Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էր Ղարաբաղ մեկնել

Հոկտեմբեր 11,1995 17:37

«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը նվիրված էր ամբաստանյալ Թաթուլ Գաբրիելյանի ցուցմունքների քննարկմանը։ Նրան ներկայացվող մեղադրանքը հետեւյալն է. «Դրո» կառույցի անդամը լինելով, նա իր հրամանատար Հովհաննես Մկրտչյանի առաջադրանքով հետեւում էր մի սփյուռքահայի, ինչպես նաեւ Ֆրիկ մականունով մի մարդու։ Նախորդ օրը Գաբրիելյանը հայտարարեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, իսկ նախնական քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։

Ճիշտ է, նա դեռեւս առաջինն է ամբաստանյալներից, որը չի բողոքում, թե իրեն ծեծել են։ Սպանություն վերագրելու սպառնալիքները Գաբրիելյանի համար լիովին բավարար էին, որպեսզի նա գրի այն, ինչ պահանջում էին քննիչները։ Որոշ դեպքերում քննիչները կարողանում էին նրան ստիպել կեղծ ցուցմունքներ տալ, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։ Դատավոր Է. Մանուկյանի եւ դատախազ Մ. Գրիգորյանի՝ այդ թեմային վերաբերող հարցերը մնացին անպատասխան։ Ամբաստանյալը փորձում էր իր վճռականությունը բացատրել «ընկերական զգացմունքներով», սակայն այդ փաստարկը համոզիչ չհնչեց, քանի որ մի շարք դեպքերում ամբաստանյալ Գաբրիելյանը ընդունում էր իր եւ իր ընկերների բավականին ծանր մեղքերը։

Նիստում մանրամասնորեն քննարկվեցին Գաբրիելյանի կողմից հարցաթերթիկ լրացնելու հանգամանքները։ Ամբաստանյալը հայտարարեց, որ այդ հարցաթերթիկը նա լրացնում էր «Ղարաբաղ մեկնող ջոկատ» ընդունվելու նպատակով, իսկ բազայում հանդիպած տղաներին ջոկատի անդամներ էր համարում։ Նրան չէր զարմացրել, թե ինչու հարցաթերթիկում նշված չէ ջոկատի անվանումը եւ ինչու են հարցերը գրված արեւմտահայերենով։

Պաշտպանությունը կենտրոնացավ Գաբրիելյանի ձերբակալման հանգամանքների վրա։ Պարզվեց, որ նա առանձնապես ուշադիր չէր ձերբակալման առաջին ժամերին եւ չգիտեր, թե ինչ թղթեր էր ստորագրում։ Գաբրիելյանը պնդում էր նաեւ, թե իր առաջին հարցաքննության արձանագրությունը նա ստորագրել էր առանց կարդալու եւ բովանդակությանը չծանոթանալով։ Սակայն, երբ արձանագրությունը հրապարակվեց, պարզվեց, որ ամբաստանյալը բացի ստորագրելուց, իր ձեռքով ավելացրել է, թե փաստաթղթի բովանդակությունն ընդունում է եւ հաստատում է, որ «Դրո» կազմակերպության անդամ է։ Այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ինչու Գաբրիելյանը, նման հավելում կատարելով, չէր հետաքրքրվել արձանագրության բովանդակությամբ։

Պաշտպանությունը դեմ էր արձանագրության քննարկմանը։ Դատապաշտպան Սահակյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ գործում բացակայում է Գաբրիելյանի գրած բացատրական երկտողը, որում, ամբաստանյալի խոսքերով, ճշմարտությունն էր գրված։

Պատասխանելով բազմաթիվ հարցերին, Թաթուլ Գաբրիելյանը այնքան հոգնեց, որ չկարողացավ կենտրոնանալ, երբ դատավորը կարդում էր նրա հաջորդ հարցաքննությունների արձանագրությունները։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031