Հոկտեմբերի 11-ին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պետհամալսարանի ռեկտոր է նշանակվել կենսաբանական գիտությունների դոկտոր Լեւոն Միքայելի Եպիսկոպոսյանը։ Եպիսկոպոսյանը ծնվել է 1951թ. Կիրովաբադում, 1974-ին ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը, 91-ից մինչեւ նոր նշանակումը Երեւանի «Մարդաբանական ինստիտուտ» գիտահետազոտական հաստատության տնօրենն էր։ Նա 60 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը նոր ռեկտորին ներկայացրել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին։
Հոկտեմբերի 11-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում վերաբացվեց միջնակարգ դպրոցը։ Դպրոցը գյուղի վերածննդի խորհրդանիշն է, գյուղ, որն ադրբեջանական գերությունից ազատվել է մոտ 2 տարի առաջ։
Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների ընտանիքը համալրվեց եւս մեկ անդամով. ԼՂՀ արդարադատության պետվարչությունը օրերս գրանցեց «Ազդարար» լրատվական կոմերցիոն թերթը։ ԼՂՀ գործարար մարդկանց միության այս պաշտոնաթերթը լույս կտեսնի շաբաթը երկու անգամ եւ կլինի երկլեզվյա (հայերեն, ռուսերեն):
«Մուսա լեռան որդիները», այսպես է կոչվում արցախցի անվանի գրող Գուրգեն Գաբրիելյան նոր ժողովածուն, որը նվիրված է «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, եղբայրներ Վազգեն եւ Վարդան Գրիգորյաններին։
Կարդացեք նաև
Թե ինչ կապ ունեն արցախյան ազատամարտի այս երկու նահատակները հանրահայտ Մուսա լեռան հետ, հեղինակը բացատրում է այսպես. Ֆրանց Վերֆելի հայտնի վեպը սեղանի գիրք էր եղբայրների համար, իսկ նահատակ հերոսների հոր անունն է Մուսա։
Գրքի հոնորարը Գուրգեն Գաբրիելյանը մտադիր է հատկացնել Վազգեն եւ Վարդան Գրիգորյանների հուշակոթողի կառուցմանը։
Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ