Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիություն. Բերել, թե պահել

Հոկտեմբեր 11,1995 13:49

ԱԺ երեքշաբթի օրվա նիստը սկսվեց 14 ձեռնարկությունների մասնակի, անհատույց սեփականաշնորհման ժամկետի երկարաձգման պարզաբանմամբ

(մինչեւ 31.12.1995թ.): Արմեն Եղիազարյանի մեկնաբանող խոսքից հետո այս նախագիծը արագ ընդունվեց։ Խորհրդարանը միջամուխ եղավ «Արդարադատության խորհրդի մասին» օրենքի քննությանը, որը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գ. Ջհանգիրյանը։ Նախորդ օրը բաժանված փաստաթղթում ամրագրված էին ինչպես խորհրդի կազմավորումը, գործունեության կարգը եւ լիազորությունները, այնպես էլ նրա ժամանակավոր փոխանորդի կազմը՝ ՀՀ նախագահի կողմից նշանակված 11 անդամով։ Վերջիններիս լիազորությունները ավարտվելու են դատական նոր համակարգի ստեղծմամբ։ Հարց ու պատասխանների ընթացքում ակնհայտ դարձավ, որ պատգամավորներին մտահոգում է. ա)անցումային խորհրդի մասին ձեւակերպման անորոշությունը, բ)արդարադատության խորհրդի ծախսերի, ֆինանսավորման բնույթը, դրա հարաբերակցությունը բյուջեի հետ։ Բ.Արարքցյանն իր ամփոփիչ խոսքում նշեց պահանջվող բյուջետային ծախսերի տեղեկանքի անհրաժեշտությունը, որը պիտի ներկայացներ կառավարությունը։ Սակայն այս լեզվական ձեւակերպումների ճշգրտության խնդիրները կարելի է լուծել երկրորդ ընթերցման ժամանակ, ուստի առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումը միայն կխթանի գործնական աշխատանքը։ 137 կողմ, 0 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցումն ապահովվեց։

12.00: ԱԺ արդեն ձեռնարկեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքի նախագծի քննարկումը, որի երկրորդ տարբերակում կատարվել էին անհրաժեշտ շտկումներ, հանված էին «…այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը ինքնին չեն հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը» հակասահմանադրական ձեւակերպումը եւ նույնատիպ «երկքաղաքացիության պայմանագրեր» արտահայտությունը։ Էդ. Եգորյանը շեշտեց այս օրենքի եռամյա քննարկման փաստը, անհամաձայնության միակ խութը երկքաղաքացիությունն էր, Սահմանադրությամբ արդեն ամեն ինչ որոշված է։ Ներկա օրենքի հիմքում ընկած է ըստ ծնունդի քաղաքացիության սկզբունքը, եթե երեխայի ծնողները ՀՀ քաղաքացի են, ապա նա ինքնաբերաբար ստանում է քաղաքացիություն։ Ազգությամբ հայերի համար, Էդ. Եգորյանի պնդմամբ, հաստատված է քաղաքացի դառնալու դյուրացված կարգ, քաղաքացիության դիմումը մերժելու որոշ սահմանափակումները համարվեցին երկրի անվտանգության հրամայական։ Այլոց վերաբերմամբ եւս որդեգրված է բարյացակամ դիրքորոշում՝ պարտադիր բնակության 3 տարի՝ 5-ի փոխարեն։ Լուծված է փախստականների խնդիրը՝ դիմելուն պես նրանք դառնում են լիիրավ քաղաքացի։ Հայաստանին բնորոշ արտագաղթը պայմանավորել է օրենքում առկա մոտեցումների մեղմությունը. «ՀՀ-ից դուրս բնակվելը ինքնին չեն հանգեցնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը»։ Բացի այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանում չապրող, բայց այլ երկրների քաղաքացիություն ձեռք չբերած անձինք ինքնըստինքյան դառնում են ՀՀ քաղաքացիներ։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հավաստեց, որ մեր քաղաքացիներին հեշտ չենք զիջելու, չէ՞ որ յուրաքանչյուր ոք պարտավորություններ ունի իր պետության հանդեպ (հատկապես զինվորական): Դիմումով այլեւս չեն կարող հրաժարվել քաղաքացիությունից։ Քաղաքացիությունը դադարեցվում է, ինչպես նաեւ դրանից զրկում են նախագահի հրամանագրով։

Մեծ ընդմիջումից հետո պատգամավորների ելույթներն ամբողջացրեցին մտահոգությունների պատկերը։ Խ.Հարությունյանը, Գր.Ավագյանը բարձրացրեցին ՀՀ քաղաքացի դառնալու կարգի դժվարության, եւ դրանից հրաժարվելու դյուրինության խնդիրը։ ԱԺՄ խմբակցությունն այս դեպքում խիստ նախանձախնդիր էր. Արշակ Սադոյանը, Դավիթ Վարդանյանը, Սեյրան Ավագյանը իրենց ժխտողական վերաբերմունքը հիմնավորեցին Հայաստան-Սփյուոք հարաբերությունների գաղափարաբանությամբ։ Որդեգրված դիրքորոշումը, նրանց համոզմամբ, անընդունելի է ազգային շահի տեսանկյունից։ Ս.Ավագյանը փաստեց. «Ինձ այլ բան չի մնում, քան բոյկոտել այս քվեարկությունը։ Չեմ ուզում մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ պատ կառուցելուն»։ Լ. Հակոբյանը փոքր-ինչ ընդլայնվելով՝ անդրադարձավ մեր քաղաքացիության վկայագիր անձնագրերում ազգության եւ հայրանվան բացակայությանը։ Մ. Տեր-Գուլանյանը անհասկանալի մղումով փորձեց վկայակոչել Արգիշտիի ժամանակները, մոնղոլ-թաթարներին եւ թուրքերին, թեեւ ակնհայտ է, որ այդ վաղնջական ժամանակներում ո՛չ մոնղոլ-թաթարներ կային, ո՛չ թուրքեր, միգուցե՝ նաեւ հայրանուններ։ Պատմական այս շեղումը դահլիճում աշխուժություն առաջացրեց։ Պատգամավորական խմբակցություններից ձայն խնդրեց Պ. Հայրիկյանը, նրա ելույթը, սակայն, ուշացավ էլեկտրաէներգիայի անջատման կապակցությամբ։ Լույսի գալուստը պայմանավորեց զգացմունքային բռնկումները։ ԱԻՄ-Ք-ի նախագահը երկու անգամ կոչեց փաստացի չվավերացնել անջրպետը Հայաստանի եւ Արցախի միջեւ: Նրա ելույթը հարուցեց Էդ. Եգորյանի բուռն ընդդիմությունը՝ համեմված դատական պատասխանատվությամբ: 3 տարվա ընթացքում այս օրենքին ընդդիմացողները՝ «հայրենասերները» հասան նրան, որ 10 հազար մարդ գնացին Ռուսաստան եւ ոչ այնտեղ են ծառայում, ոչ այստեղ։ Իսկ ԱԺՄ-ի կոչը հանգեցվեց իշխանության պայքարում մարդկանց (իմա՝ սփյուոքահայերի) հավաքագրմանը. «Սփյուռքահայերի՞ն պետք է բերեք Ազատության հրապարակ»։ Իրական մտահոգությունը ոչ թե բերելն է, այլ մեր քաղաքացիներին ուրիշներին չզիջելը։ Ի վերջո, 133 կողմ, 8 դեմ, 7 ձեռնպահ ձայներով օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Սկսվեց միջազգային պայմանագրերի վավերացման խաղաղ աշխատանքը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031