Միջազգային գիտաժողովներն օրեցօր ընդարձակում են իրենց բովանդակային տեսականին։ Դրանք մերթ վերաբերում են տնտեսությանը, մերթ՝ գիտությանը, մերթ՝ քաղաքականությանը, մերթ՝ միջսեռային հարաբերություններին, մերթ՝ կենդանիների պաշտպանությանը: Չին նախաձեռնողները վերջերս մի հետաքրքիր թեմա են գտել՝ կաշառաշորթությունը: 90 երկրների 800 պաշտոնյաներ հավաքվել են Պեկինում այդ արատավոր երեւույթի դեմ պայքարի համատեղ ծրագրեր մշակելու համար։ Որեւէ տեղեկություն չունեմ, թե 90 նախանձախնդիրների մեջ Հայաստա՞նն էլ է ընդգրկված եղել, թե՝ ոչ, բայց հիշյալ լրատվությունն անմիջապես մտային զուգորդումների մղեց՝ ի՞նչ տարբերություն կա հայկական կաշառակերության եւ միջազգային կաշառաշորթության միջեւ:
Կարծում եմ՝ այդ տարբերությունը զգալապես ցայտուն է եւ, իհարկե, հօգուտ մեզ։ Կաշառաշորթություն երեւույթը անմիջապես մատնում է նրա հեղինակի չար մտադրությունը: Նա՝ այդ միջազգային տզրուկը, համեստորեն չի սպասում, մինչեւ որեւէ մեկի մտքով անցնի իրեն սիրաշահել։ Անմիջապես նախահարձակման է անցնում՝ սկսում է շորթել։ Եվ շորթում է անթաքույց՝ այսինչ գործի համար՝ այսքան գումար։ Չտալ չես կարող՝ շատ են պնդերես: Եվ հետո՝ նրանց քմահաճույքից է կախված՝ բիզնեսդ էլ, անձնական երջանկությունդ էլ։ Եթե շորթում են՝ պետք է անվերապահորեն շորթվես։ Այս է հասարակական կայունության երաշխիքը։ Թեեւ, ու դա արդեն զարմանալի է, ՉԺՀ-ի նախագահ Ցզյան Ցզեմինը սույն երեւույթը համարել է մի գործոն, որը «խախտում է սոցիալական կայունությունը»։ Ավելին, պաշտոնյաների կաշառաշորթությունը, նրա բնորոշմամբ, հավասարեցվել է բարոյազրկմանը։
Մինչդեռ, մեզանում այլ չափանիշներ են հարգի: Կաշառակերություն։ Դա ի՞նչ է նշանակում, եթե կա՝ կեր, եթե չկա՝ սպասիր։ Բայց երբեք չի նշանակում պահանջիր: Իրոք, մեր բարոյական արժանիքները վեր են միջազգայինից: Որեւէ մեկը տեսած կա՞, որ հայաստանցի կաշառակերը նայի ուղիղ աչքերիդ եւ ասի՝ այս պաշտոնն այսքան արժե, այն գործարանի սեփականատեր դառնալը՝ այնքան։ Տղայիդ բանակից ազատելն՝ այսքան, մասնավոր կլինիկա բացելու թույլտվությունը՝ այնքան։ Վերցնում են՝ որքան տալիս են։
Բացառություններն ընդամենը երկուսն են՝ վիրահատությունները եւ բուհական 20-ները։ Ցածր նիշերի վրա կանգ առնես՝ առաջ չես գնա։ Հատույցը՝ կյանքով եւ ճակատագրով։ Մնացած բոլոր դեպքերում գործի է դրվում կամավորության սկզբունքը։ Այն էլ, երբ կաշառակերությունը չի կանխվել խնամի-բարեկամությամբ։ Ո՞վ չգիտի, որ հարազատական կապերը մեզանում ամեն ինչից զորեղ են։ Եթե ընտանիքից կամ կուսակցությունից որեւէ մեկը հայտնվում է որեւէ նախարարությունում, խորհրդարանում, ձեռնարկությունում, կամ թեկուզ վաճառասրահում, անմիջապես իր հետքերով տանում է բոլոր արյունակիցներին։ Այդտեղ ի՞նչ կաշառքի մասին կարող է խոսք լինել։ Շատ-շատ՝ մաղարիչ, այն էլ հո դրամով չի՞ արտահայտվում։
Կարդացեք նաև
Վերջերս համառորեն խոսում են բանակային որդիներին կաշառքով պարբերաբար տուն տանող ծնողների առատության մասին։ Բայց նրանց մեջ կա՞ մեկը, որ խոստովանի, թե իրենից որքան գումար են պահանջել։ Ընդհակառակը, խոստովանում են, որ ոչինչ էլ չեն պահանջում։ Ընտրությունը թողնված է իրենց կամքին: Եթե ծնողները հրամանատարներին կամ չգիտեմ ում իրենց մտածած կաշառք չառաջարկեն, նրանք այդպես էլ ոչինչ չեն ստանա: Ինքներդ էլ հասկանում եք՝ շորթելու մասին ակնարկ իսկ չկա։ Բայց ահա՝ ոչ հազվադեպ մի օրինակ։
Հիմնարկի ղեկավարին անմեղորեն կլորիկ գումար են առաջարկում։ Ի երախտիք ինչ-որ շահավետ գործարքի: Տնօրենը մերժում է, չնայած ինքն էլ է կոմունիստ եղել, հայրն էլ։ Կաշառատուները շփոթված դուրս են գալիս, բայց քիչ հետո բացում են ժամանակավրեպ ղեկավարի դուռը ու երեսին շպրտում էդպես «Պրիմա» էլ կծխես։
Նույնիսկ պատահել է՝ բժիշկը հիվանդից դրամ չի վերցրել, այլ պարզորեն ասել է՝ ախր, չեմ բուժել։ Երեխային էլ դպրոց են ընդունել՝ առանց մեկ դոլարի: Ինչպես համոզվեցինք, մերոնք բոլորովին կարիք չունեին Պեկինում քարշ գալու եւ սրա ու նրա նողկալի պատմությունները լսելու: Իսկ վերոհիշյալի մասին նրանց պատմել պետք չէր, մեկ է՝ չէին հավատա։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ