Երեկ Երաժշտահանների տանը Կանանց համահայկական միությունը կազմակերպել էր իր ասուլիսը՝ նվիրված պեկինյան Կանանց միջազգային համաժողովին։ Ասուլիսը բացեց ԿՀՄ-ի համակարգիչ խորհրդի անդամ Ինեսա Գաբայանը, որը հաջորդաբար խոսք տրամադրեց իրենց պատվիրակության անդամներին։ Պեկինի համաժողովի բնույթի, կառուցվածքային յուրահատկությունների վերաբերյալ տեղեկություններ տվեց Նատալյա Մարտիրոսյանը։ Կանանց այս միջազգային շարժումն արդեն 20-ամյա պատմություն ունի, առաջին համաժողովը գումարվել է 1975-ին, ապա 80, 85 եւ 10 տարվա ընդմիջումից հետո՝ 1995-ին։ Հայ կանայք առաջին անգամ՝ իբրեւ ինքնիշխան հանրապետության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, մասնակցեցին ՄԱԿ-ի հովանու ներքո գործող այս միջոցառմանը, որի կարգախոսն է Խաղաղություն, Իրավահավասարություն, Զարգացում։ Տպավորություններն ու գաղափարները ծով էին։ Համաժողովի կազմակերպական երեք մակարդակներում էլ մեր հանրապետության կանայք ներգրավված էին. ա)պետական-կառավարական պատվիրակություն, բ)ոչ կառավարական-հասարակական կազմակերպություններ՝ Ֆորում եւ գ) «Պեկինյան ճեպընթաց»։
Ամեն ինչով հանդերձ՝ պեկինյան համաժողովը հայուհիներին կանանց համաշխարհային շարժման մեջ ընդգրկելու անդրանիկ եւ հաջողված փորձն էր. կամուրջները հաստատված են։ Իսկ կանանց շարժման հիմքում լուրջ խնդիրներ են, որոնք լայն առումով չեն վերաբերում զուտ կանանց, ինչպես փաստել էր տիկին Քլինթոնը, կնոջ իրավունքները նույն մարդու իրավունքներն են՝ փոքր-ինչ յուրահատուկ մասնավորմամբ։ Ըստ այդմ՝ ի՞նչ մտահոգություններ են տանջում բովանդակ աշխարհի կանանց. Ա)Ընկերային ծանր վիճակը. ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում աղքատությունն առավելապես կանացի դեմք ունի։ Բ)Կրթության իրավունքը. ասիական եւ մահմեդական շատ երկրներում կանայք դեռ պայքարում են գիտելիքների տեր դառնալու։ Գ)Մայրության եւ որդեծնության հետ կապված հարցեր, արհեստական վիժման իրավունքը հատկապես արեւմտյան երկրներում վաղուց արդեն անձի ազատության ցուցանիշ է։ Դ)Կնոջ մասնակցությունը պետական կառավարման բարձր օղակներում։ Առաջին եւ վերջին խնդիրները ունեն նաեւ հայկական հնչողություն, ինչպես պնդեց Ն.Մարտիրոսյանը, կառավարման ոլորտի միջին օղակներում ամենուր կանայք են, բայց վերին ատյաններում՝ միայն տղամարդիկ։ Կանայք նախապատրաստում են, մշակում, իսկ տղամարդիկ ներկայացնում՝ վայելելով փառքի դափնիները։
Ասուլիսի ընթացքում օրինաչափորեն բարձրացավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կնճիռը, արդյո՞ք 28 հայուհիները կարողացան «դիմագրավել» մոտ 100 ադրբեջանուհիներին, եւ ինչպիսի՞ն էր մարդկության լավագույն կեսի պահվածքը մեր քաղաքականացած օրերում։ Բոլոր ելույթ
ունեցողները միաձայն վկայեցին, որ ադրբեջանուհիների պահվածքը հույժ մարտաշունչ էր, ընդ որում, նրանք նախապատրաստված էին՝ լրագրողների ստվար բանակ, քարոզչական հզոր մեքենա, ցուցադրական պարագաներ։
Կարդացեք նաև
Մեր կանանց հմայել էր օտարազգի, հատկապես Աֆրիկայի եւ Օվկիանիայի կանանց եռանդը, իսկ չինուհիները՝ իրենց բարեհամբույրությամբ։ Բացի այդ՝ ջերմ գնահատականի արժանացավ մարդկության մյուս լավագույն կեսը՝ տղամարդիկ, տվյալ դեպքում չինացի: Ի. Գաբայանի հավաստմամբ, իրենց ամենուր ուղեկցում էին ժպիտները եւ կոտրտված անգլերենով հաճոյախոսությունները: Հայաստանի ֆերմերների նախագահը խանդավառ պատմեց ֆիլիպինուհիների հետ իր ծանոթության պատմությունը, իսկ վերջում բոլոր լրագրողներին հյուրասիրեց ֆիլիպինյան յուրահատուկ չորացած մրգով (համտեսումից, սակայն, պարզեցինք, որ մեր չիրն ավելի համեղ է):
Գոհար Ենոքյանն առավել գործնական՝ արտադրողի եւ կազմակերպչի ջանքերով ներկայացրեց իրավիճակը։ Իսկ զբաղվածության հիմնախնդիրը սրամիտ, բայց դառը մեկնաբանության արժանացավ, տղամարդկանց հարկադրյալ արտագաղթը՝ փող վաստակելու նպատակով, Հայաստանը դարձնում է «որբեւայրիների» հանրապետություն, որտեղ անձկությամբ սպասում են սիրելիների գալստյանը։ Ինչեւէ, մեր կանայք վերադարձել են՝ հարուստ փորձով եւ կայուն համոզմամբ. ինչ-որ բան փոխելու համար պետք է անձամբ ջանալ եւ ոչ թե հույս դնել այլոց վրա։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ