Մենք ազատասեր չենք։
Մեծ ազգերի ու մեծ արշավանքների ճանապարհին մենք, իհարկե, խոչընդոտ ենք եղել, բայց, ցավոք սրտի՝ հեշտ հաղթահարելի խոչընդոտ։ Իսկ վերջին հազարամյակում ամեն մի խոշոր պատերազմի ու պարտության հետեւել է նաեւ զանգվածային արտագաղթը։ Արտագաղթողների դրոշին գրված է եղել հազար ու մի արդարացում, բայց մտքներում կրկնել են միայն մի՝ «Որտեղ՝ հաց, անտեղ՝ կաց» կարգախոսը։ Ով կարողացել է, գնացել է… Ով մնացել է, ճակատին խարան է դաջվել, թե՝ չի կարողանում, դրա համար չի գնում։ Երբեմն, Հայրենիք չէին վերադառնում նույնիսկ ռազմական օգնություն խնդրելու մեկնած առաքելությունները, ինչպես, օրինակ՝ Դավիթ Բեկի մահվանից հետո ռուսներին դիմած Ավան հարյուրապետի պատվիրակությունը։
Ընդ որում, ժողովրդի ազատասիրությունը ճանաչվում է ոչ միայն օտարի տիրապետության դեմ պայքարի արդյունավետությամբ կամ առանձին
Կարդացեք նաև
անհատների քաջությամբ, այլեւ իր պետության զորակոչերի նկատմամբ վերաբերմունքով։ Որովհետեւ քաղաքակրթության զարգացման բերումով
մարդը հայրենիքին պետք է թե՛ որպես բանող ձեռք ու մտածող ուղեղ, թե՛ նաեւ որպես կրակող մեքենա ու… թնդանոթի միս։ Մինչդեռ, ժամանակակիցների վկայությամբ, հայ գյուղացիները 1918–20թթ. զարմանում էին, որ ցարի բանակում ծառայել են, քիչ է, դեռ մի բան էլ իրենց երկրի
բանակում պետք է ծառայեն։ Չարենցը «Երկիր Նաիրի»-ում խոսքն իրենց է տալիս. «Ադե ջան, տանը՜ը՜ը՜մ են»։ Եվ, իհարկե, մենք ինքներս լավ գիտենք, թե ինչ ահռելի դժվարությամբ էր մեր օրերում համալրվում տարածաշրջանի ամենաուժեղ բանակը։
Այս ամենով հանդերձ չի կարելի ասել, թե հայերն այնքան ազատասեր չեն, որ ընդհանրապես դեմ են անկախությանը։ Կա ստվար մի զանգված, որ համաձայն է ընդունել անկախությունը, բայց՝ որոշ պայմաններով։ Դրսի հայերն ուզում են, որ որեւէ մեծ երկիր մեր սահմանները պաշտպանի, ներսիններին պետք է, որ անկախ Հայաստանը գոնե կախյալ Հայաստանի կենսամակարդակն ունենա։ Որովհետեւ «Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց» ասացվածքի հացը պատմական զարգացման արդյունքում «երկնքից կախված մի կտոր չոր հացից» վերածվել է սովետական վերջին տարիների «մի կոտոր հաց ուտելու» հացի, որի գլխավոր բաղադրությունը, հիշում եք, խորովածն էր, քյաբաբը, բաստուրման ու կանաչի-բան-մանը։ Այն մասին, որ կարելի է «կենալ» այնտեղ, որտեղ «հացը» կտրոնով է, ասացվածքում ակնարկ անգամ չկա։ Չկա՝ «չկենալու» օգտին։ Լավ է, գոնե սփյուռքահայերը կենսամակարդակի վրա չեն պնդում, թեեւ նրանք միեւնույն է, չեն գալու այստեղ ապրեն։ Ազատասիրության ընկալումը տարածվում է ոչ միայն ազգային, այլեւ մարդկային հարաբերությունների արժանապատվության, մարդու հիմնական իրավունքների վրա։ Հայաստանցիներից շատերը պատրաստ են զիջել նաեւ ժողովրդավարությունը, որը մարդու իրավունքներն ու ազատություններն ապահովող միակ քաղաքական համակարգն է՝ որոշ ազատություններ փոխանակելով գոյապայմանների բարելավման, մասնավորապես՝ բժշկական երշիկի հետ։ Բայց դա արդեն խաղ է Ազատության հետ, որովհետեւ դեռ 19-րդ դարում Լայոշ Կոշուտն էր զգուշացնում, որ ժողովրդավարությունից դուրս էլ կարող են լինել ազատություններ, բայց Ազատություն՝ ոչ»։
Հիմնավոր, թե անհիմն պատճառներով տարագրվելով՝ հայերն ամենուրեք դրսեւորել են մի արժանիք՝ աշխատասիրությունը։ Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ հայերը շինարար ժողովուրդ են։ Մայր հայրենիքում հայկական աշխատասիրության, ճարտարապետության ու շինարարության արվեստի սքանչելի կոթող է ամբողջովին սրբատաշ քաղաք Անին։ Բայց Անիից հետո մենք ավելի շատ Հայաստանից դուրս ենք քաղաքներ սարքել: Սարքել ենք Պոլիսն ու Բաքուն եւ թողել թուրքերին։ Վրացիների համար սարքել ենք Թիֆլիսը։ Եվ այսօրվա Հայաստանում մի պատմական հուշարձանից մյուսը հասնելու համար առնվազն 5-10 կիլոմետր պետք է կտրես։ Քանի որ ամեն բնակավայրում, մի եկեղեցուց բացի, հազիվ թե այլ հին շինություն գտնվի։ Չհաշված մեր բազում խաչքարերը՝ գերեզմանասիրության ու «գնա՝ մեռի, արի՝ սիրեմ»-ի հայկական ինդուստրիայի այդ պերճախոս առհավատչյաները։
Ասածս հատկապես լավ կհասկանան այն մարդիկ, ովքեր զբոսաշրջիկի աչքով նայել են, ասենք, եվրոպական հին քաղաքներին։ Մեր ամեն մի պահպանված եկեղեցուն այստեղ իր միջնադարյան տեսքով կանգուն ու դեռ բնակելի մի թաղամաս է ընկնում, ամեն մի խաչքարին՝ դղյակ, ամրոց կամ պալատ։ Այնպես որ, երբ Էրենբուրգն ասում է, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, երեւի նկատի ունի մեր երկրի չափսերը Ռուսաստանի համեմատությամբ։ Այսպիսի անմեղ պատրանքները փարատելու փորձերը կարող են դաժան համարվել, բայց՝ ոչ ավելի, քան առաջին կամավոր զբոսաշրջիկների դժգոհությունը, եթե դրան պատրաստ չլինենք։
Հայաստանցի հայերի աշխատասիրությունը որոշ չափով հետ զարգացավ սովետական իշխանության օրոք, ինչը արտասահմանյան հետազոտողները բացատրում են հետեւյալ կարգի խրթին արտադրահարաբերություններով. «Երկու տեղ ձեւակերպված եմ, մի քիչ փող եմ ստանում, մի տեղ էլ աշխատում եմ», «արի քեզ մի քանի օր արտաժամյա գրեմ», «ամսվա վերջին մի երկու օր էրեւամ, որ տաբելը լրացնեն» եւ այլն։
Մնում է, թերեւս, քննել մեր տաղանդավորության խնդիրը։ Ամենատարբեր ասպարեզներում՝ սպորտից մինչեւ նկարչություն ու երաժշտություն, աստղագիտությունից մինչեւ ռազմական արվեստ, հայազգի գործիչները հասել են համաշխարհային հռչակի։ Բայց ամբողջական ոլորտներում հայկական «մակնիշը» ձեռք չի բերել այնպիսի հաջողություններ, որ հայտնվի երեւելիների, ասենք՝ իտալական նեոռեալիստական կինոյի, ռուսական բալետի, ճապոնական էլեկտրոնային տեխնիկայի, ֆրանսիական աբսուրդի թատրոնի, բրազիլական ֆուտբոլի շարքում։ Մեզ համար համբավի աղբյուր կարող էր լինել առեւտուրը, որով հայտնի ենք եղել պատմության ընթացքում, բայց մեր այդ փառքի վրա արդեն փոշի է նստել. սովետական քրեական օրենսգիրքը, սպեկուլյացիա անվան տակ գցելով, արգելել էր ազատ առեւտուրը։ Այս հանգամանքը նկատի առնելով՝ հազիվ թե միջազգային «շուկայում» որեւէ մեկը մեզ տաղանդավոր ժողովրդի «վկայագիր» տա։ Բայց եթե միայն հեղինակավոր անձանց անունները թվարկենք, սկզբի համար կրթյալ շատ օտարազգիների կարող ենք համոզել, որ մենք ուշիմ ազգ ենք։ Եվ ընդհանրապես ամեն ինչ լավ կլինի, Արեւմուտքը հետզհետե «սրտին ավելի մոտ» կընդունի մեր եվրոպակենտրոն քաղաքակրթությունը, եթե անընդհատ չփորձենք ոտք մեկնել մեծ ժողովուրդների հետ։ Իսկ եթե շարունակենք փորձել, մի օր որեւէ ֆրանսիացի սառը քաղաքավարությամբ կհիշեցնի մեզ, որ իր մշակույթը ավելի շատ ուղղություններ է բացել համաշխարհային արվեստում, քան մենք հանրահայտ արվեստագետներ ունենք։ Եթե փորձենք վիճել, կավելացնի, որ միայն ֆրանսիական հեղափոխության ու Նապոլեոնի ժամանակաշրջանից աշխարհն ավելի շատ պատմական դեմքերի է ճանաչում, քան որոշ ազգությունների, օրինակ, ասենք՝ նանայների (1) ողջ թվակազմն է։ Թեեւ հետո անպայման վերապահում կանի, թե, անշուշտ, այնուամենայնիվ՝ ավելի քիչ, քան այլ ազգերի, ասենք՝ տարայ-նանայ-ների (2) ընդհանուր թիվն է։
Կարեւոր պատմական իրադարձությունների ու անձանց, դրական ազգային հատկանիշների այսպիսի պաշարով է, որ փորձում ենք ներկայանալ ինքներս մեզ եւ ուրիշներին։ Պաշար, որ մեզ հիմնականում ներշնչում է երկու զգացմունք՝ վրդովմունք, որ մեզ նվաճել են, կոտորել ու արհամարհել, եւ հպարտություն, որ մարդկային քաղաքականության առաջ այսպիսի վաստակ ունենք։
Երկու զգացմունքն էլ ինքնին առողջ են: Առաջինը՝ եթե մեզ մղում է աշխատանքի, աշխատանքի եւ աշխատանքի, որպեսզի ուղղենք մեր ծռված մեջքը, լավացնենք աննպաստ վիճակներս, երկրորդը՝ եթե հիմնված է մարդկային քաղաքականության ու համաշխարհային իրականության խոր իմացության վրա։ Մեզանում, ցավոք, տրամագծորեն հակառակն է արմատացած։ Այսինքն՝ հպարտանում ենք, որ մեզ կոտորել են, լծի տակ են գցել ու արհամարհել, ու վրդովվում, որ այդքան հանճարեղ ժողովուրդ ենք, բայց մեզ չեն ճանաչում, պաշտպանում ու սիրում։ Առաջինը մարտնչող խեղճություն է, երկրորդը՝ կպչուն պոռոտախոսություն։
Եվ այսպես, ուզում ենք ներկայանալ աշխարհին, տառապում ենք այդ մարմաջով, բայց մերթ խեղճ ենք, մերթ՝ պոռոտախոս, մերթ՝ խեղճ, մերթ՝ պոռոտախոս։ Իսկ վերջերս, իհարկե «Գրական թերթ»-ում (թիվ 13) ողորմելիության ու պոռոտախոսության համաձուլվածքի հանդիպեցի։ «Բայց դու ինչ անես, որ Հայրենիքդ էնքան պուճուր է ու քարքարոտ», որ գինովցած մի անկյունում միզել ես, աղե կաթիլքը հարեւան երկրներն են ցայտել, ու մեջլիսական խորհուրդն էլ աշխարհով մեկ ոռնացել է, թե մեր սահմանային տարածքներն են անընդհատ խախտում»,- գրում է Խաչիկ Մանուկյանը։
Ուրեմն, մի կողմից ունենք «պուճուր» Հայրենիք, որի «պուճուրությունը» ինքնին իր է, հարեւան երկրների հետ ոչ մի կապ չունի, մյուս կողմից այդ երկրների «մեջլիսական խորհուրդներն» այնպես են վախենում մեր «պուճուրից», որ չեն թողնում Խ. Մանուկյանը, գինովցած, նրա մի անկյունում հանգիստ միզի։
Հայ ժողովրդի պատմությունը ո՛չ բողոքի գիրք է, ո՛չ սխրագործությունների լիակատար ժողովածու։ Այն տիպիկ պատմական ասպարեզը լքող ժողովրդի պատմություն է, որին, վերջին շնչում, հաջողվել է փրկվել անէության վիհը գլորվելուց ու ոտքի կանգնել։ Այս պատմության տեր Հայրենիքը նրա զավակները պետք է սիրեն այնպես, ինչպիսին որ նա կա։
Այդ դեպքում միայն բացառված կլինեն հիասթափությունները։ Երկուստեք։
Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ծանոթագրություն
1. Նանայներ – ժողովուրդ, որը բնակվում է Ամուր գետի, Ուսուրի գետի աջակողմյան վտակների ափերին։ Ն.–երը խոսում են տունգուսմանջուրական լեզուներով։ ԽՍՀՄ-ում, կոլտնտեսություններում միավորվելով, զբաղվում էին հողագործությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ։ Ընդհ. թիվը 10,5 հազար մարդ (1979):
2. Տարայ-նանայներ – բնակվում են Կովկասի հարավում։ Ցեղակից են հայերին։ Խորհրդային տարիներին միավորվել էին ընկերական շրջապատներում։ Հիմնական զբաղմունքը՝ խորոված, նարդի, վերջին տարիներին նաեւ սաունա։ Լեզուն՝ գողականը։ Տ.-ն-երի բոլոր կանայք կրում են կլոր մարգարիտով ոսկե ականջօղեր։ Այժմ հիմնական զբաղմունքների թվում գերակշռում է նարդին։