էլ մեղադրվում են քրեական կամ քաղաքացիական օրենսգրքերի տարբեր հոդվածներով, բայց եթե հանցանքները հետեւողականորեն վերագրվում են հասարակության խիստ որոշակի խմբի կամ կազմակերպության, որոնք քաղաքական ընդդիմություն են տվյալ վարչակարգի վերաբերմամբ, ապա ուժի կիրառման պատճառահետեւանքային կապը եւ նրա կամայական բացարձակեցումը հստակ են։ Մենք մշակել ենք 4 չափանիշ, որոնք թույլ պիտի տան կազմել քաղբանտարկյալ համարվող մարդկանց ցուցակը։ Սա, անշուշտ, պարտավորեցնող եւ դժվար խնդիր է, որովհետեւ անարդարացի է, երբ անազատության մեջ ոմանք զգում են աջակցություն, իսկ մյուսները զրկված են դրանից։ Շատ լավ կլիներ, եթե դրա կարիքը չլիներ, վերջին տարիներին մեր հանրապետությանը ոչինչ այնքան չվնասեց, ո՛չ բնական աղետները, ո՛չ հարեւան հանրապետությունը, ո՛չ միջազգային իրավիճակը, որքան անհանդուրժողականությունը։ Եթե Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը հայրենիքի դավաճաններ են համարվում, ապա ավելացնելու կամ բացատրելու ոչինչ չունեմ։

– Դուք անվանեցիք երկու անուն, կարո՞ղ եք ասել որոշակի թիվ՝ ձեր տվյալներով քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում։

– Ես ոչ թե երկու անուն ասացի, այլ շեշտեցի այն երկուսին, որոնց ճանաչում եմ անձամբ, որոնց գործունեության մասին կասկածներ չունեմ։ Մնացածներին ես ծանոթ եմ, բայց ընդհանուր գծերով, ըստ հարցաքննության կամ դատաքննության            ընթացքում գրանցված խախտումների։ Որոշակի թիվ առայժմ ասել չեմ կարող, որովհետեւ. նյութերը հավաքման ընթացքում են։ Բացի այդ՝ մենք չենք պաշտպանելու միայն հայ քաղբանտարկյալներին, այլ արձագանքելու ենք քաղաքական բռնության բոլոր դեպքերին։

– Ձեր գործունեության, այսինքն՝ ազդեցության լծակները որո՞նք են լինելու, հատկապես, եթե հաշվի առնենք հայ հասարակության մեջ այսօր տիրող ընդհանուր անհաղորդությունը։

– Առարկայական լծակներ չկան, մենք գործելու ենք ՀՀ օրենքների սահմաններում եւ յուրաքանչյուր քաղբանտարկյալի շահերը պաշտպանելու ենք՝ ելնելով քրեական-դատավարական օրենսդրության տառից, որպեսզի բացարձակ անխոցելի լինենք։ Ի տարբերություն, ենթադրենք, 14-ի պաշտպանության կոմիտեի, որի նշանաբանն էր՝ Վաղը՝ ժամը 9.00, ազատ արձակել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Մեր գործունեության հիմնական նպատակն է համապատասխան հասարակական կարծիքի ստեղծումը, այդ ընթացքում մենք հստակ գործակցելու ենք ոչ միայն միջազգային իրավապաշտպան եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այլեւ պետական կառույցների, իրավապահ մարմինների հետ։ Ամենակարեւորը անհրաժեշտ եւ ճշգրիտ տեղեկատվության ապահովումն է ու փոխանցումը։

– Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրության ընդունման կապակցությամբ հայտարարված Համաներումը ձեր պաշտպանյալների դիրքերից։

– Մեր պաշտպանյալներին այն, ինչպես հայտնի է, չի վերաբերում։ Բայց ես այստեղ կկամենայի մի անգամ եւս շեշտել հետեւյալ գաղափարը. Համաներման մեջ միապետական, թագավորական երանգ կա. «Կամենում եմ՝ ազատում եմ, կամենում եմ՝ պատժում եմ»։ Եթե առաջ թագավորները իրենց որդիների ծննդյան կամ սիրելի կնոջ կազդուրման կապակցությամբ էին համաներում հայտարարում, ապա այսօր՝ քաղաքական իրենց ուղենիշերի հաստատման առիթներով։ Ես լավ հիշում եմ հետպատերազմյան շրջանը՝ իր տարբեր համաներումներով։ Արդյունքում երկիրը հեղեղվեց քրեական տարրերով, ոչ մի քաղբանտարկյալ ազատ չարձակվեց, բայց քրեածին միջավայրը սկսեց ծաղկել, ծնվեց «գողական մշակույթի» իդեալականացումը՝ երգեր, վարք, լեզու։ Դուք կարող եք համաձայն չլինել, բայց յուրաքանչյուր հանցանք, անգամ զանցանք, եթե ապացուցված է, ապա պետք է պատժվի, հանցագործը չպետք է հույս ունենա, թե քաղաքական տարբեր միջոցառումների հետ կապված՝ ինքը կարող է ազատվել պատժի անխուսափելիությունից։ Բացի այս՝ համաներումները միշտ էլ կարելի է օգտագործել որոշակի նպատակներով։ Հիշենք քաղաքական այն ուժերին, որոնք մինչ ընտրությունները ասպարեզ եկան համաներման առաջարկով, իսկ հեռանկարում նախագահական ընտրություններն են։ Համաներումները բնորոշ են ավտորիտար պետություններին։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031