Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չուկչաները հացին բագրատ են ասում

Հոկտեմբեր 07,1995 15:23
Hrant bagratyan

Իսկ հայե՞րը

Չար, երբեմն նաեւ բարի ու բարեխառն լեզուներն ասում են, որ չուկչաները հացին բագրատ են ասում: Միանգամից ասեմ, որ սա ոչ մի կապ կամ աղերս չունի Հայաստանի վարչապետի հետ, որի ազգանունը Բագրատյան է, իսկ անունը Հրանտ։ Կարծում եմ, որ չուկչաների՝ հացին բագրատ ասելու գաղափարը էնէնէն Զորի Բալայանի հերթական սադրանքն է, ինչը նախապատրաստվել է Հայաստանի ներքաղաքական կյանքում երբեւիցե անկայուն իրավիճակ ստեղծելու նպատակով։ Ընդ որում, ամեն ինչ այնքան մանրամասն ու հանգամանալից է հաշվարկվել, որ առայժմ քողարկման վիճակում գտնվող այդ դանդաղ ներգործման ռումբը պետք է պայթի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ամենեւին էլ չի լինի։ Ինչեւիցե, քանի դեռ տեղի չի ունեցել վատթարագույնը, փորձենք կանխել դա՝ հասարակական կարծիքի վրա ներազդելով։ Թեեւ հարկ եմ համարում խոստովանել, որ այս գործում ամենադժվարը հենց հասարակական կարծիք գտնելն է։

Ուրեմն այսպես, բոլորս մեր ականջներին մեկընդմիշտ պետք է օղ անենք, որ Հրանտ Բագրատյանը Հայաստանի բոլոր ժամանակների թիվ 1 տնտեսագետն է, քանզի նրա օրոք է, որ հանրապետության տնտեսությունը հասավ հայերի պետությունը, անկախությունը եւ բարօրությունը բարգավաճման հուն տանող կայուն վիճակի։ Մարդու այս վաստակը գնահատելու փոխարեն, բոլոր կողմերից վերջերս վարչապետի դեմ խոչընդոտներ են հարուցում։ Օրինակ, որքան էր ուրախացել վարչապետը, երբ իր նախորդ կառավարության բոլոր անդամները ֆաքսով աշխատել էին սովորել։ Նա նույնիսկ դրա մասին խոսեց մամլո ասուլիսում։ Հիմա մարդը հայտնվել է ծանրագույն վիճակում, քանզի հարկավոր է նույնը նորերին եւս սովորեցնել։ Իսկ ժողովրդական իմաստնությունն ասում է՝ մինչեւ առուն ջուր գա…

Նման բաներն են, որ Հրանտ Բագրատյանին ստեպ-ստեպ տխրելու առիթ են տալիս։ Հիշում եք, նա նույնիսկ խորհրդարանում նման մի խոստովանություն արեց, որ եթե գները, հակառակ իր կանխատեսումների, աճեն, ապա ինքը կտխրի։ Թարսի պես գները աճեցին, վարչապետն էլ տխրեց, քանի որ կառավարության անդամներից մի քանիսը չէին սովորել ֆաքսով աշխատել։ Իսկ ոմանք այդ նույն ժամանակ չարախնդում էին, թե Բագրատյանը այն միակ տնտեսագետն է, որի բոլոր կանխատեսումները, որպես կանոն, հակառակ ընթացք են ունենում։ Չտեսա՞ք, թե ինչպես մարդը ԱՊՀ-ի ամբողջ տարածքում առաջինը, Չեռնոմիրդինից առաջ, իրեն վստահված տնտեսական սեկտորը հասցրեց կայունության վիճակի։

Շատ էլ որ այդ ճանապարհին ամեն ինչ չէ, որ հարթ է։ Շատ էլ որ մարդիկ ստիպված են իրենց ամբողջ աշխատավարձը միայն հացի տալ, որի իսկական գինը ոչ ոք չգիտե։ Ի դեպ, ընթերցողի անունից կառավարության մամլո ծառայությանը պետք է խնդրեմ, որ վարչապետի հետ ճշգրտի ու մարդկանց որոշակիորեն տեղեկացնի, թե հացը խանութում ինչ արժե։ Թե չէ ամեն մեկը ծախում է ուզած գնով, դրանով, կարծես թե, վերջնականապես մատնանշելով, որ պետական գին ասվածը ֆիկցիա է։ Բայց դե հո վարչապետը ամեն մի հաց վաճառողի չի վերահսկելու։ Դրանից հետո, հաստատ համոզված եղեք, հացի շուկայում, իրոք, կարգ ու կանոն կհաստատվի, կամ էլ անօրինական, մեր մեջ ասած, սեւ շուկան իսպառ կվերանա ու ամեն տեսակ հացի առեւտուր կիրականացվի միայն ըստ նշանակության հատկացված խանութներում։ Ա՛յ այն ժամանակ, իրոք, հացի գործով ամեն մի օրինախախտի հարկավոր է պատասխանատվության կանչել, այլապես մեր տնտեսական հետընթացով շահագրգիռ հետադիմական ուժերը մեկ անգամ եւս կչարախնդան, ասելով, որ եթե հացի ռեֆորմը իրեն չարդարացրեց, համաշխարհային գներ սահմանելուց հետո էլ վերադիրով, սպեկուլյացիոն առեւտուրը չվերացավ, ապա բերեք նորից վերադառնանք նախկին վիճակին՝ հացի գինը սահմանելով 6 դրամ։

Այդ դեպքում, կարծում եմ, պատկերացնում եք, թե ինչ կարող է պատահել. եթե չուկչաները հացին բագրատ են ասում, ապա հայերս… Իսկ սա, հասկանում եք, կարող է հարվածել մեր ազգային արժանապատվությանը։ Այսքանը գիտակցելուց հետո մեզ մնում է ասել միայն՝ ուրեմն առա՛ջ, անշեղորեն քայլենք դեպի տնտեսական ռեֆորմները՝ միմիայն գները բարձրացնելու ճանապարհով։ Եվ եթե նաեւ կարգախոսներ են հարկավոր, ապա միայն բագրատներին հաց ասենք, եւ ոչ մի դեպքում ընդհակառակը…

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031