Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը, որը անպայման վերջանում է

Հոկտեմբեր 11,1995 21:57

ի ու մահվան առեղծվածը ծագել է առաջին կենդանի միավորի ձեւավորվելու պահից, եւ անկախ այն բանից, թե զարգացման ինչ մակարդակի վրա էր այն գտնվում: Միաբջիջ բույսի ու բարձր զարգացած գլխուղեղով մարդու կենսական ցիկլը գրեթե նույնն է: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի անցնում է ծնվելու պահից մինչեւ մահը ընկած ճանապարհը, որը եւ համարվում է կյանք։ Ի՞նչ կա նրանից առաջ եւ նրանից հետո: Սրանք այն հարցերն են, որ հետաքրքրել են մարդկանց բոլոր ժամանակներում եւ որոնց պատասխանը երբեւէ չի իմացվելու: Սա է կյանքի տրամաբանությունը, հակառակ դեպքում այն կկորցներ իր իմաստը:

Վերջին շրջանում այս ոլորտում ամենասենսացիոն նորույթը համարվում է մահվան տարեթվի ստույգ որոշումը։ Ռուսական մամուլի պնդմամբ, գիտնականները հայտնաբերել են մահվան բանաձեւը, որը թույլ է տալիս որոշելու, թե որ տարիքում է ավարտվելու տվյալ անձի երկրային կյանքը: Ըստ մասնագետների, մեթոդը հիմնված է մարդու ֆունկցիոնալ անհամաչափության տեսության վրա: Ի՞նչ է ֆունկցիոնալ անհամաչափությունը։ Տեսության հեղինակների պնդմամբ՝ մարդու դեմքի երկու մասերը անհամաչափ են՝ ասիմետրիկ, որը ապացուցվում է պարզ փորձով, եւ որքան լավ է արտահայտված դեմքի աջ ու ձախ կեսերի անհամաչափությունը, կատարելության ավելի բարձր աստիճանի է նրա հոգեկանը, առավել արտահայտված են նրա կամային ու ստեղծագործական հատկանիշները: Տարիների ընթացքում այդ անհամաչափությունը հարթվում է, մարդը մահանում է այն պահին, երբ այն հավասարվում է զրոյի: Մարդը մահանում է համաչափ դեմքով, մեկի մոտ դա լինում է հարյուր տարեկանում, մյուսի մոտ՝ քսան:

Սա է մեթոդի հիմնական էությունը: Այցելուներից պահանջվում է երեք լուսանկար՝ 5-10-15 տարվա վաղեմության։ Սովորական հայելիների օգնությամբ ցույց է տրվում անհամաչափությունը, իսկ լուսանկարների համեմատությունը ընդգծում է դեմքերի հարթեցման դինամիկան։ Այսպես. եթե 15 տարվա վաղեմության լուսանկարում անհամաչափությունը երեք միլիմետր է, մյուս նկարում 2,5 եւ այլն, այս տվյալները վերլուծելով, համակարգիչը ստույգ նշում է լիակատար հարթեցման ժամկետը՝, այսինքն` մահվան տարեթիվը:

Որքանով է այս տեսությունը իրական։ Մոսկվայում արդեն գործում են այս տեսությամբ աշխատող կենտրոններ, որոնք ունեն իրենց կանխատեսումները հաստատող բազմաթիվ փաստեր։ Նրանց կարծիքով, ֆունկցիոնալ անհամաչափության մասին գիտությունը նոր է ձեւավորվում եւ դեռ պարզված չեն՝ ինչ պատճառներ են (հոգեկան, ֆիզիկական) հանգեցնում ասիմետրիայի կորստին։ Ինչպես ցանկացած մեխանիզմ, մարդկային օրգանիզմը նույնպես ստեղծված է շահագործման որոշակի ժամկետի համար, որից հետո այն արդեն պիտանի չէ:

Մյուս հարցը, որ անկասկած կծագի, հետեւյալն է. մարդը, որպես կենդանի միավոր, հոգեբանորեն պատրաստ է արդյո՞ք իմանալու իր մահվան տարեթիվը: Նրա գիտակցության աստիճանը թույլ կտա՞ հարմարվելու դրան։ Հայտնի հոգեբան Ֆրանկլը պնդում էր, որ բոլոր վիճակներում, նույնիսկ ամենածանր, անհրաժեշտ է գտնել իմաստը, իսկ այն յուրաքանչյուրի մոտ անկրկնելի է, անհատական, հակառակ դեպքում կյանքը անտանելի կլիներ:

Կա նաեւ հարցի մեկ այլ կողմը: Ենթադրենք, այս ամենը միստիկա է ու չունի իրական ոչ մի հիմք: Բայց մարդիկ հետաքրքրությունից դրդված, վճարելով մեծ գումարներ, հաճախում են նման «օֆիսներ» ու շատ հաճախ ստանում չհուսադրող պատասխան։ Դրանից հետո, նույնիսկ բացարձակ չհավատալով դրա լրջությանը, հնարավոր չի լինում շարունակել նորմալ, բնականոն կյանքը, իսկ այն անընդհատ շարունակվում է:

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031