Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ զրոյական տարբերակ

Հոկտեմբեր 12,1995 15:58

ԱԺ եզրափակիչ եռօրյայի սկզբում միջազգային պայմանագրերի սրընթաց ներկայացում-վավերացումների խաղաղ ընթացքը ընդմիջվեց «ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ նախկին ԽՍՀՄ արտաքին պետական պարտքի եւ ակտիվների նկատմամբ իրավահաջորդության հարցերի կարգավորման մասին» 1993թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կնքված պայմանագրի բուռն եւ շահագրգիռ քննարկմամբ։ Պ. Բեզիրջյանի ծանոթագրական խոսքին հետեւեցին ՀԿԿ խմբակցության նախագահ Ս. Բադալյանի հարց- ելույթները, որոնք էլ պայմանավորեցին նիստի հագեցվածությունը։ Այս պայմանագիրը վերաբերում է այնպիսի մի ցավոտ հարցի, ինչպիսին Խորհրդային կայսրության փլուզումն է եւ նրա իրավահաջորդների պարտավորությունների դաշտի որոշումը։ Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ը խոշոր պարտքեր վերցնող եւ միաժամանակ պարտատերերի բանակ ունեցող երկիր էր. կայսրության փլուզումից հետո գոյացած պետությունները, որոնք հետագայում միավորվեցին ԱՊՀ կառույցի մեջ, բնականաբար չշտապեցին մարել ժառանգած պարտքերը, ըստ էության, նրանցից շատերն անգամ ի զորու չէին: Արտասահմանյան վարկատուների ակումբները (Փարիզ, Լոնդոն) հարկադրված էին ճնշում գործադրել՝ կարգավորելու արեւմուտքի առջեւ նախկին ԽՍՀՄ պարտքի հարցերը, պարտք, որը 1991թ. կազմում էր 67 մլրդ դոլար:

Քայքայված ընտանիքում սկսվեցին բանակցությունները: Հայաստանին բաժին ընկավ պարտքի 0.88 տոկոսը. 590 մլն դոլար (1991-ի տվյալներով): Ըստ փարիզյան պաշտոնական վարկատուների ակումբի՝ 1992-ին արդեն պետք էր սկսել դրանց մարումը։ Սակայն վճարների մեծությունը Հայաստանին, ինչպես եւ ԱՊՀ շատ հանրապետություններին, ստիպեց ուղիներ որոնել պարտքերը «գցելու» ամենահարմար թեկնածուի վրա, իմա՝ Ռուսաստանի։ Վերջինս կարծես համաձայն էր, բայց միայն այն դեպքում, եթե ԱՊՀ երկրները հրաժարվեն արտասահմանում ԽՍՀՄ ակտիվներից։ Այդ ակտիվների վերադարձը դիտվեց «զրոյական տարբերակով»։ ՀԿԿ եւ ԱԻՄ խմբակցությունները փորձեցին կասկածի ենթարկել ակտիվներից հրաժարվելու նպատակահարմարությունը: Ս. Բադալյանը հարց բարձրացրեց. արդյո՞ք դա Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ-ի) պարտադրանքը չէ՝ նոր պարտքեր վերցնելու խայծով զուգակցված։ Նշեց նաեւ, որ Ռուսաստանը թեեւ ստորագրել, սակայն չի վավերացրել հիշյալ պայմանագիրը։ Արմեն Եղիազարյանը փաստեց՝ եթե ներկայումս Հայաստանը հրաժարվի վավերացումից, ապա պետք է ստանձնի պարտքի իր մասնաբաժինը, որը 1995-ին դարձել է 850 մլն դոլար՝ չվճարված տոկոսավճարներով եւ տուգանքներով հանդերձ, 1996-ին այն կհասնի 1 միլիարդի: Այսինքն՝ տարեկան անհրաժեշտ է վճարել նվազագույնը 200 մլն դոլար։ Ինչ վերաբերում է ակտիվներին, ապա ԽՍՀՄ-ին պարտք երկրները՝ Կուբա, Անգոլա, Վիետնամ… հույժ անբարեհույս են։ Անշարժ գույքից բաժին ակնկալելը եւս անիմաստ է. Ռուսաստանը անգամ Ուկրաինայի պես ազդեցիկ երկրին չի հատկացրել եւ ոչ մի հարկաբաժին։

Էկոնոմիկայի առաջին փոխնախարար Վ. Ավանեսյանը շեշտեց, որ ՄԱՀ-ն այս հարցում անմեղ է, ընդհակառակը՝ պարտադրողները եվրոպական երկրներն են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան։ Ակումբներին ձեռնտու է բանակցել մեկ երկրի՝ Ռուսաստանի հետ։ Արտաշես Թումանյանը, Թելման Տեր-Պետրոսյանը նշեցին համաձայնագրերի տնտեսական շահավետության անմիանշանակությունը, սակայն քաղաքական տեսանկյունից վավերացումը անհրաժեշտ է։ 147 կողմ, 1 դեմ, 13 ձեռնպահ ձայներով պայմանագիրը հաստատվեց։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031