Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվում էր ամբաստանյալ Թաթուլ Գաբրիելյանի ցուցմունքների քննարկումը: Ամբաստանյալը, ընդունված կարգի համաձայն, մերժում էր իր բոլոր նախորդ ցուցմունքները: Այնուամենայնիվ, այդ ցուցմունքների որոշ մանրամասներ հետաքրքիր են: Օրինակ, հունվարի 4-ի հարցաքննության ժամանակ Գաբրիելյանը ստեղծում է ինչ-որ մի սփյուռքահայի «բառային դիմանկար», որին հետեւում էր, ենթադրելով, որ դա Գագիկ Սահակյանն է։ Սակայն նրա նկարագրած մարդն ամենեւին նման չէր վերջինիս։ Եթե ընդունենք, որ ցուցմունքների այս մասը նույնպես թելադրված էր քննիչների կողմից, ապա, թվում է, նրանք շահագրգռված էին ստիպել մեղադրյալին նկարագրել հենց Գագիկ Սահակյանին։ Չբացահայտված «սփյուռքահայի» հետ կապված էին մի շարք այլ հակասություններ, որոնց վրա նիստի ժամանակ ուշադրություն հրավիրեց դատախազ Մ. Գրիգորյանը, որի ենթադրությամբ քննիչների կողմից թելադրված ցուցմունքները պետք է որ տեղավորվեին կուռ տրամաբանական սխեմայի մեջ։
Սակայն ամբաստանյալ Գաբրիելյանը պնդում է, որ ամեն ինչ անում էր ճնշման տակ, իսկ քննչական խմբի ղեկավար Ժորա Վարդանյանը արդեն դատավարության ժամանակ հանդիպել էր նրան եւ խորհուրդ տվել խոստովանել իր մեղքերը։ Այդ հայտարարությունը ստիպեց ամբաստանյալ Հրանտ Մարգարյանին հիշեցնել, որ ինքն արդեն զգուշացրել էր Ժորա Վարդանյանի սխալ գործողությունների մասին եւ պահանջեց, որ դատական կոլեգիան իր կեցվածքը ցուցաբերի այդ առթիվ։
Քննության անօրինականության թեման շարունակեց մի այլ Ժորա. փաստաբան Ժորա Խաչատրյանը, որը պահանջեց, որպեսզի կոլեգիան ամեն մի նման փաստի վերաբերյալ մասնավոր որոշում կայացնի։ Կոլեգիան
մերժեց միջնորդությունը դատավարության ներկա փուլում։
Կարդացեք նաև
Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ