Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեհաջող վերադարձ

Հոկտեմբեր 11,1995 10:12

Երբ պետանվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը լքում էր իր բարձր դիրքը, պաշտոնական վարկածը հետեւյալն էր. ուզում է ԱԺ պատգամավոր դառնալ, սակայն ուժային կարեւորագույն ղեկավարի կարգավիճակը թույլ չի տալիս։ Բայց, նշենք նաեւ, որ հուլիսի 5-ի «հիմնական ընտրություններում» պրն Շահնազարյանը չդրեց իր թեկնածությունը։ Հավանաբար, այդ է պատճառը, որ ոչ պաշտոնական վարկածները պնդում էին, թե Շահնազարյանի հրաժարականի պատճառը նրա եւ ուժային որոշ կառույցների միջեւ ծագած հակասություններն են։

Այնուամենայնիվ, նույնիսկ ամենաընդդիմադիր մեկնաբանները չէին շտապում վերջնական դատավճիռ կայացնել պրն Շահնազարյանի ճակատագրի վերաբերյալ։ Իմանալով նրա կամակոր եւ նեղացկոտ բնավորությունը, նրա հակումը պալատական խարդավանքների համատեքստում անսովոր քայլերի հանդեպ, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ առնվազն մեկ անգամ (նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան լինելու ընթացքում) նա որոշ ժամանակ նեղացել էր նախագահից եւ անհետացել քաղաքական երկնակամարից, կարելի էր ենթադրել, որ նա հերթական անգամ կվերադառնա՝ փոքր-ինչ փոխելով իր քաղաքական իմիջը։ Հենց դա էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին. Դավիթ Շահնազարյանը մեծ առավելությամբ հաղթեց իր հակառակորդներին եւ զբաղեցրեց վերջին թափուր մնացած տեղը ԱԺ-ում:

Հասկանալի է, որ դա տեղի ունեցավ իշխող «Հանրապետություն» միավորման աջակցությամբ, որը (ճիշտ է, վերջին պահին) հայտարարեց ԱԱՊՎ նախկին պետի հանդեպ իր համակրանքի մասին։ Կարծում ենք, արվեց ամեն ինչ, որ ընտրություններն անցնեն առանց անցանկալի պատահականությունների։ Բավական է, օրինակ, նշել, որ նույն 16-րդ ընտրատարածքում քվեարկվող Էդուարդ Մադաթյանը (որը թաղում հայտնի է իր գանգուր մազերն ակնարկվող մականունով) երկու անգամ բացարձակ, մաքուր եւ, մեր կարծիքով, ազնիվ հաղթանակ տարավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ։ Սակայն հոկտեմբերի 8-ի ընտրություններում նա, մեզ անհայտ պատճառներով, հրաժարվեց ընտրարշավին մասնակցելուց։ Նմանատիպ

քայլ արեց նաեւ մեկ այլ թաղային հեղինակություն, պատգամավորության լուրջ թեկնածու, «Հայներուդ» ձեռնարկության տնօրեն Հրաչիկ Խուդոյանը։

Այսպիսով, բավականին «համեղ պատառ» մատաղ արվեց՝ հօգուտ «անառակ որդու վերադարձի»։ Բուռն գրկախառնությունները դեռեւս առջեւում են։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031