Երեկ Ազգային ժողովի աշխատանքային օրվա վերջնագծին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դիմեց նախագահող Արա Սահակյանին՝ հրատապ հարց մտցնելու առաջարկով: Սակայն նախագահողը, ինչպես եւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը փաստեցին, որ նորահաստատ Սահմանադրությամբ «հրատապ հարց» հասկացությունը այլեւս կիրառելի չէ։ Առայժմ, ԱԺ կանոնակարգ չունի, բայց դա բնավ չի նշանակում, թե խորհրդարանը աշխատում է ԳԽ կանոնակարգով. «Մենք աշխատում ենք ավանդույթներով»: Որպես նախադեպ վկայակոչվեց ՀԿԿ խմբակցության փորձը՝ քաղաքական գնահատական տալու Բոսնիայում սերբերի ռմբակոծություններին։ Ինչպես հայտնի է, նրանց մերժեցին՝ առաջարկելով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, նույն ճակատագրին էլ պետք է արժանանա Ռ. Հակոբյանի առաջարկը, իսկ այդ առաջարկի հիմքում որոշման հետեւյալ նախագիծն էր. «ՀՀ Ազգային ժողովը որոշում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով 1995թ.-ի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության հանրաքվեի արդյունքները ուսումնասիրելու համար»: Որոշման նախագծի տակ ստորագրել էին Ռուբեն Հակոբյանը, ՀԿԿ, ԱԻՄ, ԱԺՄ պատգամավորական խմբակցությունները։
Փաստաթղթի հրապարակումից հետո Ռ. Հակոբյանը վստահեցրեց, որ ինքը թեեւ բավարարված չէ ԱԺ նախագահի պատասխանով, սակայն կհետեւի նրա առաջարկին՝ ձեւակերպելով այդ հարցը՝ որպես օրենսդրական նախաձեռնություն։
Ն. Դ.