Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան սատարն առաջնային

Հոկտեմբեր 06,1995 18:50

Ութերորդ ամիսն է՝ Զոհված ազատամարտիկների ընտանիքների միությունը գործում է իբրեւ Արդարադատության նախարարությունում գրանցված կազմակերպություն։ Որքան էլ անսպասելի է՝ ո՛չ բարեգործականի կարգավիճակով։ Երեկ մամուլի ասուլիսի հրավիրված լրագրողներին Միության նախագահ Մարսել Վարդանյանը հայտարարեց, որ իրենք «հեռուն գնացող նպատակներ ունեն», որոնք չեն սահմանափակվի հիշյալ ընտանիքներին նյութական օգնություն հատկացնելով։ Նա բազմիցս կրկնեց, որ կերակրողին կամ զավակին կորցրած ընտանիքները հանապազօրյա հացի, ինչպես նաեւ առօրեական հագուստի կարիք չունեն։ Ճիշտ է, Միությունն իր ինքնաբավ միջոցներով պետք է ջանա լրացնել նրանց կենսական պահանջները, սակայն առավելությունը տրվելու է հոգեբանական աջակցությանը, հատկապես երեխաների դաստիարակությունն ու կրթությունը կազմակերպելուն։ Մոտեցումն այս է. եթե զոհվածի երեխան այսօր մեկ տարեկան է, նա 70 տարի պետք է զգա հանրության ուշադրությունն ու սրտացավությունը։ Դրան հասնելու համար նախ պետք է օրենսդրական համապատասխան դաշտ ապահովել։ Ուստի, ամենամոտ ապագայում անհրաժեշտ է ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ, իսկ մինչ այդ հարկ է բավարարվել գործող հնարավորություններով։

Բոլոր նախաձեռնությունների կիզակետում պետք է պահել երեխաների կյանքի ուղին ճիշտ հունով տանելը։ Նրանց թիվը ճշգրիտ է՝ 1750: Այդ երեխաներին անհրաժեշտ են գրենական պիտույքներ, հագուստ, պարեն, արձակուրդային հաճույքներ եւ, իհարկե, ուշադրություն՝ ամեն օր ու ամեն առիթով։ Նրանք չպետք է թերարժեքության բարդույթներ վաստակեն, չպետք է խոտոր ճանապարհների հայտնվեն։ Նրանց կրթությունը չպետք է թերի մնա։ Այդ նպատակին կծառայի եռաստիճան վարժարանը։ Զավակների համար պակաս կարեւոր չէ նաեւ իրենց զոհված ծնողների հիշատակը հարգված տեսնելը։ Պռոշյան ավանում ծնունդ առնող հուշահամալիրը նրանց եւ եկող սերունդներին հենց այդ հնարավորությունը կընձեռի։ Տպագրության պատրաստվող մատենաշարը եւս կնպաստի հերոսների անմահությանը։

Նորաստեղծ Միությունը իր նախաքայլի օրերին պաշտպանության նախարարության հետ որոշ տարաձայնություններ է ունեցել, բայց ինչպես Մ. Վարդանյանը հայտնեց, դրանք հարթվել են։ Ազատամարտիկների շիրմաքարերի կառուցման բարդությունը նա բացատրեց տեղական իշխանությունների վերաբերմունքով։

Կառավարության թիվ 91 որոշմամբ յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է 199 հազար դրամ՝ զոհվածների գերեզմաններին տապանաքարեր տեղադրելու համար։ Այն շրջխորհուրդները, որոնք սրտացավ նախագահներ ունեն, այդ գործում չեն թերանում։ Նշվեց երկու անուն՝ Հովիկ Աբրահամյան եւ Վահան Զատիկյան։ Իսկ որտեղ գործի գլուխ են կանգնած վարչարարները, կառավարության որոշումը մնում է անկատար, ուրեմն եւ անկատար է մնում ապրողներիս պարտքը՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջեւ։

Մարսել Վարդանյանը գոհունակությամբ խոսեց ՆԳՆ-ի մասին, հատկապես ավտոտեսչության պետ Վ.Սարգսյանի մասին, որը բացառիկ հոգածություն է ցուցաբերում զոհվածների բոլոր ընտանիքների նկատմամբ։

Վերջում պրն Վարդանյանը հայտնեց, որ Արցախի երեխաների վիճակն աղետալի է, չնայած այդ մասին ընդունված չէ խոսել։ Զոհվածների ժառանգները սովորում են կիսավեր դպրոցներում, զրկված են գրենական անհրաժեշտ պիտույքներից՛ ու հագուստից։ Զարմանալի է, բայց ՀՕՄ-ի օգնությունը այս մարզում նկատելի չէ։

Ասուլիսից հետո Զոհված ազատամարտիկների ընտանիքների միության կենտրոնական խորհուրդը մի քանի լրագրողների ուղեկցությամբ մեկնեց Արցախ։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031