Երեկ Ազգային ժողովը ձեռնամուխ եղավ ՀՀ «Պաշտպանության մասին» օրենքի քննությանը։ Պաշտպանության եւ ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Սամվել Գեւորգյանը ներկայացրեց այս կարեւորագույն օրենքի նախագիծը, որը, սակայն, կրում էր հապճեպության կնիք՝ թե իրավական ձեւակերպումների, թե սահմանադրական դրույթների թերասացության տեսանկյունից։ Որոշ շտկումներ կատարվեցին հընթացս, ինչպես՝ «ժողովուրդ», «թշնամի» գեղարվեստական բառերի փոխարինումը իրավական եզրույթներով, իսկ «դոկտրինա» օտարահունչ բառին զուգահեռ՝ լեզվաշինարար Պ. Հայրիկյանը առաջարկեց «վարդապետություն» հինավուրց եւ գեղեցիկ կազմությունը։
ՀԿԿ խմբակցության անդամ Խ. Սարգսյանը քննարկման կեսին անգամ առաջարկեց դռնփակ նիստ գումարել՝ երկյուղած գաղտնիքների արտահոսքից, թեեւ դրա կարիքը չզգացվեց ուշ էր։ Լուրջ առաջարկություններ եւ ճշտումներ կատարվեցին պետական իշխանության մարմինների իրավասություններին եւ պարտականություններին վերաբերող հոդվածներում՝ կառավարություն,
պաշտպանության նախարարություն, իշխանության տեղական մարմիններ, ինչպես եւ Արտակարգ դրության հաստատման կապակցությամբ։ Արդյունքում որոշվեց Ա. Գեւորգյանի եզրափակիչ ելույթը հետաձգել՝ մյուս եռօրյա, նույն ճակատագրին կարժանանա նաեւ առաջին ընթերցումը, մինչ այդ փաստաթուղթը առավել կառուցիկ եւ անխոցելի կդառնա։
Այնուհետեւ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահի
Կարդացեք նաև
տեղակալ Մ. Տեր-Գուլանյանը պատգամավորների դատին ներկայացրեց դեռեւս իր՝ ԳԽ լրատվության հանձնաժողովի կողմից մշակված «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի նախագիծը: Անհրաժեշտ հավելումներով օրենքն
ընդունվեց՝ 118 կողմ, 5 դեմ, 17 ձեռնպահ։ Օրակարգը սպառելով՝ ԱԺ-ն ժամկետից շուտ ավարտեց իր նիստը, որը նշանավորվեց նաեւ պատգամավորական անդրանիկ խմբի ստեղծմամբ՝ «Բարեփոխություն», նախագահ՝ Արմեն Մարտիրոսյան, քարտուղար՝ Մարգուշ Վարդանյան։ «Բարեփոխության» կազմում 31 պատգամավորներ են՝ գործարանների տնօրեններ, լրագրող, շրջխորհրդի նախագահներ։
Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ