Երեկ ԱԻՄ-ի ագիտմեքենան շրջելով քաղաքում՝ կոչ էր անում մասնակցել հանրահավաքին, որի թեման է լինելու ոչ ավել, ոչ պակաս՝ այսօր Հելսինկիում սկսվող ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները։ ԱԻՄ-ը պատրաստվում է բացահայտել «Ղարաբաղին Հայաստանի կողմից դավաճանելու փաստը», քանի որ, ըստ նրա, «գոյություն ունի փաստաթուղթ, որով Հայաստանը թողել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Հենց դրա դեմ է պատրաստվում ԱԻՄ-ը բարձրացնել ժողովրդական զանգածների ըմբոստությունը, ինչը միանգամայն արդարացի է։ Սակայն ըմբոստանալուց առաջ, փորձենք պատասխանել որոշ հարցերի։
Նախ, ինչպե՞ս պատահեց, որ «Ղարաբաղը ծախելու մասին գաղտնի փաստաթուղթը» հայտնվեց ԱԻՄ-ի գրասենյակում։ Երկրորդ, ո՞վ էր գնորդը։
Երրորդ, ո՞րն է «ծախելու» գինը։
Ընդհանրապես տարիներ շարունակ բարձրացվող «ծախելու» թեման նորոգվում է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ակտիվանում են միջնորդական ջանքերը։ Եվ դա բնական է։ Սակայն դիվանագիտական հարցերը հանրահավաքներում լուծելու փորձերը փոքր-ինչ միամիտ են թվում։ Բացի այդ, պետք է նշել, որ ստեղծվել է բավականին հակասական իրավիճակ. Ադրբեջանը չի վերահսկում Ղարաբաղը արդեն յոթ տարի, սակայն, չգիտես ինչու, Բաքվում ոչ ոք չի մեղադրում ղեկավարությանը, որ նա «ծախել է Ղարաբաղը Հայաստանին»։ Իրավիճակը տրամագծորեն հակառակն է՝ նման մեղադրանքները հնչում են միայն պաշտոնական Երեւանի հասցեին։ Դա բավականին տարօրինակ է, քանի որ իրականում ԼՂՀ-ի ճակատագիրը տնօրինում է Ստեփանակերտը, որը եւ դարձել է բանակցությունների լիիարավ անդամ։
Կարդացեք նաև
Թվում է, թե «ծախելու» կարգախոսը վաղուց արդեն կորցրել է իր ինֆորմացիոն բովանդակությունը եւ դարձել է «կորչի կառավարությունը»
կարգախոսի մի յուրահատուկ տարբերակ։ Եվ դա որոշ տագնապ է ներշնչում։ Երբ սուտասանի տունը հրդեհ է ընկնում, ոչ ոք նրան չի հավատում…
Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ