Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական անդորրը պահպանվում է:
Ինչպես հաղորդեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանը ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Զոլտան Մատյուշին, որը երկարատեւ աշխատանքի համար ժամանել է Ստեփանակերտ։ Հունգար դիվանագետը ԼՂՀ ղեկավարին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղ իր առաքելության խնդիրների մասին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները պետք է մշտապես գործեն ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված հանրապետություններում, նպատակ ունենալով պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ ԵԱՀԿ նախատեսած գործողությունների ծավալման համար։
Ինչպես հաղորդեցին ԼՂՀ լրատվության եւ մամուլի պետդեպարտամենտում, ԵԱՀԿ շրջանակներում Ֆինլանդիայի Ալանդյան կղզիներում սկսված բանակցությունները կավարտվեն հոկտեմբերի 15-ին։ Այնուհետեւ հոկտեմբերի 16-18-ը բանակցությունները կշարունակվեն Հելսինկիում։ Բանակցություններն ընթանում են դռնփակ, եւ մամուլը քննարկումների վերաբերյալ ոչ մի լրատվություն չի ստանում։
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի Օրթոպեդիայի եւ վերականգնողական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարության հատուկ որոշումով կենտրոնը անվանակոչվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի անվամբ։ Արարողությանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Ժիրայր Պողոսյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ՀՀ սոցապապահովության, զբաղվածության եւ փախստականների հարցերով փոխնախարար Գագիկ Եգանյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը եւ նրան ուղեկցող անձինք։ Արարողության ավարտին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնեց նորակառույց շինությունը:
Կարդացեք նաև
Գ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ