Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք փոխվել

Հոկտեմբեր 11,1995 11:19

Սպասում ենք, որ աշխարհը փոխվի

Անկեղծ ասած, «Առավոտ» թերթում տպագրված Վահրամ Մարտիրոսյանի՝ «Մի ժողովրդի պատմություն» հոդվածը առանձնանում է իր նոր պաթոսով, որը, ցավոք, քիչ է հայկական մամուլում։ Անշուշտ, ես նրա ոչ բոլոր դրույթներին եմ համաձայն, մասնավորապես, Մեսրոպ Մաշտոցի ու Ավարայրի ճակատամարտի գնահատման վերաբերյալ։ Անշուշտ, բավականին կոշտ, իսկ երբեմն էլ նույնիսկ կոպիտ են հոդվածագրի ձեւակերպումները։ Սակայն չի կարելի չնշել մեր համատարած ճահճացման հնքնագովերքի կեղծ միջավայրում նրա, ընդհանուր առմամբ, սթափ դատողությունները։

Մենք բոլորս սովոր ենք բուռն բողոքել իշխանություններից, այս կամ այն քաղաքական կուսակցությունից՝ այս կամ այն հարցի շուրջ։ Եվ շատ լավ է, որ մենք այդքան խստապահանջ ենք։ Սակայն ժամանակն է արդեն բողոքել, քննադատել նաեւ մեր որոշ բողոքներն ու ավանդույթները։ Ներկայիս քաղաքական, հասարակական կազմակերպությունները, միմիայն մեր «հայելին» են։ Եվ երբ մենք արդարացի, բուռն բողոքի ձայն ենք բարձրացնում այս կամ այն «հայելու» հանդեպ, պետք է միշտ հիշենք, որ ամեն մի ժողովուրդ արժանի է իր քաղաքական գործիչներին, իշխանություններին եւ մտավորականությանը:

Այսպիսով, մինչեւ «հայելիներին» քարկոծելը, ջարդելը, նրանց հանդեպ բուռն բողոքելը, փորձենք գոնե մեկ անգամ այդ «բուռն բողոքը» հայտնել մեր ժողովրդի որոշ բարքերի, ավանդույթների, մտածողության ձեւերի հանդեպ։ Այն թեզը, թե «ժողովուրդը միշտ իմաստուն է, ճիշտ է» ամբողջովին կեղծ դրույթ է եւ արտացոլում է քծնանքի մթնոլորտը, որը, ցավոք, ամենուրեք իշխում է մեր հասարակության մեջ: Ժողովրդին քծնելով են զբաղված բոլորը՝ ե՛ւ մտավորականները, որոնք օր ու գիշեր ապացուցում են մեր «հնությունը», ե՛ւ քաղաքական գործիչները, որոնք ժողովրդին սիրաշահելով, գովերգելով փորձում են «փայլել» նրա աչքերում, որպեսզի «նրա անունից» լուծեն իրենց անձնական աշխարհիկ խնդիրները:

Սակայն ամենասարսափելին այս շարքում, ցավոք, մեր երիտասարդության որոշ մասի նման վերաբերմունքն է մեր ժողովրդի հանդեպ։ Եթե մարդը երիտասարդ հասակում ծայրահեղական չի լինում, նա կորած մարդ է։ Երիտասարդը պետք է լինի ռոմանտիկ, դժգոհ ներկա բարքերից, պետք է փորձի նոր գաղափարներ փնտրել, որպեսզի հասուն տարիքում, իր երիտասարդական ժամանակվա «մտքի թռիչքները» կարողանա ի մի բերել։

Մեզ մոտ պատկերը ճիշտ հակառակն է։ Երիտասարդությունը շատ հոռետես է, պահպանողական։ Նրա համար իր «լրջությունը», «ծանրությունը»

կենտրոնական խնդիրն է։ Եվ հակառակը, 50-նն անց բոլոր մեր «քեռիները» տալիս են այնպիսի «ռոմանտիզմի» դասեր, հատկապես քաղաքական եւ գաղափարաբանական մտքի բնագավառում, որ իսկապես սկսում ես հավատալ, որ մեր ժողովուրդը իր ռոմանտիկ «քեռիների» ձեռքին կրակն է ընկել:

Հասկանալի է, որ երբ աշխարհի բոլոր ժողովուրդները զարգանում են՝ երիտասարդը ռոմանտիկ պետք է լինի, իսկ հասուն մարդը՝ պահպանողական։

Բայց մենք զարգանում ենք ճիշտ հակառակ սխեմայով. կա՛մ մենք ենք «աննորմալ» այս «նորմալ» աշխարհում, կամ էլ հակառակը։ Մենք այս աշխարհում կապրենք երկու դեպքում. կա՛մ եթե նրանց դարձնենք

մեր պես, կա՛մ էլ, եթե դառնանք նրանց պես։

Կա նաեւ երրորդ «սինթեզված»   տարբերակը։ Ինչ-որ բան սովորեցնել նրանց, եւ ինչ-որ բան սովորել նրանցից: Այս երրորդ ճանապարհով են գնացել աշխարհի բոլոր ժողովուրդները:

Մենք այսօր, օտար դիտողի տեսակետից, ինչ-որ չափով ծիծաղելի վիճակի

մեջ ենք: Մենք մե՛կ լալկանություն ենք ցուցաբերում աշխարհի առաջ, դառնալով յուրօրինակ «բողոքի գիրք», մե՛կ էլ ստում, զզվում ենք այս աշխարհից, որը «չի հասկանում մեր արդար պահանջները»։ Այդ դեպքում մենք Փոքր Մհերի պես մտնում ենք ժայռի մեջ եւ սպասում, որ աշխարհը փոխվի, հասկանա մեզ։ Մենք հավատում ենք դրան, որովհետեւ բացի մեզնից (մարդկության բարի բեւեռից) եւ մեր հարեւաններից (բնականաբար, աշխարհի չարի բեւեռից) մենք այլեւս ո՛չ մեկին չենք ճանաչում: Մենք առանձին-առանձին հասկանում ենք այդ մտածողության տհասությունը, սակայն որպես հավաքական ազգային ամբողջություն, չենք կարողանում դուրս գալ այդ փակուղային մտածողությունից։

Եթե մենք լավագույնն ենք, ամենաարդարը, ուրեմն ոչ թե մենք, այլ միմիայն աշխարհը պիտի փոխվի, որովհետեւ նա է «կեղտոտված»։ Ուրեմն մենք պետք է անփոփոխ պահպանենք մեր բոլոր բարքերն ու ավանդույթները, անփոփոխ պահենք մեր բոլոր գաղափարները, կազմակերպությունները, եկեղեցին։ Ինչի՞ համար փոխել կամ բարեփոխել լավագույնը, ամենաարդարը։ Այդ աշխարհը պետք է փոխվի մեր գաղափարների, կազմակերպությունների ու եկեղեցու պահանջներով։

Այսպիսով, մենք մերժեցինք բոլոր երեք ճանապարհները, չփոխեցինք աշխարհը, չփոխվեցինք համահունչ աշխարհին, չփորձեցինք «սինթեզված» ճանապարհը: Մենք գնացինք չորրորդ՝ Փոքր Մհերի ճանապարհով, մտանք ժայռի մեջ, որպեսզի չփոխվենք, եւ սպասում ենք, արդեն իսկ ո՛չ մի բանի չհավատալով: Մենք դարձանք ոչ մի բանի չհավատացող ազգ եւ չնկատեցինք, որ դա մեր ճանապարհն է։ Նույնիսկ այստեղ մենք ազգովին անկեղծ չգտնվեցինք:

Ե.  ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031