Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ժողովրդի պատմություն

Հոկտեմբեր 06,1995 11:12

Ռուս ժողովրդի ամենամեծ մեղքն այն է, նա միշտ անմեղ է իր աչքին։

ՅՈՒՐԻ ՆԱԳԻԲԻՆ

Ռուս ժողովրդին տարբեր ժողովուրդներ տարբեր մակդիրներով են բնութագրել։ Ամենավիրավորական որակումից՝ «խոզից», որը գերմանացիներն էին օգտագործում պատերազմի ժամանակ, մինչեւ ամենատարածվածը՝ «արջը»։ Դեռեւս Շեքսպիրի գործերում հիշատակվող այս վերջին պիտակը ցույց է տալիս, որ աշխարհն իրեն ծանոթ է համարում ռուսների բնավորությանն ու զգուշանում է նրանցից։

Հայերիս, իհարկե, այդքան լավ չգիտեն։ Չնայած մեր թափած ջանքերին։ Մինչդեռ ինչ հաճելի կլիներ եթե աշխարհը մեզ էլ իմանար ու նույն պատկերացումն ունենար մեր ազգի մասին, ինչ՝ մենք ինքներս։ Այսինքն՝ որ մենք հին, տառապած, արդար, ազատասեր, աշխատասեր ու տաղանդաշատ ժողովուրդ ենք։

Ու մեր պատմությունն Էլ համապատասխաներ այդ պատկերացմանը։

Ճիշտ է, Ռոքուել Քենթը, Սերգեյ Գորոդեցկին, Իլյա Էրենբուրգը, հայաստանյան հանգստյան տներում արձակուրդն անցկացրած բազմաթիվ խորհրդային աշխատավորներ համաձայն են եղել վերը տրված գնահատականների մի մասին կամ ամբողջին, բայց փաստ է նաեւ այն, որ հակառակ կարծիքներ էլ կան։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պատմականորեն հիմնավորել մեր ինքնագնահատականը, որովհետեւ մեր գլխի տերն ենք, բայց կա նաեւ աշխարհը ու չկա այլեւս ԽՍՀՄ-ը, որ արդարանանք, թե նախանձի հողի վրա հայկական այս կամ այն նվաճումը դուրս չի գալիս միջազգային ասպարեզ։ Այդ թվում եւ՝ պատմական նվաճումները։ Մանավանդ, որ անցյալի իրադարձությունների միջին մի ընտրանի հատկապես վերջին տասնամյակներին հայ հասարակական կարծիքի մեջ կարծես թե գոյացել է:

Ըստ այդ ընտրանիի, որն ամենից շատ է գրականության նյութ դառել, օտարներին ներկայացվել ու բաժակաճառերում հիշատակվել, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ է ՈՐՏԵՂ՝

ա) Արարատ լեռան կատարին իջել է Նոյյան տապանը (այստեղից էլ՝ նույնանուն լրատվական գործակալությունը), թեեւ Հայաստանն այդ ժամանակ չի եղել,

բ) Հայկ Նահապետը սպանել է քննությամբ չպարզված Բելին,

գ) գոյություն է ունեցել Ուրարտու պետությունը, որի անունը իրականում Արարատ է,

դ) հիմնադրվել է Երեւանը, որը Հռոմից հին է,

ե) ապրել եւ թագավորել է հայոց Տիգրան Մեծը, որը մեծ տարածքներ է նվաճել: Ընդ որում, ամեն մի հայ գիտի, թե այդ ժամանակ որտեղ էին այսօրվա հզոր ազգերը,

զ) թագավորել է հայոց Արտավազդը, որին շղթայի զարկած անցկացրել են Հռոմի փողոցներով ու անձամբ իր՝ Կլեոպատրա թագուհու առջեւով,

է) առաջին անգամ քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն,

ը) Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերենի այբուբենը (հայերենը հայերի մայրենի լեզուն է),

թ) տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որտեղ հայերը բարոյական հաղթանակ են տարել պարսիկների հանդեպ,

ժ) հայ ժողովուրդը երկար տառապել է բյուզանդացիների, պարսիկների, ապա՝ արաբների լծի տակ,

Ժա) 9-րդ դարում վերականգնվել է անկախ թագավորությունը,

Ժբ) 10-րդ դարում ստեղծագործել է Գրիգոր Նարեկացին՝ Վերածննդի իսկական սկզբնավորողը,

Ժգ) Աշոտ Երկաթը քաշվել է Սեւանա կղզին,

Ժդ) հայ ժողովուրդը երկար տառապել է թուրքերի ու պարսիկների լծի տակ,

Ժե) 18-րդ դարում Դավիթ Բեկն ապստամբել է ու մի քանի տարի անկախ պահել Սյունիքը,

Ժզ) 19-րդ դարի առաջին կեսին Ռուսաստանը տիրացել է արեւելյան նահանգներին, երկրորդ կեսին ծագել է Հայկական հարցը,

Ժէ) հայ ժողովուրդը գտնվել է թուրքերի ու ռուսների լծի տակ,

Ժը) 20-րդ դարասկզբին Ռուսահայաստանից կամավորական խմբեր են անցել Թուրքահայաստան ու այնտեղ թուրքերի սպանել, 1915–20թթ. տեղի է ունեցել դարի առաջին մեծ ցեղասպանությունը, 1918–20թթ. վերականգնվել է անկախ պետականությունը (Դրո, Անդրանիկ, Նժդեհ),

Ժթ) 1988-ին սկսվել է ազգային հզոր շարժում, 1991-ին նորից անկախություն է հռչակվել:

Սրան գումարենք այն հայ կամ մասամբ հայ նշանավոր մարդկանց, որ ազգը պարգեւել է աշխարհին:

Վերը շարադրված կետերից արդեն կարելի է ենթադրել, թե ինչ կմտածի ինքն իր մասին այս պատմության տեր ժողովուրդը, բայց ավելի հստակ եզրակացությունների հանգելու համար հարկավոր է նշել նաեւ ակնհայտ վերապահությունները, որոնք կլինեն հետեւյալ դրվագների նկատմամբ.

դ) թեեւ Երեւանը Հռոմից հին է, այստեղ աշխարհին հայտնի ոչ մի պատմական իրադարձություն չի կատարվել, բացի Գրիբոյեդովի «Խելքից պատուհասի» առաջին բեմադրությունից, բայց, ցավոք սրտի, Գրիբոյեդովն ինքը աշխարհին հայտնի չէ,

ե) թեեւ Տիգրան Մեծը մեծ տարածքներ է գրավել, բայց կյանքի վերջում դրանց զգալի մասը կորցրել է եւ Խորենացին նրան կոչում է Տիգրան Միջին,

թ) թեեւ հայերն Ավարայրի ճակատամարտում բարոյապես հաղթել են պարսիկներին, պարսիկներն իրենք այդ բանը չեն զգացել եւ իրենց պատմության դասագրքերում հաճախ չեն էլ հիշատակում սույն իրադարձությունը,

Ժբ) թեեւ հնարավոր է, որ Նարեկացին է Վերածննդի իսկական հիմնադիրը, դա էական ազդեցություն չի ունենա Վերածննդի մշակույթի վրա, քանի որ Նարեկացու ու Վերածննդի կապը միայն վերջերս է պարզվել, իսկ արվեստը, օրենքի նման, հետադարձ ուժ չունի,

Ժգ) Աշոտ Երկաթի՝ Սեւանա կղզի քաշվելու կարեւորությունն անձամբ ինձ համար անհասկանալի է, բայց պատմական նշանակալից անցքերի ցուցակում տեղ է գտել շնորհիվ այն համառության, որով հայ տղաները ռուս աղջիկներին ներկայացրել են այս դեպքը,

Ժզ, Ժէ, Ժը կետերում ներկայացված փաստերի հետեւանք հանդիսացող իրավիճակում 90 աստիճանով կրճատվել են աշխարհի հայաբնակ տարածությունները։

Սրան գումարենք այն, որ թեեւ շատ ականավոր մարդիկ ունեն հայկական ծագում, հայ թագավորներն էլ ճնշող մեծամասնությամբ ունեն պարթեւական ծագում եւ նույնիսկ Տիգրան Մեծի օրոք հայոց գահը երկրորդական էր, ի տարբերություն պարսից նախագահականի։

Հիմա պատմական առկա նյութը համեմատենք Հայաստանում ու Սփյուռքում իշխող այն պատկերացման հետ, թե մենք հին, արդար, տառապած, ազատասեր, աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդ ենք: Այն, որ մենք հին ենք, կասկածից վեր է։ Բայց Տիգրանի ու Արտավազդի օգնությամբ, այն էլ՝ ետին թվով, համաշխարհային պատմության կիզակետում հայտնվելու փորձերը դատապարտված են։ Որովհետեւ Տիգրանն ու նրա հայր Արտաշեսը իրենց գործունեության թափով մեր անցյալում բացառություն են, իսկ Արտավազդի ու Կլեոպատրայի հարաբերությունն այնքան անպատվաբեր է առաջինի համար, որ Խորենացին այդ մասին խոսելիս հայ գրավոր մշակույթում առաջին անգամ անձի նկատմամբ օգտագործում է «իրի առումը». «Անտոնիոսը… Կլեոպատրային պարգեւում է Տիգրանի որդի Արտավազդին, նաեւ ուրիշ շատ իրեր պատերազմի ավարից»։ Մեր ամբողջ պատմությունն ապացուցում է, որ մենք տիպիկ «տարածաշրջանային», «տեղական նշանակության» ժողովուրդ ենք: (Նույնպիսի մի պետություն էլ Ուրարտուն կամ Արարատն էր, որի մասին մինչեւ վերջերս ոչ ոք գաղափար չուներ, դա ոչ լավ է, ոչ էլ՝ վատ, պարզապես իրողություն է: Այս կարգին են պատկանում շատ ու շատ արժանավոր ժողովուրդներ:

Այն, որ մենք տառապած ենք, նույնպես ճիշտ է: Ճիշտ է, որ մենք բազմաչարչար ենք։ Դրա վկայությունը մեր կազմած ցուցակի ժ, ժդ, ժէ կետերն են, որոնց գործողությունը մեկուկեսից մինչեւ ութ դար է: Բայց խորը մոլորություն է, թե մեր բազմաչարչարությունից բխում է, որ մենք արդար ենք։ Այս մտայնությունը, որ տիրապետող է եղել հայ ազգային գաղափարախոսություններում, մեխանիկական հակադարձումն է այն տեսակետի, թե «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։ Այսինքն՝ եթե ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, որի համար նա պատժում է թույլին, թույլի մոտ էլ միշտ ուժեղն է մեղավոր, որ ուժեղ է… թույլից ու չի վարվում այնպես, ինչպես թույլը կուզեր։ Այս դրույթը նաեւ հակասում է մեր կողմից Տիգրան Մեծի փառաբանմանը։ Որովհետեւ, եթե նա ճիշտ է վարվել այլ ժողովուրդների նվաճելով ու կոտորելով, ուրիշ ժողովուրդներն էլ ճիշտ են վարվել մեզ նվաճելով ու կոտորելով։ Եվ եթե նույնիսկ կա աշխարհում դատարան, որը պատմականորեն թե ներկայում կարող է արդարը մեղավորից ջոկել, այդ դատարանի Անվտանգության խորհրդի մեծամասնությունը նրանք են, ովքեր ամենից ավելի շատ են կոտորել ու նվաճել։ Հակասության բանալին կարելի է գտնել հետեւյալ անեկդոտում։ Մի խեղճ հրեա խոտ բարձած սայլով գնում է գյուղամիջի նեղ ճամփով։ Դիմացից հեծանվով եկող պարոնորդին գոռում է, որ նա իր ճամփից մի կողմ քաշվի։ Երբ հրեան բացատրում է, որ շատ ավելի հեշտությամբ հեծանվորդը կարող է սայլը շրջանցել, պարոնորդին ծեծում է նրան։ Հրեան գնում է րաբբիի մոտ ու հարցնում, թե արդյո՞ք ինքը արդար չի եղել։ Րաբբին պատասխանում է.

– Բավական չէ, որ խեղճ հրեան արդար լինի, նա պետք է նաեւ խելք ունենա:

Այլաբանությունը հուշում է, որ այն դեպքում էլ, երբ մենք համընդհանուր չափանիշերով արդար ենք, դա բավական չէ, պետք է նաեւ խելք ունենալ։

Այն հանգամանքից, որ մենջ տառապած ենք, չի կարելի եզրակացնել նաեւ, որ մենք ազատասեր ենք։ Մենք ազատասեր չենք: Դա հաստատվում է պատմությամբ։ Մեր կազմած ցուցակի Ժ, Ժդ, Ժէ կետերով:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Վերջը՝ հաջորդիվ)

Լուսանկարը՝ Հակոբ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031